HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Վեճ, մանիպուլյացիաներ, սուտ տեղեկություններ և նոր բացահայտումներ` Ազատեկի հանքավայրի հանրային լսումներին

Այսօր Վայոց ձորի Ազատեկ համայնքում ընթանում են հանրային լսումներ՝ Ազատեկի ոսկի-բազմամետաղների հնարավոր շահագործման վերաբերյալ։ Նախաձեռնողը «Վայկ ինվեստ ՍՊԸ-ն էր։

«Ի՞նչ եք տալու գյուղացուն, որ մեր ոսկին տանում եք»,- հարցրեց գյուղացիներից մեկը։

«Աշխատանք»,- պատասխանեց ընկերության ներկայացուցիչ, երկրաբան Վահե Մալխասյանը։

Նա խոստացավ 250-300 աշխատատեղ ապահովել հանքի շահագործմամբ։

Պայթեցումներ լինելու են, թե ոչ՝ հարցադրմանը ընկերության ներկայացուցիչը հստակ պատասխան չուներ․ դեռ չի որոշվել եղանակը, որով աշխատելու է «Վայկ ինվեստը», գուցե նոր ու ժամանակակից այլ եղանակով հանքանյութն արդյունահանվի։ Բայց այն հաստատ բաց եղանակով չի աշխատելու։ Հանքաքարը տեղափոխվելու է ոսկու կորզման գործարան։ Օգտագործվելու է գրավիտացիա և ֆլոտացիա, չոր պոչեր են լինելու։

Տեղանքում ուրանի և ռադիացիայի առկայության վերաբերյալ հարցի պատասխանը նույնպես փարատիչ չէր։ Երկրաբանն ասաց, որ այդ հարցը մի քանի անգամ բարձրացվել է, ռադիոակտիվ չափագրումներ են կատարվել տարածքում համապատասխան պետական գերատեսչությունների մասնագետների կողմից, և պարզվել է, որ այդտեղ ռադիացիան ավելի ցածր է, քան Երևանում։

«Հիմա է ցածր, բա հետո՞»,- եղավ բնակիչների արձագանքը։

Վայքի բնակիչ, հանրային խորհրդի անդամ Ռուզան Ղազարյանը կասկած հայտնեց ընկերության սեփականատերերի վերաբերյալ և հարց ուղղեց, թե ով է ընկերության սեփականատերը։ Երկրաբանը նոր բացահայտումներ արեց։ Ասաց, որ երեկ փոխվել են ընկերության մասնակիցները, և «Վայկ ինվեստ» ՍՊԸ-ի այժմյան միակ բաժնետերը հայկական «Էմ Ջի մայնինգ» կազմակերպությունն է։ Այստեղ հարկ է նշել, որ ԱՆ իրավաբանական անձանց պետական ռեգիստրում այս պահի դրությամբ բաժնետերերի փոփոխության մասին նշում չկա։

Ավելին, «Էմ Ջի մայնինգ» անունով ընկերություն նույնպես գրանցված չէ։

«Ամբողջ ինվեստիցիան հայկական կամպանիա է անում, բացառապես բոլորը հայեր են։ Մյուս լսումներին ներդրողներն անձամբ կներկայանան»,- խոստացավ ներկայացուցիչը։

Ներկաներին հետաքրքրում էր նաև գումարները, որոնցով պետք է աշխատի ընկերությունը։

«Վայկ ինվեստի» ներկայացուցիչը նշեց, որ հաջորդ քննարկմանը բանկային երաշխավորագիր կբերի։ Հանրային խորհրդի անդամի տարակուսանքին, թե՝ այսինքն ընկերությունը գումար չունի և պիտի վարկային միջոցներ ներգրավի, երկրաբանը պատասխանեց․ «Ունենք բանկային երաշխիք, դա իրենից ենթադրում է, որ ունենք բավականաչափ գումար, որ այդ գործողություններն իրականացնենք»։

Հանրային քննարկումները թեժացան, երբ ելույթ ունեցավ Ազատեկի հանքավայրի ընդերքօգտագործման իրավունքը նախկինում տիրապետող «Վայքգոլդ» ՍՊԸ-ի ներկայացուցիչ Սամվել Զաքարյանը։ Վերջինս հայտարարեց, որ դեռևս Ազատեկի լիցենզիան իրենցն է։ Ճիշտ է, նախարարությունը դադարեցրել է իրենց ընդերքօգտագործման իրավունքը, սակայն իրենք դիմել են դատարան՝ բողոքարկելու նախարարության այդ որոշումը։ Վերջինս նշեց, որ քանի դեռ լիցենզիան «Վայքգոլդ» ՍՊԸ-ին է, իրենց շահերն այստեղ ոտնահարվում են։

Ավելին, նա նաև որոշ բացահայտումներ արեց։ Պարզվում է, որ «Վայկ ինվեստ»-ի ներկայացուցիչ երկրաբան Վահե Մալխասյանն աշխատել է «Վայքգոլդում» որպես գլխավոր երկրաբան։

Մալխասյանը միջամտեց և հայտարարեց, որ, իսկապես, աշխատել է այնտեղ, նաև համատեղ աշխատել է Սոթքի, Արմանիսի, Շամլուղի հանքավայրերում, նաև Աֆրիկայում և Եվրոպայում։

«Ինքն օգտագործում է էն փաստաթղթերը, որոնցով «Վայքգոլդում» հնարավորություն է ունեցել աշխատելու»,- նշեց «Վայքգոլդի» ներկայացուցիչը։

Հանրային քննարկումներն Ազատեկում շարունակվում են։ Բնակիչները ստորագրում են և իրենց անվան դիմաց գրում՝ համաձայն են կամ համաձայն չեն։ Արդյունքների մասին կհայտնենք ավելի ուշ։  

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter