HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Անյա Սարկիսովա

Մավրիկ Մայիլյանի մայրը համոզված է, որ որդին գերի է

26-ամյա Մավրիկ Մայիլյանի հետ ընտանիքի անդամները կապը կորցրել են հոկտեմբերի 8-ին։ Նրա ընտանիքը ապրում էր Ասկերանի շրջանի Ավետարանոց գյուղում: Ավետարանոցը հոկտեմբերի 27-ին անցել է Ադրբեջանի վերահսկողության տակ։

Վերջին անգամ Մավրիկը հոկտեմբերի 8-ի երեկոյան զանգահարել է մորն ու խնդրել դուրս գալ գյուղից, քանի որ գյուղում մնալն արդեն վտանգավոր էր դարձել։ Մայրն ասել է, որ մինչև որդին չվերադառնա, պատերազմը չավարտվի, ինքը գյուղը չի լքելու։

Մավրիկը խոստացել էր առավոտյան նորից զանգահարել, բայց չի զանգել։ Հոկտեմբերի 26-ին, երբ գյուղում մնացած մարդկանց տարհանել են, գյուղը լքել են նաև Մավրիկի ծնողները՝ Վասիլի ու Նորա Մայիլյանները։ 

Նոյեմբերի 4-ին Մավրիկի հետ գրեթե 1 ամիս կապ չունենալուց հետո Մելինեն՝ Մավրիկի քույրը, անծանոթ հեռախոսահամարից զանգ է ստացել։ Զանգահարողն ասել է, որ Մավրիկն է, մոր պատմելով՝ հեռախոսով խոսողը շատ կցկտուր է խոսել, հառաչելով: Քույրը ճանաչել է եղբոր ձայնը։ -Մավրիկ էդ դու՞ ես
-Հա:
-Էդ կարողա՞ գերի ես:
-Հա։
-Ո՞նց ես, չարչարու՞մ են։
-ՉԷ։

Հեռախոսակապն ընդհատվել է։ Զանգահարողը նամակ է գրել, որ այդ հեռախոսահամարին այլևս չգրեն ու չզանգահարեն, քանի որ իրենց տեղը կարող է իմանան, դրանից հետո համարն անհասանելի է դարձել։

Այդ ժամանակ նրանց ընտանիքն արդեն Հայաստանում էր, նրանց տեղավորել էին Ծաղկաձորի հյուրանոցներից մեկում։

Նորան այդ զանգի մասին պատմել է Հայաստանի Ազգային անվտանգության ծառայության աշխատակիցներին, նրանց է փոխանցել հեռախոսահամարը: Մեկ ամիս սպասելուց հետո ընտանիքը ոչ մի պատասխան չի ստացել ԱԱԾ-ից: Մայրը նորից է դիմել ԱԱԾ: «Որ արդեն պետք է Արցախ վերադառնայինք, գնացի նորից ԱԱԾ, ասեցի ի՞նչ դառավ, խի՞ մի կոնկրետ պատասխան չեք ասում, ասեցին էդ համարը վերցրեք, գնացեք դուք փնտրեք»,- պատմում է Նորան։

Հունվարի 10-ին երկու տարբեր աճյունների ԴՆԹ համընկնում է եղել։ Առաջին համընկնումը սխալ էր, զոհվածը միջին տարիքի տղամարդ էր, Վասիլին ու Նորան, աճյունը տեսնելով, հասկացել են, որ դա Մավրիկը չէ։ Ժամեր անց նրանց նորից հայտնել են, որ մեկ այլ աճյունի դեպքում էլ է համապատասխանություն եղել։ Մարմինն անճանաչելի է եղել, ծնողները չեն կարողացել հասկանալ, դա նրանց որդու աճյունն է, թե ոչ։

Նորան մինչ օրս համոզված է, որ տղան ոչ թե զոհվել է, այլ գերության մեջ է։ Երկրորդ անգամ ԴՆԹ համընկնումով հայտնաբերված մարմինը հուղարկավորվել են Ստեփանակերտի եղբայրական գերեզմանատանը։

Նորան տղային վերադարձնելու հույսով դիմել է նաև Կարմիր Խաչի միջազգային կոմիտե, նրան պատասխանել են, որ քանի որ ԴՆԹ համընկնում է եղել, ու աճյուն է հուղարկավորվել, նրանք ոչինչ անել չեն կարող։

Մավրիկ Մայիլյանն աշխատում էր ոստիկանական զորքերում։ Ռազմաճակատ մեկնել էր զորահավաքով՝ հոկտեմբերի 2-ին։ Նրան ուղարկել էին Մարտունի 2-րդ զորամաս։

Նորայի խոսքով՝ Մավրիկի մասին փորձել են տեղեկություն իմանալ նաև պատերազմի ընթացքում այնտեղ իր հետ եղած տղաներից, բայց իրենց դասակից միայն 1 հոգի է ողջ մնացել, նա էլ ասել է, որ ուժեղ ռմբակոծություն է եղել, որից հետո էլ Մավրիկին չի տեսել։

Նորա Բաբայանը ամեն շաբաթ այցելում է Եղբայրական գերեզման, բայց վստահ է, որ այնտեղ հուղարկավորվածն իր որդին չէ։

Նա սպասում է, որ մի օր իր որդին տուն է վերադառնալու։

Նկարահանումը՝ Անի Ղուլինյանի

Մոնտաժը՝ Սարո Բաղդասարյանի

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter