
ՍԴ-ն ավարտեց ընտրությունների արդյունքների բողոքարկման դատավարությունը՝ հեռանալով խորհրդակցական սենյակ
«Դիմումատուների փաստարկների մի խումբը ընդհանրապես դուրս էր բարձր դատարանի լիազորությունների շրջանակից»,- այս մասին Սահմանադական դատարանում իր եզրափակիչ ելույթում ասաց երրորդ անձի ներկայացուցիչ Ռուստամ Բադասյանը:
«Ինչ վերաբերում է երկրորդ խումբ փաստարկներին, երբ լսեցինք պատասխանողներին, հարակից պատասխանողներին, ինձ մոտ տպավորություն ստեղծվեց, որ բովանդակային առումով՝ դատավարությունն ավարտվեց»,-ասաց նա:
Ըստ Բադասյանի՝ դիմումատուները փորձում էին տպավորություն ստեղծել, որ բացառիկ ծավալի դատավարություն էր սպասվում, սակայն, ըստ իրեն, բացառիկ էին դիմումների տողերն ու էջերը, բայց՝ ոչ բովանդակային առումով: Բադասյանի համոզմամբ՝ դիմող կողմի փաստարկներն այնքան հեշտությամբ հերքվեցին, որ անկողմնակալ դիտորդի մոտ որևէ կասկած չէր կարղ մնալ:
Բադասյանն անդրադարձավ «Հայաստան» դաշինքի ներկայացուցիչ Արամ Վարդևանյանի այն պնդմանը, թե երեք տարի է Հայաստանում բոլոր որոշումները կայացնում է մեկ քաղաքական ուժ:
«Այդ մեկ ուժի անունը ժողովուրդ է, ժողովուրդն իր կամքն է արտահայտել, կատարել է ընտրություն: ՀՀ-ն ունի ժողովրդավարական ապագա»,-եզրափակեց նա:
Ռուստամ Բադասյանի ելույթից հետո ՍԴ նախագահ Արման Դիլանյանն ասաց, որ կողմերի եզրափակիչ ելույթներից հետո, ՍԴ օրենքի համաձայն, բարձր դատարանն ավարտում է գործի քննությունը և հեռանում խորհրդակցական սենյակ՝ որոշում կայացնելու:
Հիշեցնենք, որ հուլիս 9-ից ՍԴ-ն քննում էր «Հայաստան», «Պատիվ ունեմ» դաշինքների և «Զարթոնք», «Հայոց հայրենիք» կուսակցությունների` արտահերթ խորհրդարանական ընտրությունների արդյունքները վիճարկելու դիմումները:
«Հայաստան» դաշինքը բարձր դատարանից պահանջում է անվավեր ճանաչել ընտրությունների արդյունքները, կամ` անվավեր ճանաչել արդյունքներն ու սահմանել մանդատների բաշխման կարգ կամ նշանակել ընտրությունների երկրորդ փուլ:
«Զարթոնք» և «Հայոց հայրենիք» կուսակցությունները պահանջում են անվավեր ճանաչել ընտրությունների արդյունքները, նույն պահանջով է հանդես գալիս նաև «Պատիվ ունեմ» դաշինքը:
Մեկնաբանել