
ՀՍՍՀ մինիստրների խորհրդի վահանակը ցույց է տալիս հուշարձանի նկատմամբ Կառավարության վերաբերմունքը
Արագածոտնի մարզի Արուճ համայնքի Ս. Գրիգոր եկեղեցու (Արուճի տաճար) դուռը բացելուն պես ներսում լսվում է ագռավների խուլ կռռոցը: Տաճարը, որը 7-րդ դարում կառուցել է հայոց կառավարիչ Գրիգոր Մամիկոնյանը կնոջ՝ Հեղինեի հետ և դարձրել աթոռանիստ, գմբեթ չունի և թռչուններն անարգել ներս են լցվում:
Տաճարը չի գործում, սակայն ներսում կան վառված մոմի մնացորդներ: Արուճի համայնքապետ Բագրատ Մարտիրոսյանն ասաց, որ թեև տաճարն ավերված է, սակայն մարդիկ այցելում են: Երբեմն նաև հոգևոր հովիվն է գալիս, մարդիկ կնունք, հարսանիք են կազմակերպում տարածքում:
Տարածքը ցանկապատված է: Բակում տեղադրված են աղբամաններ:
«Հետք»-ն անդրադարձել է Արուճի տաճարի ուսումնասիրություններին: 2013թ.-ին տաճարում հայ և իտալացի մասնագետները կատարել են պեղման, ուսումնասիրման, մաքրման և բարեկարգման աշխատանքներ: Տարվա վերջում իտալական կողմը պետք է առաջարկեր տաճարի վերականգնման կամ ամրակայման նախագիծ:
Արուճի տաճարը հայ ճարտարապետության նշանավոր հուշարձաններից է: Այն իր չափերով, վաղ միջնադարյան գմբեթավոր դահլիճների մեջ ամենամեծն է:
Տաճարի հարավային կողմում, 1950-ականների պեղումների ժամանակ բացվել են իշխան Գրիգոր Մամիկոնյանի պալատական կառույցի և բազիլիկ շինության ավերակները: Ամբողջ տարածքը եղել է քրիստոնեական դամբարանադաշտ: Պահպանվել են տապանաքարերի, խաչքարերի մի մասը, որոնք բակով մեկ շարված են:
Հուշարձանի նկատմամբ պետության վերաբերմունքն արտահայտվում է դամբարանադաշտում տեղադրված վահանակով: Այն տեղադրվել է դեռևս ՀՍՍՀ մինիստրների խորհրդի պատմության և կուլտուրայի հուշարձանների պահպանման ու օգտագործման վարչության կողմից. «VII-XX դդ գերեզմանոց. պահպանվում է պետության կողմից»:
Հայաստանի կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունից հետաքրքրվեցինք՝ նախարարությունը տեղյա՞կ է, թե որ փուլում են գտնվում հայ-իտալական մասնագետների ձեռնարկած աշխատանքները, արդյոք կազմվել է նախահաշիվ, և որքան է կազմում տաճարի վերականգնման աշխատանքների գումարը:
Նախարարի տեղակալ Արայիկ Խզմալյանը գրավոր հայտնել է, որ 2013թ. իրականացված աշխատանքները կատարվել են կրթական ծրագրի շրջանակներում և իրականացվել են Իտալիայի «Հայկական մշակութային ժառանգության ուսումնասիրման կենտրոն» կազմակերպության կողմից, որի հիմնադիրը Գայանե Կազնատին է։ Նշյալ աշխատանքներն առնչություն չեն ունեցել ՀՀ մշակույթի նախարարության հետ, ուստի տվյալ հարցերի առնչությամբ առաջարկում է դիմել տիկին Կազնատիին։
Նախարարությունը տեղեկություն չունի նաև, թե երբ են նախատեսվում տաճարի վերականգնման աշխատանքները: Այլ կերպ ասած՝ նախարարությունը դիտորդի դերում է:
Պարոն Խզմալյանը հայտնում է, որ պետական բյուջեի միջոցների սղության պատճառով հուշարձանի ուսումնասիրման աշխատանքներին գումար չի տրամադրվել։
«ՀՀ ԿԳՄՍ նախարարության պատմության և մշակույթի հուշարձանների պահպանության վարչության աշխատակիցների կողմից անընդհատ կատարվում է մշտադիտարկում։ Պետական բյուջեի բավարար միջոցների դեպքում լիազոր մարմինը կքննարկի հուշարձանի ընդգրկման հարցը միջնաժամկետ ծախսային ծրագրում»,- նշում է փոխնախարարը:
Հայ-իտալական մասնագետների ուսումնասիրությունից անցել է 8 տարի, սակայն որևէ լուրջ աշխատանք չի իրականացվել այդ ուղղությամբ, իսկ Հայաստանի կառավարությունը տեղյակ չէ, թե ինչ է սպասվում հուշարձանին:
Մեկնաբանել