
Իշխան Սաղաթելյանը չընտրվեց ԱԺ փոխխոսնակ
«Հայաստան» խմբակցության պատգամավոր Իշխան Սաղաթելյանը չընտրվեց ԱԺ երրորդ փոխխոսնակի պաշտոնում, որը նախատեսված է ընդդիմադիր խմբակցության ներկայացուցչի համար: Նրա օգտին կողմ է քվեարկել 53, դեմ` 50 պատգամավոր: Անվավեր է ճանաչվել մեկ քվեաթերթիկ: Փակ, գաղտնի քվեարկության արդյունքները ներկայացրեց Հաշվիչ հանձնախմբի նախագահ Նարեկ Բաբայանը:
Իշխան Սաղաթելյանը «Հայ հեղափոխական դաշնակցության» Գերագույն մարմնի անդամ է: 2020թ. նոյեմբերի 9-ի հայտարարության ստորագրումից հետո Հայրենիքի փրկության շարժման անդամներից էր:
Հիշեցնենք, որ նորընտիր ԱԺ-ի մյուս փոխխոսնակներն են` Ռուբեն Ռուբինյանը և Հակոբ Արշակյանը («Քաղաքացիական պայմանագիր» խմբակցություն): Այսպիսով, արդեն չորրորն օրն է, ինչ նորընտիր խորհրդարանը չի ձևավորել ԱԺ նախագահությունը: ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը խոսքի իրավունք տվեց «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանին նոր թեկնածուի առաջադրման համար, Օհանյանը նշեց` իրենք կողմնակից են նախկին թեկնածուին, ուստի նոր ընտրությունների դեպքում առաջարկելու են նույն թեկնածությունը:
Հիշեցնենք, որ քաղաքական մեծամասնությունը հայտարարել էր, որ կապահովի անհրաժեշտ ձայների քանակ` Սաղաթելյանի ընտրության համար: «Հայաստան» խմբակցության երկու պատգամավոր կալանավորված է, նիստին չի եկել նույն խմբակցության պատգամավոր Դավիթ Սեդրակյանը: Սեյրան Օհանյանն ասաց, որ վերջինս հարգելի պատճառով բացակայում է երկրից, ինչի մասին մեծամասնությունը տեղյակ է եղել:
Մեկնաբանել