HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Բուժաշխատողների շնորհիվ շատ կյանքեր են փրկվել, եւ այդ կյանքերը նոր կյանքեր են պարգեւելու»

Սեպտեմբերի 27-ին «Տոնոյան» բժշկական կենտրոնի վիրաբույժ, կլինիկական օրդինատուրայի 3-րդ կուրսի ուսանող Խաչիկ Գալստյանը սովորականի պես աշխատանքի էր գնում։ Այդ օրը նրա հերթապահության օրն էր։ Ճանապարհին լսեց պատերազմի մասին լուրը եւ մտքերը խառնիխուռն, անհանգիստ հասավ տեղ։ Այդ շփոթմունքը տեսել էր նաեւ իր գործընկերների մոտ։ Բժշկական կենտրոնի բուժանձնակազմն անմիջապես հավաքվել էր՝ որոշելու հետագա անելիքը։ Որոշվել էր Արցախ գնալ՝ վիրավոր զինվորներին օգնելու։ Նույն օրը անձնակազմը կենտրոնի տնօրեն, վիրաբույժ Տարոն Տոնոյանի հետ մեկնել էր Արցախ։

Խաչիկ Գալստյանը եւ բուժաշխատողներից մի քանիսը մնացել էին հիվանդանոցում, քանի որ հիվանդներ ունեին, եւ պետք էր նրանց բուժումն ավարտին հասցնել։

Երիտասարդ վիրավույժի սեպտեմբերի 27-ի հերթապահությունը տարբերվեց մնացած հերթապահություններից։ Օրն անցել էր անհանգստությամբ, առաջնագծում աշխատող գործընկերների հետ զանգերով եւ սպասումով, թե երբ է միանալու նրանց։

Հոկտեմբերի 5-ին վիրաբույժ Գալստյանը մեկնել է Հադրութ, որտեղ նրանց անձնակազմը մեկ շաբաթ աշխատել է քաղաքային հիվանդանոցում։ Բոլոր հիվանդասենյակները զբաղված էին, վիրավորներով լիքը։ Գործընկերները բոլորն անտրամադիր, ու նույնիսկ խոսելու ցանկություն չունեին։

Խաչիկ Գալստյանը Հադրութում երկրորդ անգամ էր, ծանոթ էր քաղաքի եռահարկ, փոքր հիվանդանոցին, որը, սակայն, պատերազմի օրերին մեծածավալ բուժօգնություն էր ցուցաբերում:

«Առավոտյան 10:30 հասա Հադրութ: Երբ տեղավորվեցի, գործընկերներս ասացին՝ զգույշ կլինես, դրսում շատ չկանգնես: Ասացին՝ ժամը 11-ին սմերչի ժամն է, հիվանդանոցի սյուների տակ պետք է պատսպարվենք: Եվ սմերչի առաջին հարվածը լսելուց հետո հասկացա իրավիճակի լրջությունը: Հարվածից կես ժամ անց սկսեցին բերել վիրավորներին»,- ասում է վիրաբույժ Գալստյանը:

Առաջին բուժօգնությունը ցուցաբերել է 18-ամյա մի զինվորի, որի ստորին եւ վերին վերջույթներն ամբողջությամբ այրվել էին: Արագ վիրակապել էին՝ տեղափոխելով հիվանդասենյակ: Անելիքը շատ պարզ էր՝ սեղմ ժամանակում առավելագույնն անել, որ վիրավորների կյանքին վտանգ չսպառնա:

«Ծանր էր, մեծ թվով վիրավորներ կային, որոնք ուժեղ կամքի տեր էին, ստացված վնասվածքը, հաշմանդամ դառնալը, էդ ամեն ինչն իրենց համար, կարծես, կարեւոր չէր, փորձում էին նվազագույն բուժօգնությունը ստանալ ու հետ գնալ ճակատ»,- նշում է զրուցակիցս:

Ծանր ապրումներ էին: Այդ օրերին չմոռացվող դրվագները քիչ չէին: Նույն օրը Հադրութում մասնակցել էր 18-ամյա մի զինվորի վիրահատության, որը հրազենային վնասվածք էր ստացել: Վնասվել էին լյարդը, ստամոքսը, 12-մատնյա աղիքը: Ներքին արյունահոսություն էր սկսվել: Զինվորի կյանքը չհաջողվեց փրկել: Նա մահացավ վիրահատարանում, երբ դեռ վիրահատությունը չէր սկսվել:

Վիրաբույժ Գալստյանն ասում է՝ այդ ծանր ապրումները հնարավոր չէ համեմատել որեւէ այլ զգացողության հետ: Վիրավորներ են եղել, որոնք հենց մեքենայում են մահացել:  

Մենք մի պահ լռում ենք: Նա խոր հոգոց է հանում: Ասում է՝ այդ զգացողությունից 180 աստիճանով տարբերվում է այն զգացողությունը, երբ կարողանում ես հիվանդի կյանք փրկել, ապահով վիճակի բերել: «Դրանք իրարամերժ զգացողություններ էին, որոնք զուգորդվում էին իրար՝ սեւի ու սպիտակի նման»,- նշում է նա:

Աշխատում էին ռմբակոծության, հրետակոծության ժամանակ: Վիրավորների հոսքն անընդհատ էր: Վիրահատարանն ապաստարանում էր, առաջին հարկում վիրակապում էին, մնացած երկու հարկերում էլ հիվանդասենյակներն էին:

Խաչիկ Գալստյանի՝ Հադրութ գնալու նույն օրը՝ հոկտեմբերի 5-ին, երեկոյան ժողով էին արել եւ որոշել, որ այնտեղ մնալն արդեն վտանգավոր է: Որոշվել էր հիվանդանոցը տարհանել: Սկսել էին շատ արագ հավաքվել: Նրանց օգնում էին նաեւ թեթեւ ու միջին վնասվածք ստացած զինվորները: Զրուցակիցս ասում է՝ աննկարագրելի վիճակ էր, եւ երեւի միայն ֆիլմերում է հնարավոր դա տեսնել:

Նույն օրը հասել էին Հադրութի շրջանի Ազոխ գյուղ, որի դպրոցը ժամանակավոր դարձրել էին հիվանդանոց: Ամբողջ բժշկական տեխնիկան տեղավորել էին, արագ վիրահատարան էին պատրաստել: Ու ժամեր անց սկսել էին ընդունել վիրավորների:

«Մի կամավոր էին բերել, որի դեմքն ամբողջությամբ այրվել էր, աչքը կորցրել էր: Վիրակապում էինք: Փորձում էինք հանգստացնել նրան, բայց ասում էր՝ շուտ ավարտեք, հետ եմ գնում ռազմաճակատ՝ ընկերներիս միանամ: Շատ ուժեղ տղաներ կային՝ էդ կամքը, ամրությունը լրիվ ուրիշ էր»,- նկատում է վիրաբույժը:

Բժիշկների աշխատանքը մի կողմից ծայրաստիճան գերլարված էր, մյուս կողմից՝ հոգեբանական ծանր ապրումներ էին: Հարցնում եմ, թե իրենք որտեղից էին ուժ ստանում: Ասում է՝ կոլեկտիվը միահամուռ էր, ոնց որ, մի ընտանիք լինեին եւ ուժերի գերկենտրոնացմամբ ամեն ինչ անում էին՝ այդ վիճակից դուրս գալու համար:

Հոկտեմբերի 12-ին Ազոխում մնալն արդեն վտանգավոր էր, եւ նորից որոշվել էր հիվանդանոցը տարհանել: Բուժանձնակազմի մի մասը գնացել է Ստեփանակերտ, մյուս մասը՝ Երեւան: Խաչիկ Գալստյանը վիրավորների մի խմբի Ստեփանակերտից բերել է Երեւան: Բժշկական կենտրոնը ժամանակավորապես վերապրոֆիլավորվել է՝ վիրավոր զինվորներին օգնելու համար:

Երկրորդ տարհանումը չափազանց ծանր էր: Ասում է, որ հիասթափություն կար բուժանձնակազմի շրջանում: Պահի լրջությունն ավելի էր ընդգծվում, որովհետեւ հասկանալի էր դառնում պարտվելը՝ ի տարբերություն պաշտոնական «հաղթելու ենք» քարոզչության:

«Երբ Հադրութ գնացի, մտածում էի, որ այնտեղ երկար չենք մնա, պատերազմը կարճ կտեւի, կավարտվի մեր հաղթանակով, որովհետեւ տեսնում էի մեր ոգին: Ինչքան էլ Երեւանից լսեինք, ռազմաճակատի տպավորությունների հետ չես կարող համեմատել: Ոգին ամուր էր,- նշում է վիրաբույժ Գալստյանը, քիչ անց ավելացնում,- բուժաշխատողների շնորհիվ շատ կյանքեր են փրկվել, եւ այդ կյանքերը նոր կյանքեր են պարգեւելու»:

Լուսանկարները՝ Խ. Գալստյանի անձնական արխիվից, Հակոբ Պողոսյանի

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter