HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Հետ գնա, արդեն թուրքերը մոտս են»․ Սղնախում զոհված Գառնիկ Սարգսյանի վերջին խոսքը՝ որդուն

«Սկզբից ասեց՝ արի վիրավոր եմ, ասել եմ կարո՞ղ ես մի թեթև տեղը նկարագրես, գամ, ասեց չէ՝ հետ գնա, հեն են, արդեն թուրքերը մոտս են»։ Այս երկխոսությունը վերջինն է եղել Ասկերանի շրջանի Սղնախ գյուղի բնակիչ Գառնիկ Սարգսյանի և որդու՝ Գևորգ Սարգսյանի միջև։

Ասկերանի շրջանի Սղնախ գյուղն ադրբեջանական զորքերի վերահսկողության տակ է անցել 2020 թ.-ի հոկտեմբերի 28-ի երեկոյան։ Գառնիկ Սարգսյանն այդ օրն է գյուղի պաշտպանական մարտերում զոհվել։

Նրա որդին՝ Գևորգ Սարգսյանն իր ծննդավայրի՝ Սղնախ գյուղի պաշտպանությանը միացել է հոկտեմբերի 24-ին։ Մինչ այդ, որպես կամավոր եղել է Մատունիի շրջանի դիրքերում։ Իսկ հայրը գյուղի բազմաթիվ այլ տղամարդկանց հետ Սղնախի պաշտպանությանն էր միացել ավելի վաղ՝ հոկտեմբերի 3-ից։

Մինչ պատերազմական գործողությունները կհասնեին Սղնախ, Գառնիկ Սարգսյանը թոռներին և հարսին ճանապարհել է Երևան, իսկ կինը՝ Նաիրա Սարգսյանը, գյուղից շատ հեռու չի գնացել։ Ժամանակավորապես տեղափոխվել է հարևան Քարին Տակ գյուղ՝ ազգականի տուն։ Նաիրա Սարգսյանը հոկտեմբերի 27-ին Քարին Տակից էլ է դուրս եկել, տեղափոխվել՝ Երևան։

Նույն օրը Սղնախի վրա հարձակում է սկսվում, որը հաջող կասեցնում են գյուղի պաշտպանական ջոկատի տղաները։ Նրանց թվում է, թե ամեն բան հաջող ավարտվեց, գյուղը պաշտպանեցին։ Սակայն գիշերը գյուղի հարավ-արևմտյան ուղղությամբ գտնվող դիրքերից մեր տղաները տեսնում են հակառակորդի շարժը դեպի գյուղ։ Հոկտեմբերի 28-ի առավոտյան ադրբեջանական ուժերը նոր հարձակում են սկսում Սղնախ գյուղի վրա։ Գևորգ Սարգսյանն իր խմբով դիրքից ցանկացել է իջնել գյուղ, սակայն, հակառակորդի շարժի մասին զեկուցելուց հետո, իրենց ասել են, որ մնան այդ դիրքերում։

«Ժամը 12-ի կողմերը պապան զանգում է, ասում՝ վիրավոր եմ, արի։ Գյուղն արդեն ծխի մեջ էր»,- հիշում է Գևորգը, ապա շարունակում, որ հոր վիրավորվելու մասին իմանալուց հետո անմիջապես ցանկացել է գնալ հորն օգնության, սակայն ադրբեջանական ուժերն արդեն գյուղում են եղել։ Այն ճանապարհով, որով ցանկացել է գնալ հոր կողմ, վտանգավոր է եղել, հետո էլ զգուշացրել են իրեն, որ թշնամին արդեն գյուղում է։ Գևորգի բոլոր փորձերը վիրավոր հորը օգնություն ցույց տալու, ապարդյուն են անցել։

«Հորս հետ վերջին զանգը եղել է 19:05-ին՝ երեկոյան, մինչև այդ զանգել եմ խոսացել եմ։ Հետո հեռախոսն անհասանելի է դարձել ու միշտ անհասանելի։ Սկզբից ասեց՝ արի, վիրավոր եմ, ասել եմ՝ կարաս մի թեթև տեղը նկարագրես, գամ, ասեց չէ՝ հետ գնա, հեն են, արդեն թուրքերը մոտս են։ Արդեն իրան անցած են եղել»,- պատմեց Գևորգը։

Գառնիկ Սարգսյանի հետ Սղնախի պաշտպանական մարտերի ժամանակ նույն տարածքում վիրավորվել և զոհվել են համագյուղացիներ Համլետ Հայրիյանը և Սպարտակ Հակոբջանյանը։

Գառնիկ Սարգսյանի մարմինը հայտնաբերել են պատերազմից հետո՝ նոյեմբերի 19-ին, որոնողական աշխատանքների ժամանակ։ Նոյեմբերի 21-ին հուղարկավորել են Ստեփանակերտի «Եղբայրական» գերեզմանատանը։

1964 թ.-ին ծնված Գառնիկ Սարգսյանը մասնակցել էր նաև Արցախյան առաջին պատերազմին։ Պարգևատրվել էր «Արիության» մեդալով։

Սարգսյանների ընտանիքը տեղահանված սղնախցիների պես վարձակալական հիմունքներով բնակություն է հաստատել Ստեփանակերտում։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter