HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմեն Միրզոյան

Շիրակցի 13 գերիների շինծու գործով դատական հաջորդ նիստը կկայանա հուլիսի 15-ին

Բաքվի ծանր հանցագործություններով դատարանում հուլիսի 6-ին կայացել է շիրակցի 13 գերիների շինծու գործով դատական նիստը, որոնք մեղադրվում են, իբր, ահաբեկչական գործողություններ և այլ հանցագործություններ իրականացնելու մեջ։ Այդ մասին հայտնում է Trend գործակալությունը։ Մեղադրյալի աթոռին են Կարեն Արամյանը, Տիգրան Ավագյանը, Գրիգոր Գևորգյանը, Եղիշե Աստանյանը, Հովսեփ Մանուկյանը, Գևորգ Մարտիրոսյանը, Ռոբերտ Գևորգյանը, Վաղարշակ Ավետիսյանը, Վոլոդյա Հակոբյանը, Անդրանիկ Սուքիասյանը, Անդրանիկ Մանուկյանը, Գրիգոր Սաղաթելյանը և Էդուարդ Կիրակոսյանը։

Դատավոր Ֆաիք Գանիևը հայտարարել է, որ գերիներից մեկի փաստաբանը չի կարող մասնակցել դատական նիստին, այդ իսկ պատճառով այն հետաձգվել է մինչև հուլիսի 15-ը։ 

Ավելի վաղ, ադրբեջանական լրատվամիջոցները հայտնել էին, որ Պետական անվտանգության ծառայության գլխավոր քննչական վարչությունում հարուցվել էր քրեական գործ՝ 2020 թվականի դեկտեմբերի 13-ին, Խծաբերդ-Հին Թաղեր հատվածում, հայ ռազմագերիների գերեվարման կապակցությամբ, որոնք մեղադրվում էին, իբր, նոյեմբերի 9-ի միացյալ հայտարարությունից հետո ադրբեջանական վերահսկողության տակ անցած տարածքներ ներթափանցելու մեջ։ Ըստ մեղադրանքի՝ նրանք պատրաստվում էին ահաբեկչական գործողություններ իրականացնել այնտեղ։

Հիշեցնենք, որ դեռ 2020 թվականի դեկտեմբերի 16-ին Արցախի Պաշտպանության բանակը տարածել էր հաղորդագրություն, համաձայն որի՝ Հադրութի շրջանի Խծաբերդ-Հին Թաղեր հատվածում անհետ կորել էր 73 հայ զինծառայող: Ավելի վաղ, զինծառայողները հայտնվել էին շրջափակման մեջ, որոնց մի մասին հնարավոր էր եղել հանել այնտեղից։ Ավելի ուշ պարզ էր դարձել, որ շիրակցիները գերեվարվել են դեկտեմբերի 13-ին։

Լուսանկարը` APA գործակալության

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter