
Թալիբները հայտարարել են Աֆղանստանի տարածքի մեծ մասի վերահսկողության մասին
Աֆղանստանի տարածքի մեծ մասը, բացի Քաբուլից ու հարակից մի քանի գավառներից, վերահսկվում է «Թալիբան» շարժման կողմից։ Այդ մասին հայտարարել է Դոհայում շարժման քաղաքական գրասենյակի ներկայացուցիչ Աբդուլլահիբ Մանսուրը։
«Փաստացի ստեղծվել է այնպիսի իրավիճակ, որ պրովինցիաների միայն վարչական կենտրոններն են վերահսկվում պաշտոնական Քաբուլի կողմից։ Մյուս բոլոր բնակավայրերը և գավառները, որոնք մտնում են այս կամ այն պրովինցիայի կազմի մեջ, մեր վերահսկողության տակ են»,- նշել է Մանսուրը՝ Մոսկվայում կայացած մամուլի ասուլիսի ժամանակ։
Նա հավելել է, որ ներկայումս 400 գավառներից մոտ 250-ը թալիբների վերահսկողության տակ է։ Ընդորում, այսօր ավելի վաղ շարժման մեկ այլ ներկայացուցիչ էլ Մոսկվայում հայտարարել էր, որ իրենց վերահսկողության տակ գտնվում է 174 գավառ։
Հիշեցնենք, որ «Թալիբան» շարժումը ներկայումս շարունակում է իր հարձակումները Աֆղանստանում, ինչն սկսվել է այդ երկրից ՆԱՏՕ-ի զորքերի դուրսբերման հետ զուգընթաց։ Զորքերի ամբողջական դուրսբերումը նախատեսվում է ավարտել 2021 թվականի աշնան սկզբին։ Արդեն հիմա երկրի տարածքի մի մասը գտնվում է ծայրահեղական խմբավորման վերահսկողությամբ ներքո, իսկ կառավարական ուժերի անդամները փախչում են Ուզբեկստան և Տաջիկստան։ Ներկայումս «Թալիբան» շարժման պատվիրակությունը երկօրյա այցով գտնվում է Մոսկվայում։ Նրանք խոստացել են, որ հակամարտությունը չի տեղափոխվի Կենտրոնական Ասիայի երկրների տարածք։
Լուսանկարը՝ Allauddin Khan/AP
Մեկնաբանել