
Բաքվում շարունակվում է շիրակցի 13 հայ գերիների շինծու գործով դատավարությունը
Բաքվի Վերաքննիչ դատարանի վարչական շենքում հուլիսի 22-ին շարունակվել է շիրակցի 13 հայ գերիների հերթական խմբի շինծու գործով դատավարությունը, որոնք մեղադրվում են, իբր ահաբեկչական հարձակումների և այլ հանցագործությունների մեջ։ Մեղադրյալի աթոռին են Հայկազ Հովհաննիսյանը, Վարազդատ Մանուկյանը, Դավիթ Ստեփանյանը, Լևոն Թոսունյանը, Արթուր Բաղդասարյանը, Սերոբ Ավագյանը, Վարազդատ Հարությունյանը, Ժորա Մանուկյանը, Հրայր Հերաբյանը, Նարեկ Գասպարյանը, Գրիգոր Կյուրեղյանը, Աշոտ Գևորգյանը և Մարտին Աղրամանյանը։
Ինչպես գրում է Trend գործակալությունը, նախատեսվում է, որ այսօր դատախազը պատիժ կպահանջի մեղադրյալների համար: Ներկայումս ընթանում է շինծու գործով դատավարության փաստաթղթերի ուսումնասիրությունը։
Ավելի վաղ, ադրբեջանական լրատվամիջոցները հայտնել էին, որ Պետական անվտանգության ծառայության գլխավոր քննչական վարչությունում հարուցվել էր քրեական գործ՝ 2020 թվականի դեկտեմբերի 13-ին, Խծաբերդ-Հին Թաղեր հատվածում, հայ ռազմագերիների գերեվարման կապակցությամբ, որոնք մեղադրվում էին, իբր նոյեմբերի 9-ի միացյալ հայտարարությունից հետո ադրբեջանական վերահսկողության տակ անցած տարածքներ ներթափանցելու մեջ։ Ըստ մեղադրանքի՝ նրանք պատրաստվում էին ահաբեկչական գործողություններ իրականացնել այնտեղ։
Հիշեցնենք, որ դեռ 2020 թվականի դեկտեմբերի 16-ին Արցախի Պաշտպանության բանակը տարածել էր հաղորդագրություն, համաձայն որի՝ Հադրութի շրջանի Խծաբերդ-Հին Թաղեր հատվածում անհետ կորել էր 73 հայ զինծառայող: Ավելի վաղ, զինծառայողները հայտնվել էին շրջափակման մեջ, որոնց մի մասին հնարավոր էր եղել հանել այնտեղից։
Լուսանկարները՝ Apa գործակալության
Մեկնաբանել