
Անտառային հրդեհների պատճառով տարհանվել են Աթենքի հյուսիսային արվարձանները
Անտառային հրդեհները մոտենում են Հունաստանի մայրաքաղաքին։ Աթենքի իշխանությունները մայրաքաղաքի հյուսիսային արվարձաններում իրականացրել են բնակչության զանգվածային տարհանում։ Այդ մասին հայտնում է BBC-ն։ Հուլիսի 6-ին զոհվել է 1 մարդ։
Կրակը ոչնչացրել է տասնյակ տներ, մի քանի տասնյակ մարդ էլ հայտնվել է հիվանդանոցներում։ Աթենքը ծածկվել է ծխով։ «Սա աղետ է, ողջ գյուղն այրվել է»,- Ֆրանսպրես գործակալությանը հայտնել է Աթենքի մոտ գտնվող Էվբեա կղզու գյուղերից մեկի բնակիչ Յոհանիս Ասլանիսը։ Էվբեայից 600 մարդ տարհանվել է մայրցամաք։
Հույներին օգնության են հասել Ֆրանսիայի, Շվեյցարիայի, Շվեդիայի, Ռումինիայի և Կիպրոսի հրշեջները։ Կրակի տարածմանը նպաստում են ուժեղ քամին ու կիզիչ շոգը։ Վերջին շաբաթվա ընթացքում Հունաստանում օդի ջերմաստիճանը գերազանցել է 40 աստիճանը։ «Եթե ինչ-որ մեկը դեռ մտածում է, որ կլիմայի փոփոխությունը մտացածին բան է, թող գա և տեսնի, թե այն ինչպես է արտահայտվում այստեղ»,- նշել է Հունաստանի վարչապետ Կիրիակոս Միցոտակիսը։
Անտառային հրդեհներ են նաև հարևան Ալբանիայում, Բուլղարիայում, Հյուսիսային Մակեդոնիայում և Թուրքիայում։ Թուրքիայում զոհվել է 8 մարդ, հազարավոր տեղացիներ և զբոսաշրջիկներ ստիպված են եղել փախչել հրդեհներից։ Այս երկրում հրդեհներ կազմակերպելու կասկածանքով ձերբակալվել է 6 մարդ։ Ավելի վաղ, պատասխանատվությունը ստանձնել էր «Կրակի զավակներ» կազմակերպությունը, որը Թուրքիայում կապում են Քուրդիստանի բանվորական կուսակցության հետ։
Լուսանկարը՝ Reuters գործակալության
Մեկնաբանել