
Հայաստանում գործազրկության մակարդակը 17% է. ամենաբարձրը ԵԱՏՄ-ում
2021թ․ հունիսի վերջին ԵԱՏՄ երկրների զբաղվածության կենտրոններում գրանցված գործազուրկների թիվը կազմել է 1 մլն 555 հազար մարդ, ինչը կազմում է ընդհանուր աշխատուժի 1,7%-ը։ Այս մասին են վկայում Եվրասիական տնտեսական հանձնաժողովի վիճակագրական բաժնի հրապարակած տվյալները։
Սակայն նախորդ տարվա՝ 2020թ․ միևնույն ժամանակահատվածի համեմատ, ըստ ԵՏՀ-ի, ԵԱՏՄ երկրներում գործազրկությունը 50,2%-ով նվազել է, այսինքն՝ 2 անգամ. 3,4% գործազրկությունը 2021թ․ հունիսի վերջին դարձել է 1,7%։
Այսպիսի փոփոխությունը մեծամասամբ գրանցվել է Ռուսաստանի հաշվին, որտեղ գրանցված գործազուրկների թիվը 2021թ․ հունիսի վերջին 1,6 մլն-ով, կամ մոտ 60%-ով նվազել է՝ կազմելով 1,1 մլն։
ԵԱՏՄ մնացած գրեթե բոլոր երկրներում գործազուրկների թիվը կա՛մ ավելացել է, կա՛մ նվազել է՝ նախորդ տարվա համեմատ շատ աննշան տարբերությամբ։
Գործազուրկների թվի փոփոխությունը և գործազրկության մակարդակը ԵԱՏՄ-ում
Մասնավորապես Հայաստանում 2021թ․ հունիսի վերջին զբաղվածության կենտրոններում գրանցված է եղել 61.4 հազար գործազուրկ մարդ. նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ այս տարի նրանց թիվը 2%-ով՝ 1200-ով ավելացել է։
Հայաստանի Զբաղվածության պետական գործակալության տվյալների համաձայն՝ 2021թ․ հունվարին գործազուրկների մեծ մասը կանայք են. նրանց թիվը ընդհանուր գործազուրկների թվի 64,7 %-ն է ( կամ 40.2 հազար մարդ), երիտասարդների թիվը՝ 19.1%-ը (կամ 11.9 հազար մարդ), իսկ հաշմանդամություն ունեցող գործազուրկ անձանց թիվը՝ 3.9% (կամ 2.4 հազար մարդ):
Վերջին տվյալներով՝ Աշխատանքի միջազգային կազմակերպության մեթոդոլոգիայի համաձայն՝ 2021թ․ առաջին եռամսյակում Հայաստանում գործազրկույթան մակարդակը 17% է. սա ամենաբարձր ցուցանիշն է ԵԱՏՄ երկրներում։
Գործազրկության ամենցածր մակարդակը Բելառուսում է՝ 4,4% (2021 թ երկրորդ եռամսյակ), Ղազախստանում 4,9% է (2021 թ առաջին եռամսյակ), Ռուսաստանում՝ 5,6% (2021 թ առաջին եռամսյակ), Ղրղզստանում՝ 5,8% (2021 թ առաջին եռամսյակ)։
Ընդհանուր առմամբ՝ 2021թ․ առաջին եռամսյակում ԵԱՏՄ-ում գործազրկության մակարդակը կազմել է աշխատուժի ընդհանուր թվի 5,6%-ը։
Մեկնաբանել