
ԱԺ-ն երրորդ անգամ է քննարկում Իշխան Սաղաթելյանի թեկնածությունը
Խորհրդարանը երրորդ անգամ է քննարկում ԱԺ փոխխոսնակի պաշտոնում Իշխան Սաղաթելյանի թեկնածության հարցը: Հիշեցնենք, որ 20 րոպե ընդմիջմանը «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանը և խմբակցության պատգամավոր Արմեն Ռուստամյանը ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի հետ գնացել էին ԱԺ նախագահի սենյակ: Նիստի սկսվելուն պես Սիմոնյանն առաջարկեց հարցը առկախել և անցնել օրակարգային հաջորդ հարցին:
«Հայաստան» խմբակցության քարտուղար Արծվիկ Մինասյանն արձագանքեց` ԱԺ կանոնակարգ օրենքը չի նախատեսում քանակ, թե քանի տապալումից հետո կարելի է առկախել հարցը: Նա առաջարկեց այդ հարցը լուծել, այնուհետև անցնել քննարկվող հարցին:
Արմեն Ռուստամյանն էլ ասաց, որ հարցը առկախելն իմաստ կունենար, եթե երկու անգամ քվեարկություն եղած չլիներ, երրորդ անգամից հարցն առկախելն, ըստ նրա, արհեստական է:
«Եթե ուզում ենք գործն առաջ գնա, խորհրդարանը ձևավորվի իր մարմիններով, քարը փեշից թափեք, քվեարկեք: Մեր ձայները սահմանափակ են, չեն կարող ավելանալ, ձեր ձայներն ավելացրեք, անվավերների քանակը որ գումարում ես, ուղիղ 54 է»,- ասաց նա:
Ալեն Սիմոնյանը խոսքը փոխանցեց Սեյրան Օհանյանին` թեկնածու առաջադրելու համար: Սեյրան Օհանյանը կրկին Իշխան Սաղաթելյանի թեկնածությունն առաջադրեց: «Պատիվ ունեմ» խմբակցությունը ևս պաշտպանեց Սաղաթելյանի թեկնածությունը:
ՔՊ պատգամավոր Վահագն Ալեքսանյանն առաջարկեց ընդդիմությանը չմասնակցել քվեարկությանը` ասելով, որ իրենք կարող են գնալ 54 պատգամավորով ընտրել ԱԺ երրորդ փոխխոսնակ:
Իշխան Սաղաթելյանն արձագանքեց` ավելի արժանապատիվ կլինի իշխանության կողմից հայտարարելը, որ դեմ են քվեարկելու, քան գնան ու քվեաթերթիկներն անվավեր սարքեն: Սաղաթելյանը պնդեց` որևէ սակարկման, գործարքի չեն գնալու:
«Շարունակեք չքվեարկել, եթե ուզում եք խնդրեմ, որ քվեարկեք, չեմ խնդրելու»,- ասաց նա:
Սաղաթելյանի թեկնածության առաջին քվեարկությանը կողմ էր քվեարկել՝ 53, դեմ` 50 պատգամավոր: Անվավեր է ճանաչվել մեկ քվեաթերթիկ: Երկրորդ ընտրությունը տապալվեց 5 անվավեր, 49 կողմ, 49 դեմ ձայներով: Ընտրվելու համար Սաղաթելյանին հարկավոր է առնվազն 54 կողմ ձայն: Ընդդիմությունն ու իշխանությունը միմյանց են մեղադրում անվավեր քվեաթերթիկների և քվեարկությունը միտումնավոր տապալելու համար:
Մեկնաբանել