HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Վահե Սարուխանյան

ԲՀԿ-ական նախկին պատգամավորի եւ որդու քրգործը դատարանում է

ԲՀԿ-ական նախկին պատգամավոր Հրանտ Դավթյանի եւ նրա որդու՝ Արսեն Դավթյանի դեմ հարուցված քրեական գործը մտել է Երեւանի դատարան եւ գտնվում է դատավոր Արմինե Մելիքսեթյանի վարույթում:

Նախկին պատգամավորին եւ նրա որդուն մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 314.3 հոդվածի 2-րդ մասով, այն է. «Հայտարարատու պաշտոնատար անձի, ինչպես նաեւ նրա ընտանիքի կազմի մեջ մտնող անձի կողմից «Հանրային ծառայության մասին» օրենքով նախատեսված հայտարարագրերում կեղծ տվյալ ներկայացնելը կամ հայտարարագրման ենթակա տվյալը թաքցնելը, որը հանգեցրել է առանձնապես խոշոր չափերով գույքի կամ եկամտի չհայտարարագրմանը, պատժվում է ազատազրկմամբ՝ 2-4 տարի ժամկետով՝ որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելով՝ առավելագույնը 3 տարի ժամկետով կամ առանց դրա»:

Քրեական գործը հարուցվել էր 2020 թ. փետրվարին քրեական ոստիկանության գլխավոր վարչության կոոռուպցիոն եւ տնտեսական հանցագործությունների դեմ պայքարի վարչության կողմից մեր հետաքննության հիման վրա: Այնուհետ քրգործը նախաքննություն կատարելու համար ուղարկվել էր ՀՔԾ:

Դեռեւս 2018 թ. նոյեմբերին հրապարակված մեր հետաքննությամբ անդրադարձել էինք Դուբայում անշարժ գույք ունեցող ներկա եւ նախկին հայ պաշտոնյաներին ու գործարարներին: Դրանց մեջ էր նաեւ 2012-2017 եւ 2018-2019 թթ. ԱԺ պատգամավոր Հրանտ Դավթյանը, որը բնակարան ունի Դուբայում: Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովը (ներկայում՝ կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով), այդուհանդերձ, մեր հարցմանն ի պատասխան, հայտնել էր, որ Հ. Դավթյանը երկրորդ անգամ՝ 2018-ին, պատգամավորի մանդատը ստանձնելիս հայտարարագրել է իր արաբական բնակարանը: Նկատենք, որ հայտարարագրերում կեղծ տվյալներ ներկայացնելը կամ տվյալ թաքցնելը քրեականացվել է 2017-ի հուլիսի 1-ից:

Այս պարագայում ենթադրելի էր, որ քրգործը հարուցվել է Դուբայի հետ առնչություն չունեցող գույքը չհայտարարագրելու դրվագով: Այդպես էլ եղել է: Քրեական ոստիկանությունը, ուսումնասիրելով մեր հրապարակումը, որտեղ գրել էինք նախկին պատգամավորի հայտարարագրած ընդհանուր (նաեւ հայաստանյան) գույքի մասին, պարզել էր, որ Հ. Դավթյանը հանձնաժողովին ներկայացրած հայտարարագրում չի նշել Հայաստանում ունեցած մի քանի միավոր գույքի մասին, ինչն էլ քրգործ հարուցելու պատճառ է դարձել:

2018-ի հունիսին պատգամավոր դառնալուց հետո Հրանտ Դավթյանը սեպտեմբերին պաշտոնի ստանձնման հայտարարագիր էր ներկայացրել, որում հիշատակել էր 1 առանձնատան, 1 հողամասի ու 2 բնակարանի մասին, բայց քրեական գործով այլ բան է պարզվել:

Այսպես՝ գլխավոր դատախազությունը հայտնել էր, որ ՀՔԾ-ի իրականացրած նախաքննության արդյունքում ի հայտ է եկել հետեւյալը. Դավթյանի հայտարարագրերում չեն արտացոլվել Վաղարշապատում (Էջմիածին) գտնվող մոտ 107 քմ մակերեսով եւ 7,1 մլն դրամ կադաստրային արժեքով համատեղ սեփականության իրավունքով բնակարանը, Այնթապ գյուղում գտնվող եւ սեփականությամբ իրեն պատկանող 1,92 հա գյուղատնտեսական նշանակության հողամասը, որի կադաստրային արժեքը 190 հազար դրամ է, իսկ ինքը ձեռք է բերել 600 հազ. դրամով: Չեն հայտարարագրվել նաեւ Վաղարշապատում գտնվող 741 քմ մակերեսով կիսակառույց տնից եւ 0,051 հա տնամերձ հողամասից բաղկացած անշարժ գույքը (կադաստրային արժեքը՝ ավելի քան 38 մլն դրամ, ձեռքբերմանը՝ 700 հազ. դրամ), ինչպես նաեւ նույն քաղաքում գտնվող 0,048 հա տնամերձ հողամասը (կադաստրային արժեքը՝ 300 հազ. դրամ, ձեռքբերմանը՝ 200 հազ.), որոնք համատեղ սեփականության իրավունքով պատկանում են Դավթյանին եւ կնոջը: ԲՀԿ-ական օրենսդիրը չի ներկայացրել նաեւ, որ սեփականությամբ իրեն պատկանող 2 միավոր հողամաս ունի Արավիրի մարզի Բաղրամյան գյուղում, մեկը՝ 0,1262 հա (ձեռքբերման արժեքը՝ 1,7 մլն դրամ), մյուսը՝ 0,0676 հա (ձեռքբերման արժեքը՝ 500 հազ. դրամ):

Բացի նշված գույքերից՝ Հրանտ Դավթյանը չի հայտարարագրել պաշտոնը դադարեցնելու օրվա (14.01.2019) դրությամբ երկու բանկում իր անվամբ բացված դրամային հաշիվներին ունեցած շուրջ 1,9 մլն դրամը։

Այսպիսով՝ ըստ նախաքննության տվյալների, ԲՀԿ-ական նախկին պատգամավորը չի հայտարարագրել 7 միավոր անշարժ գույք եւ բանկերում ունեցած դրամական միջոցները:

Ինչպես նշեցինք, մեղադրանք է առաջադրվել նաեւ նախկին պաշտոնյայի որդուն, որը, հայտարարատու պաշտոնատար անձի ընտանիքի անդամ լինելով, եւս պարտավոր էր իր ունեցած գույքի եւ եկամուտների հայտարարագիր ներկայացնել հանձնաժողովին:

Ըստ նախաքննության՝ Արսեն Դավթյանը չի հայտարարագրել 2018 թ. նոյեմբերին Վաղարշապատում 4,9 մլն դրամով ձեռք բերած 0,0214 հա մակերեսով հողամասը, որը համատեղ սեփականության իրավունքով պատկանում է իրեն ու եւս մեկ անձի: Պաշտոնյայի որդին չի հայտարարագրել նաեւ 2018-ի նոյեմբերին 4 մլն դրամով իր «BMW» մակնիշի մեքենան վաճառելու փաստը: Բացի այս գույքերից՝ Ա. Դավթյանը չի հիշատակել նաեւ, որ մոտ 2500 դոլարի եւ 1 մլն դրամի պարտավորություններ ունի բանկում:     

«Հայտարարագրման ենթակա նշված անշարժ գույքերի եւ դրամական միջոցների վերաբերյալ տվյալները թաքցնելը հանգեցրել է առանձնապես խոշոր չափերով, այն է՝ հանցագործության պահին սահմանված նվազագույն աշխատավարձի հազարապատիկը (1 մլն դրամը - «Հետք») գերազանցող արժեքով գույքերի չհայտարարագրմանը»,- հայտարարել էր գլխավոր դատախազությունը՝ հավելելով, որ մեղադրյալների նկատմամբ խափանման միջոց է ընտրվել չհեռանալու մասին ստորագրությունը:  

Հայր եւ որդի Դավթյանների դեմ քրեական գործը Երեւանի դատարան է մտել այս տարվա մայիսին եւ մակագրվել դատավոր Արմինե Մելիքսեթյանին: Վերջինս անփոփոխ է թողել ամբաստանյալների նկատմամբ կիրառված խափանման միջոցը: Մինչ այս պահը կայացել է 2 դատական նիստ, հաջորդը նշանակվել է սեպտեմբերին:  

Նկատենք, որ հունիսին կայացած ԱԺ արտահերթ ընտրություններում Հրանտ Դավթյանը «Բարգավաճ Հայաստան» կուսակցության ցուցակի 10-րդ համարն էր: ԲՀԿ-ն չհաղթահարեց ընտրական շեմը եւ այս անգամ չի լինի խորհրդարանում:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter