HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Տրդատ Մուշեղյան

Կարապետ Չալյանը պարտվեց բրոնզե մեդալի համար գոտեմարտում

Տոկիոյում ընթացող Օլիմպիական խաղերում հունահռոմեական ոճի ըմբիշ, 77 կգ քաշային Կարապետ Չալյանը պարտվեց բրոնզե մեդալի համար գոտեմարտում։ Նրա մրցակիցը ադրբեջանցի ըմբիշ Ռաֆիգ Հուսեյնովն էր։

Չալյանը պայքարը սկսել էր օգոստոսի 2-ին՝ 1/8 եզրափակչից, որտեղ 5։0 հաշվով ջախջախեց Ուզբեկստանը ներկայացնող Ջալգասբայ Բերդիմուրատովին։ Քառորդ եզրափակչում հայ ըմբիշը 2։1 հաշվով առավելության հասավ Ռուսաստանի օլիմպիական կոմիտեն ներկայացնող Ալեքսանդր Չեխիրկինի նկատմամբ։ 

27-ամյա հայ ըմբիշի հաղթարշավն ընդհատվեց կիսաեզրափակչում, որտեղ նա 2։6 հաշվով պարտություն կրեց ղրղզ ըմբիշ Ակժոլ Մախմուդովից։

Կիսաեզրափակչից դուրս մնալուց հետո այսօր՝ օգոստոսի 3-ին Կարապետ Չալյանը հնարավորություն ստացավ բրոնզե մեդալի համար պայքարելու, սակայն վճռորոշ գոտեմարտում 4։1 հաշվով պարտվեց ադրբեջանցի ըմբիշ Ռաֆիգ Հուսեյնովին։

Այստեղ հարկ է նշել, որ Կարապետ Չալյանը դարձավ մրցավարների անհասկանալի որոշման զոհը։ Երկրորդ մրցափուլի միջնամասում, երբ հաշիվը 1։1 էր, Կարապետ Չալյանին նկատողություն տրվեց, իբրև թե, մրցակցի դեմքին հարվածելու համար, սակայն կրկնապատկերում հստակ երևում էր, որ այդտեղ կանոնների խախտում չկար, և դա պարզապես կոնտակտ էր երկու ըմբիշների միջև։ Նկատողության պատճառով ադրբեջանցի ըմբիշը ստացավ երկու միավոր, մրցավարները ևս մեկը գումարեցին հայ մարզիչների վիճարկումը մերժելուց հետո։

77 կգ քաշային կարգում օլիմպիական չեմպիոն դարձավ հունգարացի Տամաշ Լյորինցը, փոխչեմպիոն՝ Ակժոլ Մախմուդովը։

Հիշեցնենք, որ այսօր օլիմպիական ոսկու համար կպայքարի հունահռոմեական ոճի ըմբիշ, 97 կգ քաշային Արթուր Ալեքսանյանը, որի մրցակիցը ռուս մարզիկ Մուսա Եվլոևն է։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter