
Արամ Վարդևանյան. «ՍԴ-ն ի զորու է կանխելու հնարավոր նոր աղետները, հնարավոր նոր զիջումները»
Սահմանադրական դատարանում վեցերորդ օրն է շարունակվում է արտահերթ խորհրդարանական ընտրությունների արդյունքների վիճարկման պահանջով երկու կուսակցությունների և երկու դաշինքների դիմումների քննությունը:
Այսօրվա՝ հուլիսի 14-ի նիստում դիմող կողմի ներկայացուցիչները հանդես են գալիս եզրափակիչ ելույթներով: «Հայաստան» դաշինքի ներկայացուցիչ Արամ Վարդևանյանն իր ելույթում պնդեց՝ արտահերթ խորհրդարանական ընտրությունների արդյունքները չեն ատահայտում ժողովրդի իրական կամքը, «ԿԸՀ որոշմամբ ներկայացված պատկերը խեղաթյուրված է»:
Վարդևանյանի խոսքով՝ հենց վարչական ռեսուրսի չարաշահում է այն, որ վարչապետը հրաժարականի դիմումից հետո շարունակել է պաշտոնավարումը` որպես ժամանակավոր պաշտոնակատար: Ըստ նրա՝ իրավապահ համակարգը չի ունեցել այն անկախությունը, որը պետք է ունենար:
«Բարձր դատարան, վերջին երեք տարիների ընթացքում տեսել ենք այն իրավական և իրական հետևանքները, երբ մեկ ուժ խորհրդարանում ունենում է մանդատների ⅗-ից ավելին կամ առնվազն ⅗-ը, դրա հետևանքները բոլորս գիտենք: Այսպիսի հետևանքներ ՀՀ-ի պատմության մեջ այլևս երբեք չեն լինելու, և կարող եմ, ասել որ այդ իմ պնդման երաշխավորներից մեկը պետք է և կարող է լինել բացառապես ՍԴ-ն: Միապետությունը, միակուսակցական կառավարումը չի թակում Հայաստանի պետականության դռները, այն իրականություն է»,-ասաց նա:
Արամ Վարդևանյանի համոզմամբ՝ վերջին երեք տարիները մեկ քաղաքական ուժի, կամքի, պարտադրանքի, թելադրանքի, ռեսուրսի և որոշումների կայացման տարիներ են եղել, և այս իրավիճակը բացառապես ՍԴ-ն կարող է փոխել՝ ապահովելով Սահմանադրության գերակայություն:
«Մենք ծայրահեղ վտանգավոր մարտահրավերների առաջ ենք կանգնած: ՍԴ-ն ի զորու է կանխելու հնարավոր նոր աղետները, հնարավոր նոր զիջումները, նոր անհասկանալի փաստաթղթերը: Իսկապես այս գործը ընտրությունների արդյունքների վերաբերյալ վեճ չէ»,-ասաց Վարդևանյանը:
Մեկնաբանել