HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Տրդատ Մուշեղյան

Սիմոն Մարտիրոսյանը` Օլիմպիական խաղերի արծաթե մեդալակիր

Տոկիոյում ընթացող ամառային Օլիմպիական խաղերում այսօր պայքարի դուրս եկան 109 կք քաշային ծանրորդները։ Այստեղ Հայաստանը ներկայացրեց աշխարհի և Եվրոպայի կրկնակի չեմպիոն Սիմոն Մարտիրոսյանը՝ կարիերայում երկրորդ անգամ դառնալով Օլիմպիական փոխչեմպիոն։

Պոկում վարժությունում Սիմոն Մարտիրոսյանը առաջին մոտեցմամբ բարձրացրեց 190-կիլոգրամանոց ծանրաձողը։ Երկրորդ մոտեցմամբ հայ ծանրորդը հաջողությամբ պոկեց 195 կգ քաշով ծանրաձողը և սահմանեց օլիմպիական ռեկորդ։ Երրորդ մոտեցման համար Սիմոն Մարտիրոսյանը պատվիրել էր 198 կգ, սակայն չկարողացավ այն բարձրացնել։ Այս վարժությունում երկրորդը Ուզբեկստանի ներկայացուցիչ Ակբար Ջուրաևն էր՝ 193 կգ արդյունքով։

Հրում վարժությունում Սիմոն Մարտիրոսյանը մեկնարկեց 228 կիլոգրամից և հաջողությամբ բարձրացրեց այն։ Ջուրաևը սկսել էր 227 կգ-ից և նույնպես բարձրացրել այն։ Երկրորդ մոտեցման համար ուզբեկ ծանրորդը պատվիրեց 234 կգ, չկարողացավ բարձրացնել, սակայն երրորդ մոտեցմամբ հաջողությամբ հրեց 237 կգ՝ դառնալով առաջատար։ Սիմոն Մարտիրոսյանը Ջուրաևից հետո պատվիրեց 238 կգ և երկրորդ ու երրորդ մոտեցումներով չկարողացավ բարձրացնել այդ քաշը։

Այսպիսով, երկամարտի 430 կգ արդյունքով Օլիմպիական չեմպիոն դարձավ Ուզբեկստանի ներկայացուցիչ Ակբար Ջուրաևը, իսկ Սիմոն Մարտիրոսյանը 423 կգ արդյունքով՝ արծաթե մեդալակիր։ Բրոնզն էլ բաժին հասավ լատվիացի Արտուրս Պլեսնիկսին (410 կգ)։

Հիշեցնենք, որ 2016թ․ Ռիոյի Օլիմպիական խաղերում ևս Սիմոն Մարտտիրոսյանը դարձել էր արծաթե մեդալակիր։

Սիմոն Մարտիրոսյանի արծաթը Հայաստանի օլիմպիական հավաքականի համար երրորդ մեդալն էր այս խաղերում։ Մինչև այս Օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր էր դարձել մարմնամարզիկ Արթուր Դավթյանը, արծաթե մեդալակիր՝ ըմբիշ Արթուր Ալեքսանյանը։ Առնվազն բրոնզե մեդալ է ապահովել նաև բռնցքամարտիկ Հովհաննես Բաչկովը, սակայն նա դեռ շարունակելու է պայքարը կիսազերափակչում, և կարող է ավելի բարձր կարգի մեդալի արժանանալ։

Լուսանկարը՝ Reuters / Edgard Garrido

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter