HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Տաթև Խաչատրյան

Վանաձորի որոշ պոլիկլինիկաներում մեկ շաբաթից ավելի է՝ պատվաստանյութ չկա

Հուլիսի 9-ին կայացած ասուլիսի ժամանակ Առողջապահության նախարարի պաշտոնակատար Անահիտ Ավանեսյանն ասաց, որ բոլոր մարզերը բավարար չափով ապահովված են կորոնավիրուսի դեմ կիրառվող «AstraZeneca», «Sputnik V» և «Sinovac» պատվաստանյութերով։

«Հետք»-ի ընթերցողներից Նաիրա Սարգսյանը, սակայն, դիմել էր մեզ և հայտնել, որ արդեն մեկ շաբաթից ավելի է՝ Վանաձորում չի կարողանում պատվաստվել, քանի որ իր տեղամասային պոլիկլինիայում (թիվ 1) պատվաստանյութ չկա։

Մինչդեռ Լոռու մարզպետարանի առողջապահության և սոցիալական ապահովության բաժնի պետը հավաստիացնում է, որ պատվաստանյութերի խնդիր չկա, իսկ պոլիկլինիկաների տնօրենները պետք է ճիշտ բացատրեն մարդկանց, որ անհարկի «բողոքի ալիք» չլինի. ըստ նրա՝ այսօրվանից մարզի բնակիչները նույն՝ բնականոն ձևով կստանան իրենց պատվաստումները։



Վանաձորի որոշ պոլիկլինիկաներում մի քանի օր է՝ հնարավոր չէ պատվաստվել, քանի որ պատվաստանյութ չկա։ «Հետք»-ի ընթերցողի անահազնգից հետո, մենք ինքներս զանգահարեցինք Վանաձորի մի քանի պոլիկլինիկա՝ ներկայանալով, որպես քաղաքացի, որը ցանկանում է պատվաստվել։

«Վանաձորի թիվ 1» պոլիկլինիկայում մեզ ասացին, որ որևէ տեսակի պատվաստանյութ այս պահին չունեն.

-Ընդհանրապես որևէ պատվաստանյութ չունենք։
-Իսկ ե՞րբ կլինի։
- Չեմ կարող ասել, չգիտեմ։
-Ձե՞ր պոլիկլիկայում չկա, գուցե այլ պոլիկլիկայու՞մ կարողանամ անել։
- Մի քանի օր առաջ ոնց որ ասեցին, որ մնացած տեղերն էլ չկա, բայց կարող եք հետաքրքրվել։
-Իսկ քանի՞ օր է՝ չկա։
- Էս երևի մի շաբաթից ավել է՝ չունենք։

Ամեն դեպքում, ընդունարանի աշխատակիցը խորհուրդ տվեց պարբերաբար զանգել և ճշտել։ 

Ճշտեցինք, որ պատվաստանյութ չկար նաև «Վանաձորի թիվ 2» պոլիկլինիկայում։ Մեզ հայտնեցին, որ այս պահին «առաջնակի պատվաստանյութ չունեն» (նկատի ունեն՝ առաջին դեղաչափն անելու համար, հեղ:), թե երբ կլինի, նույնպես դժվարացան պատասխանել։

Իսկ ահա «Վանաձորի թիվ 3» պոլիկլինիկայում կար պատվաստանյութ, սակայն միայն ռուսական «Sputnik V»։

Լոռու մարզպետարանի առողջապահության և սոցիալական ապահովության վարչության պետ Ռուզաննա Պողոսյանը մեզ հետ զրույցում ասաց, որ հնարավոր չէ, որ մի քանի օր պատվաստանյութ եղած չլինի, քանի որ եթե, օրինակ, մեկ օր էլ ընդհատվել է պատվաստման գործընթացը, ապա դա եղել է միայն առաջին դեղաչափը ստանալու ժամանակ.

««Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնն» է հիմնականում պատվաստանյութերի մատակարարման հարցրերով զբաղվում, պահանջարկ է ներկայացվում իրենց, իրենք էլ արդեն Առողջապահության նախարարի հրամանով ստացել են մեզ անհրաժեշտ խմբաքանակը, այսօր (զրույցը տեղի է ունեցել երեկ, հեղ.), հերթագրվածները բոլորը կանչվել են, որ վաղն արդեն ստանան իրենց անհրաժեշտ պատվաստումները»։

Ըստ վարչպության պետի՝ ուշացումը տևել է մեկ օր, և այն կապված է եղել պատվաստանյութերի վերբաշխման գործընթացի հետ, իսկ ընդամենը մեկ օր ուշացումն առանձնապես խնդիր չէ։

Ռ. Պողոսյանը հավաստիացրեց, որ անհրաժեշտ խմբաքանակն այս պահին արդեն կա, Լոռու մարզի պահեստում է և երեկվանից արդեն դրանք բաժանվում են պոլիկլինիկաներով։

Վարչության պետը նշեց, որ ինքն էլ հանդիպել է մարզի բնակիչներին, պատասխանել պատվաստումների հետ կապված բոլոր հարցերին, բուժհաստատությունների տնօրենները ևս զգուշացվել են, որ այսօրվանից անցնելու են պատվաստման բնականոն գործընթացին։

Այն հարցին, որ վերաբաշխելուց հետո էլ բնակիչներից դիմել են Վանաձորի թիվ 1 պոլիկլինիկա, և իրենց ասել են, որ արդեն մի քանի օր է՝ պատվաստանյութ չկա ու չգիտեն՝ երբ կլինի, վարչության պետը անհավանական համարեց, ապա ասաց, որ միայն այս երկուշաբթի չի եղել. 

«Առաջին պոլիկլինկայի հետ կապված մենք խոսել ենք, տնօրենն իրազեկվել է, որ նմանատիպ պատասխաններ պետք է տա բնակիչներին, քանի որ համապատասխան ճիշտ պատասխան տալուց հետո բնակիչները չէին գա, հասնեին մարզպետարան. ինքը պետք է տեղեկանար (նկատի ունի՝ պոլիկլինիկայի տնօրենը), որ արդեն ԱՆ հրամանով՝ պատվաստումների համապատասխան չափաքանակ է հատկացվել, և այդ հերթագրվածները.... մեկ օրը չէր լինի բողոքի ալիք, եթե բնակչին ասվեր, որ ինքը պետք է ստանա իր պատվաստանյութը ոչ այսօր, այլ վաղը, բնակիչը բավարաված կգնար»,-ասաց Ռ. Պողոսյանը։

Նա բացառեց, որ հնարավոր է՝ մի շաբաթ ավելի պատվաստանյութ չլինի, քանի որ իրենք ամեն ուրբաթ առցանց հանդիպումներ են անցկացնում Առողջապահության նախարարի հետ և քննարկում եղած հարցերը. եթե նմանատիպ խնդիր լիներ, «հաստատ առողջապահության նախարարը տեղյակ կլիներ»։

Լոռու մարզում ամենաշատը ռուսական «Sputnik V» է, ինչը, ըստ վարչության պետի, պայմանավորված է թե’ դրա պահանջարկով, թե' եղած հնարավորություններով։

Այն հարցին, թե արդյոք այսօրվանից մարզի Վանաձորի բոլոր պոլիկլինիկաներում մարդիկ պատվաստվելու հնարավորություն կունենան, Ռ. Պողոսյանն պատասխանեց, որ, այո.

«Բոլոր պոլիկլինիկաների ղեկավարները տեղյակ են, և իրենց գործառույթներն իրականացնելու են պատշաճ մակարդակով»,-ասաց նա, սակայն «Վանաձորի թիվ 1» պոլիկլինիկան այսօր էլ չկարողացավ «պատշաճ մակարդակով իր գործառույթն իրականացնել», քանի որ երբ մենք այսօր նորից դիմեցինք իրենց, պատվաստանյութ դարձյալ չկար. 

-Կարո՞ղ եմ վաղը պաստվաստվելու համար մոտենալ։
-Այս պահին պատվաստանյութ չունենք։
-Իսկ չգիտե՞ք՝ երբ կլինի։
-Չեմ իմանում, մի երկու օրից նորից զանգեք։

Լուսանկարները՝ Նարեկ Ալեքսանյանի, արխիվային

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter