
Անկարան Հայաստանին ագրեսիվ հռետորաբանությունից և գործողություններից հրաժարվելու կոչ է անում
Անկարան Հայաստանին կոչ է անում հրաժարվել ագրեսիվ հռետորաբանությունից և գործողություններից, հավատարիմ մնալ իր ստանձնած պարտավորություններին ու զարգացնել համագործակցությունը տարածաշրջանի երկրների հետ։ Այդ մասին գրում է Anadolu գործակալությունը՝ հղում անելով Թուրքիայի ազգային անվտանգության խորհրդի նիստի ավարտին արված հայտարարությանը, որը կայացել է Անկարայում՝ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի նախագահությամբ։
Հանդիպման մասնակիցները քննարկել են նաև Թուրքիայի հարավ-արևմտյան շրջաններում անտառային հրդեհների դեմ պայքարը, դրա հետ կապված ապատեղեկատվական արշավներն ու բնական աղետին դիմակայելու լրացուցիչ միջոցառումները:
Հաղորդագրության մեջ նաև նշվում է, որ Թուրքիայի ազգային անվտանգության խորհրդի անդամները դատապարտել են այն երկրներին, որոնք աջակցում են Քրդական բանվորական կուսակցությանը, Քուրդիստանի համայնքների միությանը, Սիրիայի դեմոկրատական միությանը և Քրդական ազգային ինքնապաշտպանական ջոկատներին, որոնց գործողություններն, ըստ թուրքական կողմի, տարածաշրջանում ուղղված են ընդդեմ խաղաղությանն ու կայունությանը։
Լուսանկարը՝ Anadolu գործակալության
Մեկնաբանել