
Փաստաբան․ «Ինչո՞ւ ԿԸՀ-ն նիստն այնպես չի նշանակել, որպեսզի ողջամիտ ժամկետում կարողանա ծանուցել Մխիթար Զաքարյանին»
Փաստաբան Երեմ Սարգսյանն իր ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել, որով նա տեղեկացնում է, որ այսօրվա՝ հուլիսի 10-ի Կենտրոնական ընտրական հանձնաժողովի (ԿԸՀ) արտահերթ նիստի մասին Մեղրիի նախկին համայնքապետ Մխիթար Զաքարյանը ողջամիտ ժամկետում ծանուցում չի ստացել։ ԿԸՀ նիստում քննարկվելու է Մխիթար Զաքարյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու և ազատությունից զրկելու հարցում համաձայնություն ստանալու դատախազության միջնորդությունը։
Փաստաբան Երեմ Սարգսյանի գրառումն ամբողջությամբ ներկայացնում ենք ստորև․
«Ժամը 17։15-ին Ագարակի ոստիկանությունը Մեղրի համայնքի նախկին ղեկավար Մխիթար Զաքարյանին Ագարակում ծանուցում է հանձնել այն մասին, որ ժամը 20։00-ին Երևան քաղաքում տեղի է ունենալու Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նիստը, որում պետք է քննարկի նրա նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու և ազատությունից զրկելու հարցում համաձայնություն ստանալու միջնորդությունը։
Ագարակից Երևան գալու համար անհրաժեշտ է 6-7 ժամ ժամանակ, սակայն ընդամենը 3 ժամ 45 րոպե առաջ են հայտնել նիստի տեղի և ժամանակի մասին։ Վստահ եմ՝ շատ են ուզում, որ Մխիթար Զաքարյանը և նրա պաշտպանը ներկա լինեն այդ նիստին և նեկայացնեն իրենց պարզաբանումները։
Մութ հարցեր են, թե ինչո՞ւ է ԿԸՀ-ն շաբաթ օրով որոշել, որ պետք է հրատապ նիստ անի, այն էլ ժամը 20։00-ին, ինչո՞ւ ԿԸՀ-ն նիստն այնպես չի նշանակել, որպեսզի ողջամիտ ժամկետում կարողանա ծանուցել Մխիթար Զաքարյանին, ինչու է ԿԸՀ քննիչին խնդրել, որ ծանուցի, իսկ վերջինս էլ Ագարակի ոստիկաններին է հանձնարարել ծանուցման հանձնումը։
Էս ամենի ինչի մեջ օրինականության գոնե փոքրիկ մասնիկ կա՞ այ «պետական իրավասու մարմիններ», թե՞ կարևորը հանձնարարությունը հրատապ կատարելն է։
Իսկ, թե այս հրատապությունն ինչում է կայանում, թե ինչու է այս պրոցեսը այսպես կազմակերպվում, կասեմ վաղը»։
Նշենք, որ Երևանի ընդհանուր իրավասության դատարանը նախկին համայնքապետի ձերբակալման որոշումը ճանաչել էր ոչ իրավաչափ, և նրան ազատ էին արձակել։
Հիշեցնենք, որ Զաքարյանը ձերբակալվել էր Քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 3-րդ մասի 1, 2 և 5-րդ կետերով՝ խուլիգանությունը, որը կատարվել է մի խումբ անձանց կամ կազմակերպված խմբի կողմից, զուգորդվել է իշխանության ներկայացուցչին կամ հասարակական կարգի պահպանության պարտականություն իրականացնող կամ հասարարակական կարգի խախտումը խափանող անձին դիմադրություն ցույց տալով և բացառիկ ցինիզմով։
Մեկնաբանել