HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմեն Միրզոյան

Թուրքմենստանի ԱԳՆ-ն հերքում է Աֆղանստանի սահմանին ռազմական տեխնիկայի կուտակման լուրերը

Որոշ լրատվամիջոցներում տարածված լուրերը, թե Թուրքմենստանը Աֆղանստանի հետ սահմանին ռազմական տեխնիկա է կուտակում, չի համապատասխանում իրականությանը։ Այդ մասին նշվում է Թուրքմենստանի արտաքին գործերի նախարարության հուլիսի 11-ին տարածած հաղորդագրության մեջ։

«Վերջին օրերին ռուսական մի շարք լրատվամիջոցներ տարածում են չճշտված և ոչ օբյեկտիվ տեղեկատվություն՝ թուրքմեն-աֆղանական սահմանին առկա իրավիճակի վերաբերյալ… Տարածվել է իրականությանը չհամապատասխանող տեղեկատվություն, իբր, Աֆղանստանի հետ սահմանին Թուրքմենստանի կողմից ռազմական տեխնիկայի և հրետանու տեղակայման մասին»,- նշվում է հաղորդագրության մեջ։ 

Թուրքմենստանի արտաքին քաղաքական գերատեսչությունը նշում է, որ այդ երկրի ու Աֆղանստանի ժողովուրդների միջև հարաբերությունները եղբայրական են, իսկ երկու երկրների սահմանը «ընկերության և համագործակցության սահմանն է»։ Հաղորդագրության մեջ նաև նշվում է, որ Թուրքմենստանի պաշտպանության նախարարության ենթակայության տակ գտնվող զորամասերը, դրանց անձնակազմն ու ռազմական տեխնիկան մնում են մշտական տեղակայման վայրերում և շարունակում իրականացնել պլանային ուսումնական պատրաստությունը, համաձայն մարտական պատրաստության ծրագրի։ 

Հիշեցնենք, որ հուլիսի 9-ին turkmen.news-ը գրել էր, որ Թուրքմենստանը Աֆղանստանի հետ սահմանին գտնվող Սերհեթաբադ քաղաքում տեղակայել է ռազմական ծանր տեխնիկա. տանկեր, հրետանի և զրահափոխադրիչներ։ Հուլիսի 8-ի լույս 9-ի գիշերը հարևան Աֆղանստանից լսվել էր երկու ուժեղ պայթյուն։ Կրակոցի ձայներ ու պայթյուններ լսել են նաև սահմանային Պոլտավկա գյուղի բնակիչները։ Ավելի վաղ, նույն պարբերականի աղբյուրները հայտնել էին, որ թուրքմեն սպաները, որոնք ծառայում են Աֆղանստանի սահմանի մոտ, սկսել են տարհանել իրենց ընտանիքներին։ «Կանանց և երեխաներին տուն են ուղարկում, բարեկամների մոտ։ Հիմա վտանգավոր է»,- նշել էր աղբյուրը։

Աֆղանստանում ռազմաքաղաքական իրավիճակը լարվել է ՆԱՏՕ-ի զորքերի դուրսբերումից հետո։ Աֆղանստանի զինված ուժերի նորանշանակ հրամանատար Վալի Մոհամադ Ահմադզայը, որը նշանակվել է նախագահ Աշրաֆ Գանիի կողմից, հայտարարել է, որ բանակի առաջնահերթությունը համարվում է թալիբներից երկրի պաշտպանությունը։ «Թալիբան» շարժումը շարունակում է իր հարձակումները Աֆղանստանում։ Վերջինս հայտարարել է, որ իր վերահսկողության տակ է երկրի տարածքի մեծ մասը։

Լուսանկարում՝ Աշխաբադը, ТАСС գործակալություն

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter