HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արաքս Մամուլյան

Դատարանը բավարարել է «Նորքի զինված խմբի» գործով ամբաստանյալ Արթուր Վարդանյանի հայցն ընդդեմ ԱԱԾ-ի և Ոստիկանության

Վարչական դատարանը բավարարել է «Նորքի զինված խումբ» անունը ստացավ գործով ամբաստանյալ Արթուր Վարդանյանի հայցն ընդդեմ Ազգային անվտանգության ծառայության։

Վարդանյանը պահանջում էր ոչ իրավաչափ ճանաչել շուրջ 6 տարի առաջ՝ 2015 թվականի նոյեմբերի  25-ին, Նորք Մարաշի առանձնատնից իրեն  բերման ենթարկելու օրն իր անձնական տվյալները տեսանյութի միջոցով հրապարակելու վերաբերյալ Ոստիկանության և Ազգային անվտանգության ծառայության գործողությունները։ Նշենք, որ տեսանյութը լայնորեն տարածվել է նաև լրատվամիջոցներում։

Հիշեցնենք, որ 2015-ի նոյեմբերի 25-ին ԱԱԾ-ն հաղորդագրություն է տարածել այն մասին, որ Նորքում վնասազերծվել է զինված խումբ: Հարուցված քրեական գործի շրջանակներում մեղադրանք է առաջադրվել մի խումբ անձանց, որոնց թվում՝ Արթուր Վարդանյանին, պաշտպանության նախկին փոխնախարար Վահան Շիրխանյանին:

Ըստ քրեական գործի` «2015-ի ապրիլից գտնվելով ՀՀ տարածքում Արթուր Վարդանյանը ստեղծել ու ղեկավարել է Հայաստանի քաղաքացիներից կազմված հանցավոր համագործակցություն, կազմակերպված խմբի կազմում ապօրինի կերպով ձեռք է բերել, պահել, փոխադրել և կրել մեծ քանակությամբ զենք, ռազմամթերք, պայթուցիկ նյութեր, պայթուցիկ սարքեր` նպատակ ունենալով Հայաստանում իշխանությունը յուրացնել, այսինքն՝ զավթել՝ բռնություն գործադրելու կամ բռնություն գործադրելու սպառնալիքով, ինչն ավարտին չի հասցվել՝ նրա կամքից անկախ հանգամանքներում, քանի որ, ըստ ԱԱԾ-ի հանցավոր գործակցության մեջ ներգրավված անձինք բացահայտվել ու 2015թվականի նոյեմբերի 25-ին վնասազերծվել են»։

Վերը նշված դեպքի առթիվ հաղորդագրությանը զուգահեռ նաև տեսանյութեր են հրապարակել, որոնք տարածվել են զանգվածային լրատվության միջոցներով։ Արդեն մի քանի տարի է՝ քրեական գործը դատարանում է, դեռևս դրա քննությունը չի ավարտվել, քանի որ ավելի, քան երեք տարի քննություն իրականացնելուց հետո Երևանի ընդհանուր իրավասության դատարանից գործով դատավոր Արմեն Բեկթաշյանը տեղափոխվել է Վերաքննիչ դատարան, և գործը վերամակագրվել է դատավոր Մեսրոպ Մակյանին, քննությունը սկսվել է նորից։

Դատարան ներկայացված վարչական հայցով Վարդանյանի ներկայացուցիչ Լևոն Բաղդասարյանը պնդել է, որ Արթուր Վարդանյանին տեսանկարահանել են կիսամերկ ու տեսանյութ տարածել, որտեղ Արթուր Վարդանյանի դեմքը չի փակվել։ Այսպիսով, ըստ Լևոն Բաղդասայանի, Ոստիկանությունն ու ԱԱԾ-ն  վիրավորել են Վարդանյանի պատիվն ու արժանապատվությունը։

Դատարան ներկայացված հայցադիմումում հայցվոր կողմը նշել է, որ իրավապահ մարմինն իր պաշտոնեական լիազորություններն իրականացնելիս կարող է թույլ տալ անձի մասնավոր կյանքի անձեռնմխելիության իրավունքի սահմանափակում, սակայն դա չի ենթադրում իրավապահ մարմնի կողմից ստացված տեղեկատվությունը երրորդ անձանց առջև բացահայտելու իրավունքը, քանի որ օրենքի ուժով օպերատիվ հետախուզական տեղեկատվության բացահայտումը երրորդ անձին կարող է իրականացվել բացառապես, եթե տվյալների սուբյեկտը տվել է իր համաձայնությունը կամ վերջինս չի տվել իր համաձայնությունը, սակայն տարածվող տեղեկատվության երրորդ անձանց առջև բացահայտման հնարավորությունը նախատեսված է օրենքի ուժով և օրենքով պահպանվող անձնական տվյալ չէ: Տվյալ դեպքում, ըստ Բաղդասարյանի, երկու պայմաններից որևէ մեկն առկա չի եղել տեսանյութը տարածելիս, բացի այդ՝ Ոստիկանության և ԱԱԾ-ի  գործողության արդյունքում Արթուր Վարդանյանը հանրության մեջ ներկայացվել է որպես ենթադրյալ «ահաբեկիչ»:

ՀՀ ոստիկանության ներկայացուցիչը, դատարան ներկայացրած գրավոր դիրքորոշմամբ և գործի քննության ընթացքում, հայտնել է, որ հայցվորի կողմից չի ներկայացվել ապացույց, որով կհիմնավորվեր, որ ՀՀ ոստիկանության կողմից 25.11.2015 թվականին կամ առհասարակ հայցվորի վերաբերյալ հրապարակվել է որևէ տեսանյութ: Բացի այդ, չի ներկայացվել որևէ ապացույց, որով կհիմնավորվեր, որ հենց ՀՀ ոստիկանությունն է լրատվական գործունեություն իրականացնողներին տրամադրել հիշյալ տեսանյութը: Ավելին, ՀՀ ոստիկանության հասարակության հետ կապի և լրատվության վարչությունից ստացված գրության համաձայն՝ հայցվորի կողմից վիճարկվող տեսանյութը ոստիկանության կողմից չի հրապարակվել: Պատասխանող Ազգային անվտանգության ծառայությունը հայցադիմումին չի պատասխանել։ Գործով կայացրած վճռով դատարանը որոշել է ոչ իրավաչափ ճանաչել ՀՀ ազգային անվտանգության ծառայության և ՀՀ ոստիկանության կողմից Արթուր Վարդանյանի անձնական տվյալների հրապարակումը:

Լուսանկարում՝ Արթուր Վարդանյանը

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter