
Ո՞ր դեպքում «Ժառանգությունն» իր ծրագիրը տապալած կհամարի
Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ «Ժառանգության» կուսակցության ղեկավար Րաֆֆի Հովհաննիսյանը հայտարարեց, որ բոլոր գնահատականները նա կտա մայիս 7-ին` խորհրդարանական ընտրություններից հետո:
Քարոզարշավին մնացել է 12 օր, և այս ընթացքում իրենք լծված են աշխատանքով. կատարում են շրջայցեր, ունենում տարբեր հանդիպումներ` կարևորելով դրանցից յուրաքանչյուրը: Սակայն Ր. Հովհաննիսյանի խոսքերով` իրենք արդեն նկատել են որոշ խախտումներ. տարբեր պետական կառույցներում եղել է որևէ կուսակցության զինանշանը կամ դրոշը, բացի այդ` կատարվում են տարբեր ցուցակագրումներ, բաժանվում են տարբեր իրեր` որպես ընտրակաշառք:
Միաժամանակ, «Ժառանգության» առաջնորդը նկատեց, որ ի տարբերություն նախորդ խորհրդարանական ընտրություններին` այս անգամ ԶԼՄ-ներն ավելի շատ են լուսաբանում տարբեր կուսակցությունների գործունեությունը, սակայն դա, ըստ էության, կուսակցությունների իրավունքն է:
Ր. Հովհաննիսյանը նշեց, որ ինքը կողմնակից է ոչ միայն անձնական, այլև իշխանական ծախսերի ճարպահանության: Եթե «Ժառանգությունը» մեծամասնություն կազմի ԱԺ-ում, ապա այն 5 հազարները, որ «հիմա որպես ողորմություն բաժանվում է, կդառնան ոչ թե կաշառք, այլ կմտցվի բյուջե»: Նրա խոսքով`ով հաղաթահարի այսօրվա գայթակղություններն ու ճնշումները, հետագայում կստանա նվազագույնը դրա տասանապատիկը, ինչը իրավունք է:
Այն դիտարկմանը, թե «Ժառանգությունը» նախընտրական իր ծախսերով երկրորդն է ՀՀԿ-ից հետո, կուսակցության ղեկավարը բացատրեց, որ իրենք ներկայացնում է այն, ինչը ծախսել են իրականում, արդյունքում լինելու են այն սակավաթիվ ուժերից մեկն, ով իսկապես հարգում է օրենքը:
Ր. Հովհաննիսյանը նշեց, որ ԱԺ-ում մեծամասնություն կազմելուց հետո ոչ մի հանրային ծառայություն չի օգտագործվելու մասնավոր շահի, կողմնակի եկամուտներ կամ բիզնես անելու համար: Նրա խոսքերով` եթե «լեւի» եկամուտները մտնեն պետբյուջե, «ճարպահանվի այդ ճարպը»` ավելորդ թիկնապահեր, «ջիպեր», եթե 5 տարվա ընթացքում շարքային պատգամավորը, նախարարարը, վարչապետը և նախագահը ավելի համեստ ապրեն, կստեղծվի վստահության մեծ դաշտ: Արդյունքում բյուջեն կկրկնապատկվի, կավելանան նաև ներդրումները սփյուռքից: Դա կախարդություն չէ, այլ կլինի պարկեշտ կառավարման արդյունք:
Ր. Հովհաննիսյանը նաև նշեց, որ եթե իրենց կառավարման 5 տարիների ընթացքում արտագաղթի հարցը լուծելու նպատակով գոնե չտրվի ներգաղթի մեկնարկը, չփոխվի հաշվեկշիռը, ապա «Ժառանգությունը» իր ծրագիրը տապալած կհամարի:
«Եթե այսպես շարունակվի, մեր դրոշակը կմնա ՄԱԿ-ի շենք մոտ, բայց պետությունը որակ չի ունենա»,- ասաց Ր. Հովհաննիսյանը: Նրա խոսքով`Եղեռնի ժամանակ կորցրել ենք 1,5 միլիոն, բայց այս 20 տարիների ընթացքում զիջել ենք 1 միլիոնից ավել, ինչը ոչ թե թշնամու, այլ մեր մեղքն է:
Մեկնաբանություններ (1)
Մեկնաբանել