HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արաքս Մամուլյան

Ամիրյան փողոցում հնչած կրակոցների գործով մեղադրյալ Ռոբերտ Սուքիասյանը կալանավորվեց

Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանը՝ նախագահությամբ դատավոր Վաչե Մարգարյանի, հրապարակեց որոշում, որով բավարարեց Երևանի Ամիրյան փողոցում հնչած կրակոցների գործով մեղադրյալ Ռոբերտ Սուքիասյանին կալանավորելու վերաբերյալ Քննչական կոմիտեի միջնորդությունը: Այս մասին «Հետք»-ի հետ զրույցում ասաց Սուքիասյանի պաշտպան Գոռ Միքայելյանը:

Պաշտպանը նաև տեղեկացրեց, որ դատարանը մերժել է իր բողոքը՝ Սուքիասյանի ձերբակալման որոշման դեմ: Ռոբերտ Սուքիասյանը, հիշեցնենք, գործարար, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ցուցակով պատգամավոր ընտրված Խաչատուր Սուքիասյանի եղբայրն է։

Նա մեղադրվում է Քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 4-րդ մասով նախատեսված արարք կատարելու մեջ, այսինքն` խուլիգանությունը, որը կատարվել է զենք կամ որպես զենք օգտագործվող առարկայի գործադրմամբ: Հուլիսի 18-ին Ամիրյան փողոցում մի քանի անձանց միջև վիճաբանություն է սկսել, որի ընթացքում գործածվել է հրազեն, ինչպես նաև դանակ: Միջադեպի ընթացում ոտքի շրջանում հրազենային վնասվածք է ստացել 42-ամյա մի տղամարդ, որը ԱՄՆ քաղաքացի է:

Նշենք, որ Սուքիասյանի պաշտպան Գոռ Միքայելյանը երեկ բարձրաձայնել է այն մասին, որ Ռոբերտ Սուքիասյանին կալանավորելու միջնորդությունը ներկայացնելիս վերջինիս մեղադրանք առաջադրված չի եղել:

Այս խնդրի վերաբերյալ դեռ տարիներ առաջ՝ Վճռաբեկ դատարանը դիրքորոշում է հայտնել, որ քրեական վարույթն իրականացնող մարմնի` կալանավորումը որպես խափանման միջոց կիրառելու միջնորդության քննարկման արդյունքներով դատարանն ի թիվս այլնի՝ պետք է պարզի կալանավորման ինքնուրույն պայմանի առկայությունը, մասնավորապես, այն, թե արդյոք անձին տրվել է մեղադրյալի դատավարական կարգավիճակ: Նշված հանգամանքը պարզելու նպատակով դատարանը պարտավոր է ստուգել, թե նախաքննության մարմնի կողմից ներկայացվե՞լ են արդյոք համապատասխան տեղեկություններ, փաստեր կամ ապացույցներ այն մասին, որ անձին որպես մեղադրյալ ներգրավելու մասին որոշում է կայացվել, անձը տեղեկացվե՞լ է այդ որոշման մասին, բացի դրանից, նրան պարզաբանվե՞լ է առաջադրված մեղադրանքի էությունը, և հանձնվե՞լ են որպես մեղադրյալ ներգրավելու մասին որոշման պատճենն ու մեղադրյալի իրավունքների և պարտականությունների ցանկը: Հակառակ պարագայում անձի կալանավորումը և համապատասխանաբար նաև նրա ազատության և անձնական անձեռնմխելիության իրավունքի սահմանափակումը կհամարվի կամայական և անօրինական:

Վճռաբեկ դատարանի այս դիրքորոշումը մեջբերելով՝ Գոռ Միքայելյանը պնդում էր, որ անգամ մեծ ցանկության դեպքում դատավոր Վաչե Մարգարյանը չի կարող Սուքիասյանի նկատմամբ կալանավորումն ընտրել՝ որպես խափանման միջոց: Բայց, փաստորեն, դատավոր Մարգարյանը կայացրել է կալանավորման վերաբերյալ որոշում:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter