HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Վայքգոլդ»-ը Ազատեկի ոսկու հանքավայրի ստորգետնյա մշակման նախագիծ է ներկայացրել

«Վայքգոլդ» ՍՊԸ-ն Վայոց Ձորի մարզի Ազատեկի ոսկի-բազմամետաղային հանքավայրի ստորգետնյա մշակման նախագիծ է ներկայացրել Շրջակա միջավայրի նախարարություն։

Նախկինում շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման փորձաքննության ներկայացված հանքավայրի շահագործման նախագծերը նախատեսել էին, որ երկու հանքային տեղամասերը շահագործվելու էին բաց մշակման համակարգում։ Հիշեցնենք, որ բաց հանքավայրի շահագործման համար ընկերությունը 2006թ․-ին էր ստացել բնապահպանական փորձաքննության դրական եզրակացություն։

Ներկայիս նախագիծը ենթադրում է շահագործման մեթոդի փոփոխություն՝ բաց մշակման համակարգից անցում ստորգետնյա մշակման համակարգի։

«Այս նախագծով նախատեսված են որոշակի բարելավման միջոցառումներ, որոնք դրական կազդեն հանքի շահագործման արդյունքում շրջակա միջավայրի վրա հավանական ազդեցությունների կառավարման տեսանկյունից»,- այսպես են բնութագրել հեղինակները նոր նախագիծը։

Ընկերությունը չի նախատեսել իրականացնել որևէ գործողություն՝ ընդերքօգտագործում կամ արդյունահանում Վայք քաղաքում։ Ըստ նախագծային պլանների՝ ընդերքօգտագործում իրականացվելու է Ազատեկ և Զառիթափ համայնքներում։

Հատկանշականն այն է, որ տարածքի հիմնական ջրահոսք Արփա գետը ընկնում է հանքավայրի մեջտեղում, և Ազատեկի հանքավայրը պայմանական 2 մասի է բաժանում: Թե ինչպիսի ազդեցություն կունենա հանքավայրի ստորգետնյա շահագործումն այս գետի վրա, մանրամասներ չկան նախագծում։ Միայն նշվում է, որ վնասակար բաղադրիչներից սպասվում է ցինկի մեծության աճ մինչև 0.04 մգ/լ-ի, ինչը չի կարող որևէ ազդեցություն ունենալ Արփա գետի էկոլոգիական իրավիճակի վրա:

ՇՄԱԳ նախագծում նշվում է, որ հանքաքարի տարբեր տարատեսակների վերամշակման առումով հարստացման ցիկլից միանշանակ պետք է բացառել ցիանավորման գործընթացը, քանի որ հանքաքարի կամ գրավիատացիայի կամ ֆլոտացիայի պոչանքների ցիանավորումը չեն ապահովում շոշափելի արդյունքներ:

Ազատեկի ոսկի-բազմամետաղային հանքավայրի հանքաքարերի համար առավել ընդունելի է կոլեկտիվ ֆլոտացիայի սխեման, որի դեպքում կարելի է ապահովել ինչպես հիմնական, այնպես էլ ուղեկից բաղադրիչների բարձր կորզում: «Հանքավայրի հանքաքարերում «ազատ» ոսկու շոշափելի քանակների առկայությունը պահանջում է հարստացման գործընթացում պարտադիր ընդգրկել նաև գրավիտացիայի եղանակով հանքաքարերի հարստացման նախնական փուլը, որի դեպքում ապահովվում է ըստ ոսկու կոնդիցիոն գրավիախտանյութի ստացման հնարավորությունը և «ազատ» ոսկու՝ գործնականում ամբողջովին կորզումը»,- նշել են նախագծի հեղինակները։

Այդպիսով, միներալաբանական և տեխնոլոգիական հետազոտությունների արդյունքների ամփոփումը վկայել է գրավիտացիա+ֆլոտացիա սխեմայի առավելությունը՝ Ազատեկի ոսկի-բազմամետաղային հանքաքարերի վերամշակման համար։

Հիշեցնենք, որ Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի հրամանով, 2019թ. դեկտեմբերի 19-ին  դադարեցվել էր «Վայքգոլդ» ՍՊԸ-ի` Ազատեկի ոսկի-բազմամետաղների հանքավայրի ընդերքօգտագործման իրավունքը: Այդ հրամանը «Վայքգոլդ» ՍՊԸ-ն վիճարկում է դատարանում։ Վարչական դատարանում դեռևս ընթանում է այս գործով դատաքննություն։

Դրանից բացի, այս նույն հանքավայրի արդյունահանման համար դիմել է նաև «Վայկ ինվեստ» ՍՊԸ-ն և արդեն ստացել բնակիչների համաձայնությունը։

ԲՆ նախկին նախարար Վարդան Այվազյանի հիմնադրած «Վայքգոլդ» ՍՊԸ-ում իրական սեփականատերերի որոշակի փոփոխություններ են տեղի ունեցել։ Համաձայն ներկայացված հայտարարագրի՝ այստեղ 20 % բաժնեմաս ունի Նորայր Զոհրաբյանը, 20 %` Սինգապուրի քաղաքացի Վիլֆրեդ Կոհը, 10 %` Չինաստանի քաղաքացի Ջինյուան Վանգը, 10 %` Սինգապուրի քաղաքացի Չեկ Տոնգ Սիմը, 11 %` Մեծ Բրիտանիայի քաղաքացի Մայքլ Մգալը։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter