HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սղնախի ու ևս 3 գյուղի տեղահանված բնակիչների համար Արցախում նոր գյուղ է կառուցվում (տեսանյութ)

Արցախի Ասկերանի շրջանի Աստղաշեն գյուղի հարևանությամբ ամբողջությամբ նոր գյուղ է կառուցվում։ Շինարարության ավարտից հետո այդտեղ հիմնականում բնակություն կհաստատեն պատերազմի հետևանքով Ադրբեջանի վերահսկողության տակ անցած Սղնախ գյուղի բնակիչները։ Կառուցվող գյուղում տներ կհատկացվեն նաև Սղնախի հարևանությամբ գտնվող Ջրաղացներ, Մադաթաշեն և Մոշխմհատ գյուղերի՝ տները կորցրած գյուղացիներին։

Կառուցվող գյուղի տեղանքի ընտրությունը պայմանավորված է եղել Սղնախ գյուղի բնության նմանությամբ։ Տեղանքի հարևանությամբ անտառներ են։

Սղնախ համայնքի ղեկավար Եղիշե Ղահրամանյանի խոսքով, կառուցապատումն իրականացվում է իրենց համագյուղացուն՝ Արման Հակոբջանյանին պատկանող «Կապավոր» ընկերության կողմից, ընկերության միջոցներով։ Շինարարական աշխատանքներին մասնակցում են նաև Սղնախ և Ջրաղացներ գյուղերի տղամարդիկ։

Նոր հիմնադրվող գյուղի տարածքում 210 բնակարան կառուցելու հնարավորություն կա։ Նախագծվել է արդեն 169 տուն, դրանց կառուցապատումն ընթանում է։ Կառուցվող տները լինելու են 2, 3, 4 և 5 սենյականոց, լինելու են նաև բլոկացված տներ (բաղկացած 2 բնակարանից)։ Յուրաքանչյուր տուն կունենա 1500 քմ տնամերձ հողակտոր։

Գյուղի երկու կողմում այգիներ կհիմնվեն, որպեսզի բնակավայրը պաշտպանեն փոշիներից։ Կկառուցվի համայնքային կենտրոն, բուժկետ, ոստիկանության համար գրասենյակ։ Գյուղը մանկապարտեզ և դպրոց չի ունենա։ Կօգտվեն հարևանությամբ գտնվող Աստղաշեն գյուղի դպրոցից և մանկապարտեզից։ Գյուղում նաև ջերմոց կկառուցվի, որը, ամենայն հավանականությամբ, կոոպերատիվի ձևով կծառայի գյուղացիներին։

Շինարարությունը նախատեսվում է ավարտել 2022 թ.–ին։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter