
«Դեմի Ֆարմը» վերագրանցել է վիտամին D-ն, որոշ վիտամինների վաճառքն էլ կասեցվել էր
«Դեմի Ֆարմ» ընկերության կողմից ներկրվող «Herbaland» կալցիում և D3 երեխաների համար նախատեսված վիտամինների պետական գրանցումը հեռացվել է ԵԱՏՄ պետական գրանցման միասնական ռեեստրից «Հետք»-ի հրապարակումից հետո. պատճառը՝ վիտամինների «ձևակերպման ժամանակ եղած տեխնիկական սխալը» (մասնավորապես՝ սպեցիֆիկացիայի թարգմանության մեջ տեղի է ունեցել սխալմունք, որն արտացոլվել է պիտակի նախագծի մեջ): Այն ուղղելուց հետո ապրանքը վերագրանցվել է։
Բացի այդ, այս և ընկերության կողմից ներկրվող այլ վիտամինների վաճառքը ժամանակավորապես կասեցվել էր Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի կողմից՝ մակնշման խախտումների համար։
Միևնույն ժամանակ, «Դեմի Ֆարմ» ընկերությունը դիմել է դատարան՝ «Հետք»-ի հրապարակումը համարելով զրպարտություն, պահանջելով հերքել այն և հատուցել զրպարտության պատճառած դրամական վնասը (2 000 000 դրամ, ընկերության փաստաբանի գնահատմամբ)։
Մայիսի 6-ին «Հետք»-ը հոդված էր հրապարակել, որտեղ պարզել էինք, որ «Էմիլի Ֆարմ» դեղատնային ցանցում վաճառվում են երեխաների համար նախատեսված կանադական «Herbaland» վիտամիններ (մատակարար՝ «Դեմի ֆարմ»), որոնց պետական գրանցումն իրականացվել էր խախտումներով ( գրանցող՝ «Ակադեմիկոս Ս․ Ավդալբեկյանի անվան առողջապահության ազգային ինստիտուտ»)։ Մասնավորապես, խախտումները վերաբերում էին թե’ վիտամինների մակնշմանը, թե’ դրանց լաբորատոր փորձաքննության ցուցանիշներին, չփորձաքննված բաղադրատարրերին և այլն։
Օրինակ, վիտամին D, կալցիում, օմեգա-3 պարունակող վիտամինները գրանցվել էին՝ առանց դրանց չափը հավելումների մեջ ստուգելու, ինչը հատկապես կարևոր է վիտամինների դեպքում, քանի որ կախված դոզավորման չափից` դրանք կարող են լինել կա’մ դեղ, կա’մ հավելում։
Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինն արձագանքել էր հրապարակմանն ու հայտնել, որ «Herbaland» մանկական վիտամինների դիտարկում կիրականացնեն «Դեմի ֆարմ» և «Էմիլի Ֆարմ» ընկերություններում։
Դիտարկման արդյունքում ՍԱՏՄ-ն հայտնաբերել էր, որ «Herbaland» վիտամիններից` «Calcium D3», «Omega 3», «Norwegian Wild Salmon Oil 1000mg» և «Vegan Multivitamins & Minerals» ապրանքների մակնշումները չեն համապատասխանում «Սննդամթերքի անվտանգության մասին» օրիենքի պահանջներին, ինչի համար կասեցվել է արտադրանքների իրացումը։ Ըստ ՍԱՏՄ-ի՝ «Էմիլի Ֆարմ» ընկերությունը կատարել է այդ կարգադրի պահանջները։
Նշենք, որ «Դեմի Ֆարմ» ընկերությունը «Հետք»-ի հրապարակումից հետո նախ, պահանջել էր հերքել և վճարել 1 000 000 դրամ, երբ խնդրել էինք հստակեցնել, թե կոնկրետ ինչն է զրպարտություն, որ կարողանանք բավարարել իրենց պահանջը, ընկերության փաստաբան Վահագ Գասպարյանը հայտնել էր, որ «նյութում նշվածները փաստական տվյալներ չեն պարունակում և իրականությանը չեն համապատասխանում»։
Այսպիսով, «Դեմի Ֆարմը» դատական հայց է ներկայացրել «Հետք»-ի դեմ՝ համարելով հրապարակումը զրպարտություն, պահանջելով հրապարակային հերքել այն, իսկ մինչ այդ փաստաբանը հայտնել էր, որ չհերքելու դեպքում դատական կարգով պարտավորեցնելու են «Հետք»-ին վճարել 2 000 000 դրամ՝ որպես զրպարտության արդյունքում պատճառված վնաս, ինչպես նաև՝ պահանջելու են հեռացնել նյութը կայքից։
Մեկնաբանել