
Փաշինյան. «97 711 պատվաստումից չունենք ոչ մի մահվան դեպք, բայց նույնքան կորոնավիրուսի դեպքերից ունենք մինիմում 2000 մահվան դեպք»
Կառավարության հուլիսի 8-ի հերթական նիստի մեկնարկին կառավարության անդամներն անդրադարձան կորոնավիրուսի նոր դեպքերին և հիվանդացության դեմ պատվաստումների թվի աճին:
«Այսօրվա դրությամբ՝ պատվաստվել է 97 711 անձ: Երեկ ունեցել ենք 5416 պատվաստում, որը բավական լավ ցուցանիշ է, այս տեմպը պիտի պահպանենք: Եթե 2-3 շաբաթ առաջ մենք մինչև 2000 պատվաստում էինք իրականացնում, ապա արդեն իսկ նկատելի է աճի տեմպը: Պատվաստումների թվի աճը կապված է նաև առաջին պատվաստումը ստանալու հետ, ինչը խոսում է քաղաքացիների՝ պատվաստումների նկատմամբ վստահության մեծացման մասին»,- հայտնեց առողջապահության նախարարի պաշտոնակատար Անահիտ Ավանեսյանը:
Ըստ նախարարի պաշտնոկատարի՝ աշխատանքներ են տարվում պատվաստանյութերի այլ տարբերակներ Հայաստան ներկրելու համար:
«Փաստորեն, երեկ մեկ օրվա պատվաստման թվով ունեցանք ռեկորդային ցուցանիշ, ինչը կարևոր է»,- արձանագրեց վարչապետի պաշտոնակատարը, և հայտնեց, որ այս թեմայով խորհրդակցություննեի ժամանակ նպատակ էր դրվել հասնել օրական 3000 պատվաստման ցուցանիշի, բայց հիմա հատել են 5000-ը:
«Դռնփակ խորհրդակցություններից մեկի ժամանակ պարոն Ավինյանը շատ լավ միտք արտահայտեց, որ տեսեք՝ 97 711 պատվաստման դեպքից չունենք այնպիսի բարդություն, որը կարող էր դառնալ քննարկման առարկա: 97 711 պատվաստումից չունենք ոչ մի մահվան դեպք, բայց 97 711 կորոնավիրուսի դեպքերից ունենք մինիմում 2000 մահվան դեպք: Սա շատ կարևոր արձանագրում է»,- ասաց Փաշինյանը:
Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանն էլ ասաց, որ պատվաստումները պահանջված են նաև այլ երկրների քաղաքացիների կողմից, կենտրոնի պոլիկլինիկաներում և պատվաստման կենտրոններում կուտակումներ են առաջանում: Նա առաջարկեց տարեց քաղաքացիների համար արտյոնալ պայմաններ ստեղծել:
Խոսելով այդ մասին՝ Ավանեսյանը հայտնեց, որ երեկ որոշում են կայացրել, որ պոլիկլիկաներն այսուհետ կսպասարկեն միայն Հայաստանի քաղաքացիներին և կացության իրավունքով բնակվողներին, իսկ արտասահմանից ժամանած անձինք կարող են պատվաստվել շարժական կետերում:
Մեկնաբանել