HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արաքս Մամուլյան

Ռոբերտ Սուքիասյանին կալանավորելու միջնորդությունն առանց նրան մեղադրանք առաջադրելու է ներկայացվել

Ամիրյան փողոցում հնչած կրակոցների գործով մեղադրյալ Ռոբերտ Սուքիասյանին կալանավորելու միջնորդությունը ներկայացվել է առանց նրան մեղադրանք առաջադրելու։ Այս մասին «Հետք»-ի հետ զրույցում ասաց Սուքիասյանի պաշտպան Գոռ Միքայելյանը։ Պաշտպանն ավելի վաղ մեզ հետ զրույցում նշել էր, որ առկա է այնպիսի իրավական խնդիր, որի պարագայում իր պաշտպանյալը չի կարող կալանավորվել։ Խոսքը հենց այս հանգամանքի մասին է, սա, ըստ Գոռ Միքայելյանի, Վճռաբեկ դատարանի հայտնած իրավական դիրքորոշումն է։

«Այս հարցը այնքան է քննարկվել, որ արդեն ոչ իրավաբաններն էլ գիտեն, որ առանց մեղադրանք առաջադրելու հնարավոր չէ անձին կալանավորելու միջնորդություն ներկայացնել: Ամեն անգամ վարույթն իրականացնող մարմինը փորձում է հիմնավորել, որ դա հնարավոր է, բայց ամեն անգամ դատարանները հաստատում են, որ առանց մեղադրանք առաջադրելու անձին կալանավորելու միջնորդությունը ենթակա է մերժման: Ռոբերտ Սուքիասյանին կալանավորելու միջնորդությունը ներկայացվել է առանց նրան մեղադրանք առաջադրելու, և դատավոր Վաչե Մարգարյանը նույնիսկ մեծ ցանկության դեպքում այլ տարբերակ չունի, քան մերժել կալանավորման միջնորդությունը»,- ասում է Միքայելյանը՝ ընդգծելով, որ այս հանգամանքի առկայության դեպքում մյուս հանգամանքներին անդրադառնալն արդեն անիմաստ է համարում։

Նշենք, որ հուլիսի 21-ին Երևանի ընդհանուր իրավասության դատարանը՝ դատավոր Վաչե Մարգարյանի նախագահությամբ, ավարտել է Ռոբերտ Սուքիասյանի կալանավորման վերաբերյալ միջնորդության և նրա ձերբակալման որոշման դեմ պաշտպան Գոռ Միքայելյանի բողոքի քննությունն ու հեռացել խորհրդակցական սենյակ՝ որոշում կայացնելու, որը կհրապարակվի վաղը՝ հուլիսի 22-ին։

 Հիշեցնենք, որ հուլիսի 18-ին Երևանի կենտրոնում՝ Ամիրյան 18 հասցեում, մի քանի մարդ վիճաբանել են, հարվածներ են հասցրել իրար, որի ընթացքում նաև կրակոցներ են հնչել: Միջադեպի ընթացքում ԱՄՆ-ի քաղաքացի մի տղամարդ ոտքի շրջանում հրազենային վնասվածք է ստացել:

Քրեական գործով որպես մեղադրյալ է ներգրավվել Ռոբերտ Սուքիասյանը, որը ներկայացել է ոստիկանություն, ձերբակալվել, ապա նրան խուլիգանություն կատարելու մեղադրանք է առաջադրվել և կալանավորման միջնորդություն ներկայացվել դատարան։ Սուքիասյանը ցուցմունք է տվել, հայտնել, որ կրակոցն ինքն է արձակել ինչպես նաև նշել, թե պաշտպանվելու նպատակով է կրակել:

Լուսանկարում՝ Գոռ Միքայելյանը

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter