HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Տրդատ Մուշեղյան

Տիգրան Մուկուչյան․ «ԿԸՀ որոշումն անվավեր ճանաչելու հիմքեր չհաստատվեցին և չամրագրվեցին»

Կենտրոնական ընտրական հանձնաժողովի (ԿԸՀ) նախագահ Տիգրան Մուկուչյանի կարծիքով՝ ընտրական գործընթացին մասնակցող հարյուր հազարավոր մարդկանց միջև, այդ թվում՝ դիտորդների, վստահված անձանց, թեկնածուների, ընտրողների, որոնք ունեն տարբեր քաղաքական հակադիր շահեր, հնարավոր չէ պատկերացնել Ընտրական օրենսգրքի պահանջների անթերի կատարում։ Այս մասին Մուկուչյանն ասաց Սահմանադրական դատարանում (ՍԴ) ընթացող նիստին՝ իր եզրափակիչ ելույթի ժամանակ։

ԿԸՀ նախագահը, նշվածով պայմանավորված, բնական է համարում ընտրական գործընթացների ժամանակ խախտումների և իրավախախտումների առկայությունը, սակայն այստեղ, ըստ Մուկուչյանի, կարևորը՝ այդ խախտումները արձանագրելն ու համապատասխան իրավական գնահատական տալն է, ինչպես նաև մեղավորներին գտնելն ու պատասխանատվության ենթարկելը։

Հիշեցնենք, որ արդեն 6-րդ օրն է՝ բարձր դատարանը քննում է արտահերթ խորհրդարանական ընտրությունների արդյունքների վիճարկման վերաբերյալ «Հայաստան», «Պատիվ ունեմ» դաշինքների, «Զարթոնք» և «Հայոց հայրենիք» կուսակցությունների դիմումները։ Կենտրոնական ընտրական հանձնաժողովը հանդիսանում է պատասխանող կողմ։

Տիգրան Մուկուչյանը վստահեցնում է, որ ԿԸՀ-ն ընտրական ամբողջ գործընթացի ժամանակ իր լիազորությունների շրջանակում հետևողական է եղել բարձրացված խնդիրների լուծմանը, և դրա վկայությունը սեփական նախաձեռնությամբ իրականացված վարույթներն են, վերահաշվարկը և օպերատիվ արձագանքը։

Իր եզրափակիչ ելույթում ԿԸՀ նախագահն անդրադարձավ նաև, այսպես կոչված, ուռճացված ընտրացուցակներին։

«Ընտրական ցուցակները, գուցե, կազմման մեթոդաբանության առումով ընդունելի չեն, բայց պետք է նկատի ունենալ, որ դա երբևէ չի կարելի փոխարինել ուռճացված եզրույթով։ Ընտրողների ցուցակներում ընդգրկվում են բոլոր այն քաղաքացիները, որոնք ունեն համապատասխան տարիք և հաշվառում Հայաստանի Հանրապետությունում։ ՀՀ-ում բնակվել-չբնակվելու հանգամանքը ուղղակի չի մտնում այդ մեթոդաբանության մեջ, և հենց այդ մեթոդաբանությամբ է որ կազմվում են ցուցակները,- ասաց Մուկուչյանը՝ հավելելով, որ դատաքննության ընթացքում չի ներկայացվել որևէ փաստ այն մասին, թե ցուցակներում կան 18 տարին չլրացած անձինք, ՀՀ քաղաքացի չհանդիսացող անձինք, որոնք ներառվել են ընտրողների ցուցակում։

Եզրափակելով ելույթը՝ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահը նշեց, որ ԿԸՀ-ն ամբողջ ընթացքում իր գործառույթները կազմակերպելիս առաջնորդվել է բացառապես Ընտրական օրենսգրքի պահանջներով, հետևաբար, ըստ Մուկուչյանի՝ տարաբույթ որակումներն ու գնահատականները բացառապես քաղաքական մոտեցումներ են։

Ընտրությունների արդյունքների վերաբերյալ ԿԸՀ որոշումը, Մուկուչյանի համոզմամբ, համապատասխանում է Ընտրական օրենսգրքի պահանջներին և նշված որոշումն անվավեր ճանաչելու հիմքեր չհաստատվեցին և չամրագրվեցին, ուստի Մուկուչյանը խնդրեց Սահմանադրական դատարանից՝ ԿԸՀ որոշումը թողնել ուժի մեջ։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter