HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գրիշա Բալասանյան

7 ամիս կասեցված է COVID-19-ով հիվանդ քաղաքացուն պատշաճ բուժօգնություն չցուցաբերելու դեպքով հարուցված քրեական գործը

Կորոնավիրուսով հիվանդ քաղաքացուն պատշաճ բուժօգնություն չցուցաբերելու դեպքով հարուցված քրեական գործը երկու ամիս անց, քննիչի որոշմամբ կասեցվել է: Անցել է 7 ամիս, սակայն որևէ տեղաշարժ չկա: Քննիչը կասեցման որոշմամբ պատճառաբանել է, որ հնարավոր չէ պարզել որպես մեղադրյալ ներգրավման ենթակա անձի ինքնությունը և անհրաժետ է նշանակել հանձնաժողովային դատաբժշկական փորձաքննություն։

Դեռևս հունվար ամսին անդրադարձել էինք կորոնավիրուսով հիվանդ Ֆելիքս Հայրապետյանին պատշաճ բուժօգնություն չցուցաբերելու դեպքին ու հարուցված քրեական գործին:

Ֆ.Հայրապետյանը մի քանի օր շարունակ՝ սկսած 2020թ. հունիսի 16-ից, ջերմել է, վատացել է ինքնազգացողությունը: Սակայն, ինչպես պնդում են հարազատները, ո'չ պոլիկլինիկայից և ոչ էլ շտապ օգնության ծառայության կողմից բժշկական օգնություն չի ստացել։ Հարազատները բազմիցս զանգահարել են ինչպես պոլիկլինիկա և Ֆ․ Հայրապետյանին բուժող բժշկին, այնպես էլ շտապ օգնություն։ Վերջիններս, սակայն տեղեկացրել են, որ շտապ օգնության մեքենա հնարավոր է ուղարկել միայն 3 օր ջերմելուց հետո, իսկ այդ ընթացքում անհրաժեշտ է Covid-19-ի թեստ հանձնել: 

Հունիսի 19-ին հիվանդին տեղափոխել են «Մեդլայն կլինիկայի» Դավթաշենի կենտրոն, որտեղ հանձնել է «Covid-19»-ի թեստ: Թեստի պատասխանը ստացվել է միայն հունիսի 23-ին: Նույն օրը հիվանդը տեղափոխվել է «Էրեբունի» ԲԿ ՝ բուժման։ Մինչև թեստի պատասխանի ստացումը, հիվանդը բուժում չի ստացել: Փաստացի բուժում իրականացվել է միայն կորոնավիրուսի առաջին նշաններից 8 օր հետո, երբ հիվանդի առողջական վիճակն արդեն խիստ վատացել է, և թոքերը վնասված են եղել։

81-ամյա Ֆ․ Հայրապետյանը մահացել է 2020թ. հուլիսի 4-ին։ Արձանագրվել է՝ «SARS CoV2 ասոցացված երկկողմանի պոլիսեգմենտար պնևմոնիա, ինտոքսիկացիա: ՍԻՀ; Սրտամկանի տարած ինֆարկտ: Կորոնար անգիոպլաստիկա /2010/: Հարաճուն շնչառական անբավարարություն»:

Հարուցված քրեական գործն ու զուգահեռ վարչական դատարանում նույն դեպքի առնչությամբ ընթացող երկու դատական գործերը վեր են հանում Հայաստանում առողջապահական ոլորտի, պետական կառույցների ու հիվանդանոցային հաստատությունների թերացումները:

Հանգուցյալի իրավահաջորդը՝ դուստրը, 2020թ հոկտեմբերի 10-ին հարուցված քրեական գործի շրջանակներում մինչ օրս չունի տուժողի կարգավիճակ: Նա բանավոր և գրավոր հայտնել է իր ցանկությունը և դիմել տուժողի իրավահաջորդի կարգավիճակ ստանալու համար: Նման որոշում չի կայացվել, ինչով խախտվում է նաև գործի արդյունավետ քննության սկզբունքը:

 Ֆ. Հայրապետյանի իրավահաջորդի շահերը ներկայացնող «Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» ՀԿ իրավաբան Հասմիկ Հարությունյանը «Հետք»-ի հետ զրույցում ասաց, որ քրեական գործի կասեցման որոշման դեմ դատական կարգով բողոք է ներկայացվել։ 

Նշանակված դատական առաջին նիստին վարույթն իրականացնող մարմինը չի ներկայացել, չի ներկայացրել նաև գործի նյութերը։ Նմանատիպ աշխատելաոճ է որդեգրվել նաև վարչական դատարանում զուգահեռ ընթացող՝ Ֆելիքս Հայրապետյանի բուժման վերաբերյալ փաստաթղթերի տրամադրման պահանջով գործով։ 

«Մեդլայն Կլինիկան» ի սկզբանե հանգուցյալի ընտանիքին մերժել էր տրամադրել բուժման ընթացքի ու հիվանդության վերաբերյալ փաստաթղթերը, պատճառաբանելով, թե պահանջված տվյալները համարվում են բժշկական գաղտնիք։ Այնուհետ դատարանում բուժհաստատության ներկայացուցիչը նշել է, որ պատրաստ են այդ փաստաթղթերը տրամադրել, սակայն քրեական գործի շրջանակներում դրանք առգրավվել են քննիչի կողմից։ Ընդորում, կլինիկայի կողմից որևէ լրացուցիչ քայլ չի կատարվել բժշկական փաստաթղթերի օրինակները ձեռք բերելու համար։ 

Պարզվել է, որ փաստաթղթերի օրինակները ո'չ էլեկտրոնային, ո'չ թղթային տարբերակով չեն պահպանվել մի հաստատությունում, որը պատասխանատու էր բուժման և խնամքի համար։ 

«Ստացվում է` հիվանդանոցային հաստատությունը կարող է անձին պահել իր մոտ, որոշակի բուժում տրամադրել, հետագայում անձը մահանա, սակայն որևէ փաստաթուղթ նույն այդ հաստատությունը անձի վերաբերյալ չտիրապետի։ Սա խոսում է ոչ միայն ոչ պրոֆեսիոնալ աշխատելաոճի, այլ նաև` անպատասխանատու մոտեցման մասին, ինչը պետք է առաջին հերթին Առողջապահության նախարարության ուշադրությանն արժանանա։ Կլինիկան փաստացի անօրինական ձևով մերժում է հանգուցյալի ընտանիքին բժշկական փաստաթղթերի տրամադրումը, հետագայում դատարանում դրսևորում անգործություն և իր վարքագծով նպաստում դատարանների ծանրաբեռնվածությանը»,-ասում է Հասմիկ Հարությունյանը։

Նշենք, որ այդ գործով պատասխանող կողմում ներգրավվել է նաև առողջապահության նախարարությունը, քանի որ նախարարի հրամանով՝ «Մեդլայն Կլինիկա» ՍՊԸ-ն ներառվել է այն բժշկական հաստատությունների ցանկում, որոնք պետք է ապահովեն կորոնավիրուսային հիվանդությամբ կասկածելի դեպքերի ընդունումը և ունեն անհետաձգելի բժշկական օգնության և սպասարկման կարիք:

Հիշեցնենք, որ նույն դեպքով Վարչական դատարանում ընթանում է ևս մեկ գործ։ Հանգուցյալ Ֆ.Հայրապետյանի իրավահաջորդի կողմից վիճարկվել են նաև Առողջապահության նախարարի 21.05.2020թ. N-1606-Ա հրամանն ու դրանից բխող փոփոխությունների իրավաչափությունը։ Առաջին ատյանի դատարանը հայցադիմումի վարույթ ընդունումը մերժել էր, սակայն որոշման դեմ դիմողի ներկայացուցիչների ներկայացված վերաքննիչ բողոքը բավարարվել է և վերացրել է «Դիմումի ընդունումը մերժելու մասին» որոշումը։ Առողջապահության նախարարությունը ներկայացրել է վճռաբեկ բողոք, ինչը վարույթ չի ընդունվել։ 

Վարչական դատարանը վարույթ ընդունելը մերժելու որոշման մեջ նշել էր, թե վիճարկման առարկա հանդիսացող առողջապահության նախարարի հրամանների համապատասխան դրույթները նորմատիվ իրավական ակտ չեն հանդիսանում:

«Վիճարկվող հրամանները, թեև պարունակում են նորմատիվ բնույթի բաղադրիչներ, դրանցով նաև սահմանված են վարքագծի կանոնները, որոնք անմիջականորեն պետք է առնչվեն անորոշ խումբ սուբյեկտներին նույն հրամանով սահմանված դեպքերում, այնուամենայնիվ, այդ հրամաններն ընդունվել եn որպես անհատական իրավական ակտեր, և ոչ թե որպես նորմատիվ իրավական ակտեր: Ուստի, անկախ այն հանգամանքից, թե ինչպիսի հարաբերության կարգավորմանն են ուղղված այդ ակտերը և ինչպիսի բնութային հատկանիշներ են պարունակում, այդ ակտերն ընդունվել են` որպես անհատական իրավական ակտեր, հետևաբար այդ ակտերի իրավաչափությունը չի կարող քննության առարկա դարձվել ՀՀ վարչական դատարանում՝ նորմատիվ իրավական ակտերի իրավաչափությունը վիճարկելու վերաբերյալ գործերի համար սահմանված ընթացակարգով»,-եզրակացրել էր վարչական դատարանը:

Նշված գործի շրջանակներում ակնկալվում է ստանալ պատասխան Covid-19-ի առնչությամբ Առողջապահության նախարարության կարգավորումների վերաբերյալ: Մասնավորապես, ինչ սկբունքով և չափանիշով է որոշվել, օրինակ, որ անձը պետք է 3 օր և ավելին ունենա 38,5 C-ից բարձր ջերմություն և հետո նոր միայն ենթակա լինի հիվանդանոցային հսկողության ու բուժման։ Արդյոք նման կարգավորումը հաշվի է առել տարիքով պայմանավորված ռիսկերն ու կյանքի իրավունքի խախտման հնարավորությունները։ Հասմիկ Հարությունյանը նշում է, որ սրանք հարցեր են, որոնց պատասխանները թույլ կտան գնահատել պետության և մասնավորապես` Առողջապահության նախարարության ձեռնարկած քայլերի ողջամտությունն ու որոշումների իրավաչափությունը համավարակի պայմաններում։

«Այս և ներկայացված այլ խնդիրները թույլ են տալիս ողջամիտ կասկածներ բարձրացնել այն մասին, որ առողջապահական համակարգը ունակ չի եղել ժամանակին և բավարար քայլեր ձեռնարկել վարակակիրների բուժման առնչությամբ: Իսկ վրա հասած մահվան դեպքով արդեն իրավասու մարմինները ունակ չեն սպառիչ պատասխան տալ ձեռնարկված քայլերի արդյունավետության վերաբերյալ»,-հավելում է տուժողի իրավահաջորդի ներկայացուցիչ Հասմիկ Հարությունյանը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter