HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Տրդատ Մուշեղյան

Զախարովա․ «Հայ-ադրբեջանական սահմանային իրավիճակը ուղղակիորեն կապված չէ ղարաբաղյան կարգավորմանը»

Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարարության (ՌԴ ԱԳՆ) պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան վերահաստատել է, որ Ռուսաստանը պատրաստ է խորհրդատվական օգնություն ցուցաբերել Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման և սահմանագծման աշխատանքների մեկնարկի համար։ Այս մասին Զախարովան ասել է հուլիսի 9-ին կայացած ճեպազրույցին։

«Մենք մի քանի անգամ ընդգծել ենք, որ որպես այս խնդրի կայուն և երկարաժամկետ լուծում՝ տեսնում ենք Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման և այնուհետև սահմանագծման աշխատանքների հնարավորինս արագ մեկնարկի մեջ։ Մենք պատրաստ ենք ցուցաբերել անհրաժեշտ խորհրդատվական օգնությունը, և այս պահի դրությամբ շարունակվում են շփումները արտաքին քաղաքական և պաշտպանական գերատեսչությունների միջև, ինչպես նաև սահմանապահ ծառայությունների, այդ թվում՝ լարվածության թուլացման նպատակով»,- ասաց ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչը։

Մարիա Զախարովայի խոսքով՝ Ռուսաստանի Դաշնությունը գտնում է, որ հայ-ադրբեջանական սահմանային լարվածությունը կապված չէ Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորմանը․

«Մենք գտնում ենք, որ իրավիճակը հայ-ադրբեջանական սահմանի առանձին հատվածներում ուղղակիորեն կապված չէ Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորմանը և հետևանք է սահմանների միջազգային իրավական ձևակերպման բացակայությանը։ Ընդհանուր պատկերը, անկասկած, վատթարացնում է կողմերի միջև փոխվստահության պակասը, դա իսկապես այդպես է»,- ասել է Մարիա Զախարովան։

Հիշեցնենք, որ Ադրբեջանի զինված ուժերի ստորաբաժանումները մայիսի 12-13-ից Սյունիքի և Գեղարքունիքի մարզերում հատել են Հայաստանի Հանրապետության պետական սահմանն ու ներխուժել ՀՀ սուվերեն տարածք և մինչև օրս գտնվում են այնտեղ։ Այժմ Ռուսաստանի միջնորդությմաբ բանակցություններ են ընթանում, որի առարկան Հայաստանի և Ադրբեջանի զինված ուժերի հետ քաշումն է սահմանային հատվածից, որից հետո այդտեղ կտեղակայվեն ռուսական խաղաղապահ ուժեր։ Դրան կհաջորդի Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման և սահմանագծման աշխատանքները։

Լուսանկարը՝ ՌԴ ԱԳՆ մամուլի ծառայության

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter