HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմեն Միրզոյան

Հայազգի Էդուարդ Դուբակովը Բաքվում դատապարտվեց 10 տարվա ազատազրկման

Բաքվի ծանր հանցագործությունների դատարանը հուլիսի 22-ին հրապարակել է Ռուսաստանի Դաշնության քաղաքացի, հայազգի Էդուարդ Դուբակովի գործով դատավճիռը, որը մեղադրվում էր իբր հայկական կողմի վարձկան լինելու մեջ։ Այդ մասին հայտնում է Trend գործակալությունը։ 

Վերջինս իրեն մեղավոր չի ճանաչել։ Ավելի վաղ, Ադրբեջանի դատախազությունը պահանջել էր Դուբակովին դատապարտել 11 տարվա ազատազրկման՝ պատիժը կրելով ընդհանուր ռեժիմի ուղղիչ հիմնարկում։ 

Դատարանի որոշմամբ Դուբակովը դատապարտվել է 10 տարվա ազատազրկման, իսկ պատիժը կրելուց հետո կարտաքսվի Ադրբեջանից։ 

Էդուարդ Դուբակովի գործը խիստ տարօրինակ է այնքանով, որ նա ձերբակալվել է Բաքվում՝ այսպես կոչված «Ռազմավարի այգու» մոտից։ Ադրբեջանական կողմը պնդում է, որ Դուբակովը Հայաստանում եղել է ՈՄԱ (Ողջ մնալու արվեստ) կազմակերպության անդամ, 2019 թվականին մասնակցել է Արցախի տարածքում կազմակերպված վարժանքներին և ծանոթացել կազմակերպության ղեկավար Վովա Վարդանովի հետ։

ՌԴ-ի տրամադրած փաստաթղթի մեջ նշվում է, որ Էդուարդ Դուբակովը 2018-19 թվականներին մի քանի անգամ Ռուսաստանից ժամանել է Հայաստան: Հեռախոսի ուսումնասիրության ընթացքում իբր հայտնաբերվել է «արցախցի» անունով գրանցված համար, որի հետ Դուբակովը եղել է նամակագրության մեջ։ Բացի այդ, նամակագրությունից իբր պարզ է դարձել, որ Դուբակովը զանգահարել է ոմն Արտյոմի, Սամիր Միրզոյանի և Զարյանի։ Դուբակովն ավելի վաղ հայտարարել էր, որ 2018 թվականի սեպտեմբեր-հոկտեմբեր ամիսներին սոցիալական ցանցերում տեսել է ՈՄԱ կազմակերպության տեսանյութը։

«Ես տեսել եմ, թե ինչպես է կազմակերպությունը վարժանքներ իրականացնում։ Ինձ դա հետաքրքրեց։… Չնայած որ ապրում եմ Ռուսաստանում, ես չէի մոռանում, որ հորական կողմից հայ եմ։ Այդ իսկ պատճառով որոշեցի համագործակցել ՈՄԱ կազմակերպության հետ։ 2018 թվականին եկա Հայաստան։ Այնտեղ սկսեցի մասնակցել վարժանքներին։ … Մեզ տարան Շուշի, Ստեփանակերտ և այլ շրջաններ, որտեղ մենք ծանոթացանք առկա իրավիճակին։ 2018 թվականի վերջին վերադարձա Ռուսաստան։ Այնուհետև 2019 թվականի հուլիսին նորից եղա Հայաստանում, այնտեղից՝ Արցախ, որտեղ մասնակցեցի վարժանքներին։ 2021 թվականի հունվարի 14-ին ես եկա Ադրբեջան»,- Դուբակովի խոսքերը մեջբերել էր Тrend գործակալությունը։

Էդուարդ Դուբակովի գործով դատավարությունը սկսվել է այս տարվա հունիսի 23-ին։ Նա մեղադրվում էր ահաբեկչական գործողությունների իրականացման, հանցավոր համաձայնության, Ադրբեջանի պետական սահմանի ապօրինի հատման մեջ։

Էդուարդ Դուբակովը երկրորդ օտարերկրյա քաղաքացին է, որը ՀՀ քաղաքացիներից զատ, 44-օրյա պատերազմի ընթացքում շինծու մեղադրանքով դատապարտվում է Բաքվում։ Ավելի վաղ, Բաքվի դատարանը 20 տարվա ազատազրկման էր դատապարտել Լիբանանի քաղաքացի, հայազգի Վիգեն Էուլջեքջյանին։ Առաջին հինգ տարին նա կանցկացնի բանտում, իսկ մնացած 15 տարին՝ խիստ ռեժիմով ուղղիչ հաստատությունում։

Լուսանկարը՝ Trend գործակալության

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter