HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սեդա Ղուկասյան

Թագուհի Թովմասյան. «Ես արգելում եմ՝ կին պատգամավորներին մոտենան տղամարդ աշխատակիցներ և փորձեն զննել, սա անընդունելի է»

«Պատիվ ունեմ» դաշինքի պատգամավոր Թագուհի Թովմասյանը դատապարտում է ԱԺ վարչական շենքի անվտանգության խստացված ռեժիմը: Հիշեցնենք, որ արդեն երկու օր է՝ խորհրդարանում աննախադեպ շատ անվտանգության աշխատակիցներ կան, որոնք լրագրողներին թույլ չեն տալիս ազատորեն շրջել ԱԺ շենքում: Խստացումների հետևանքով պատգամավորների տեղաշարժը ևս սահմանափակվել է, նրանք ամեն անգամ նիստերի դահլիճ մտնելիս ենթարկվում են զննության:

«Շատ լավ է, որ ԱԺ շենքում անվտանգությունը պահպանվում է, բայց լավ կլինի, որ նման անվտանգություն պահպանվի մեր երկրի դարպասների մոտ և այնպես չլիներ, որ ադբեջանական ստորաբաժումները սուլելով մտնեն Գեղարքունիք ու Սյունիք ու դուրս չեն գալիս»,- իր ելույթում ասաց պատգամավորը:

Թովմասյանը հույս հայտնեց, որ խորհրդարանի ղեկավարությունը կվերանայի այդ կարգը, քանի որ անհասկանալի է, թե իրավական ինչ փաստաթղթի հիման վրա են նման խստացումներ իրականացվում:

«Այսօր արգելում են ինձ հետ պայուսակ մտցնեմ դահլիճ, որևէ մեկն իրավունք չունի պատգամավորին արգելել անձնական իրեր տեղափոխել որևէ տեղ: Հաջորդ անգամ կլինեն ավելի աղմկահարույց իրավիճակներ, ուզում եմ վերանայվի այդ վերաբերմունքը: Եթե ստուգում են հատուկ մետաղորսիչ սարքով, անհրաժեշտ է, որ կանանց ստուգեն կին աշխատողներ, եթե չեք կարողանում ապահովել, ես առնվազն թույլ չեմ տվել, որ որևէ մեկն ինձ մոտենա: Ես արգելում եմ՝ ԱԺ կին պատգամավորներին մոտենան տղամարդ աշխատակիցներ և փորձեն զննել, սա անընդունելի է»,- ասաց նա:

Թագուհի Թովմասյանն անդրադարձավ նաև լրագրողների տեղաշարժի սահմանափակման հարցին` նշելով, որ պաշտոնապես դիմել է ԱԺ աշխատակազմին և հետաքրքրվել, թե կա արդյոք որևէ իրավական նորմ, ինչի հիման վրա նման խստացումներ են իրականացվում: ԱԺ աշխատակազմից պատասխանել են` նման փաստաթուղթ չկա, սակայն պատգամավորն ականատես է եղել, թե ինչպես են լրագրողներին անվտանգության աշխատակիցները քաշքշում:

Նա հայտնեց, որ այս սահմանափակումներն օր առաջ պետք է վերանայվեն և կրկնեց` երբևէ լրագրողների տեղաշարժը խորհրդարանում չի սահմանափակվել: Թովմասյանը պատմեց, որ նույնիսկ չի կարողացել լրագրողը մուտք գործել իր աշխատասենյակ, քանի որ անվտանգության աշխատակիցներն ասել են` դրա համար հատուկ թուլտվություն է հարկավոր:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter