HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Ջերմուկ գրուպի» բնակելի թաղամասի շինարարությունից վնասվել են Բրյուսով փողոցի տները

«Ջերմուկ գրուպ» ընկերությունը 2019-ի հունիսի 12-ին շինթույլտվություն է ստացել Արշակունյաց 18 հասցեում գտնվող, սեփականության իրավունքով ընկերությանը պատկանող տարածքում կառուցապատում իրականացնելու համար։

2020 թվականի ամռանը սկսվել է «Բյուրեղ» բազմաֆունկցիոնալ բնակելի թաղամասի շինարարությունը։ «Ջերմուկ գրուպ»-ին պատկանող տարածքին հարակից Բրյուսով փողոցում բնակելի տներ կան, որոնք, ըստ բնակիչների, շինարարության հետևանքով վնասվել են։ «Ջերմուկ գրուպ» ՓԲԸ-ի փոխտնօրեն Վլադիմիր Պողոսյանը «Հետքին» ու Բրյուսով փողոցի բնակիչներին հայտնել է, որ բնակիչների տների որոշ հատվածներ՝ մասնավորապես բակերից որոշ տարածքներ գտնվում են ընկերությանը պատկանող հողատարածքում, մինչդեռ Բրյուսովի փողոցում տները կառուցվել են 1937 թվականին ու սեփականության իրավունքով պատկանում են բնակիչներին։ 

Զառա Սահակյանը մինչ 2020 թվականի հոկտեմբերը որդու հետ բնակվել է Բրյուսովի 9 հասցեում գտնվող իր տանը, շինարարական աշխատանքների մեկնարկից հետո, աղմուկի ու փոշու պատճառով, ժամանակավոր բնակության է տեղափոխվել հարևան թաղամաս՝ եղբոր տուն։

Գրեթե ամեն օր Զառան գնում ու օդափոխում է տունը, ստուգում ընդհանուր վիճակը, ժամանակի ընթացքում նկատել է, որ տան պատուհանների ապակիներից մի քանիսը կոտրվել են, առաստաղն իջել է։ «Ես հասկանում եմ, որ իմ տունը հին տուն է, բայց հաստատ այն վիճակում չէր, ինչ վիճակում որ է, շինարարության ընթացքում օգտագործվում է հզոր տեխնիկա, որի դղրդոցից նույնիսկ տան պատերն են շարժվում, մենք հասկանում ենք, որ շինարարությունը չի կարող լինել անաղմուկ և առանց փոշի, բայց կարելի է նաև մեր իրավունքների մասին խոսել ու չվնասել մեզ»,-ասում է նա։

Զառայի խոսքով՝ հարևանները բազմիցս կառուցապատողներին ներկայացրել են իրենց պահանջները, բայց սպառիչ պատասխան չեն ստացել։ «Նախորդ շաբաթ, երբ նա հերթական անգամ եկել է տունն օդափոխելու, տեսել է, որ շինարարները տարածքի սահմանազատում են անում ու երկաթյա թիթեղներ են ամրացնում իր տան դրսի պատին, որը հասնում է մինչև պատուհան։ Զառան հարցրել է, թե ինչու՞ է սահմանազատումը կատարվում իր ու հարևանների պատերից, այլ ոչ թե ավելի հեռու: Շինարարները պատասխանել են, թե սահմանազատումն այդ հատվածից անելու հրահանգ ունեն։

Բնակիչը ոստիկանություն է դիմել, իր պատմելով՝ նրանց գալու մասին տեղեկանալով՝ շինարարները սկսել են պոկել պատերին ամրացված թիթեղներն ու տեղադրել ավելի հեռու: Ոստիկանները կառուցապատողներին զգուշացրել են, որ սահմանազատումն անեն այն հատվածից, որտեղից սկսվում է ընկերությանը պատկանող տարածքը։

«Չնայած դրան՝ մենք մեր հարցերի պատասխաններն այդպես էլ չենք ստացել: Մեզ ասում են՝ եթե արև եք ուզում (խոսքը շինարարության հետևանքով տեսադաշտի փակվելու ու տարածք չունենալու մասին է-հեղ), 4 մետր հեռու գնացեք, այսինքն՝ 4 մետր հեռու ինչպե՞ս գնանք, մեզ ասում են՝ դուք եք եկել սեփականությամբ մեզ պատկանող հողի վրա ապրում, բայց հաշվի չեն առնում, որ մեր ծնողները, պապերը էստեղի բնակիչներ են դեռ 1957 թվականից»,-ասում է նա։

«Ջերմուկ գրուպ» ընկերության ներկայացուցիչները բնակիչների հետ հանդիպումներից մեկի ժամանակ ասել են, որ կարող են կադաստրային արժեքով գնել նրանց տներն ու այդ տարածքը ևս սեփականաշնորհել։ Այս հայտարարությունը բնակիչներին շատ է վրդովեցրել։

Նույն փողոցի մեկ այլ բնակիչ՝ Նարինե Դանիելյանը, նշում է, որ կառուցապատողները անպատշաճ վերաբերմունք են ցույց տալիս ու հաշվի չեն առնում, որ հարակից տներում մարդիկ են ապրում, որոնք օրվա մեծ մասը ստիպված են լինում լսել աղմուկն ու շնչել շինարարության փոշին։ Նրա խոսքով՝ տեղի բնակիչներին չեն իրազեկել կատարվող աշխատանքների մասին, բացի այդ՝ շինարարությունը հաճախ տևում է ավելի երկար, քան նախատեսված 8 աշխատանքային ժամն է։ Լինում են օրեր, երբ շինարարական աշխատանքները սկսվում են վաղ առավոտյան ու տևում մինչ գիշեր։

«Մեր նյարդերն են քայքայվում, ամբողջ օր ողջ տունը դղրդում է, մեծահասականեր կան, երեխաներ են այստեղ մեծանում, գոնե իրենք ինչ-որ տարբերակ կամ լուծում առաջարկեն, մի անգամ չեն եկել ներողություն խնդրել պատճառված անհարմարության համար, մի անգամ չեն ասել՝ գուցե մեր պատճառով խնդիրներ են առաջացել, եկեք օգնենք, լուծենք միասին»,-պատմում է Նարինեն։

«Հետքը» փորձել է կապ հաստատել նաև «Ջերմուկ գրուպ» ընկերության աշխատակիցների հետ։ Օգոստոսի 7-ին, երբ այցելել էինք Բրյուսով փողոցի բնակիչներին, ցանկացանք զրուցել կառուցապատողների և ընկերության ղեկավարության հետ, սակայն ոչ ոք այդ պահին շինհրապարակում չէր: Մեզ փոխանցեցին ընկերության ֆինանսական գծով տնօրեն Նորայր Մովսիսյանի հեռախոսահամարը։ Նրա հետ հարցազրույց ունենալու համար պայմանավորվեցինք հանդիպել երկուշաբթի՝ օգոստոսի 9-ին, «Բյուրեղ» բնակելի թաղամասի շինհրապարակում։

Երկուշաբթի հանդիպեցինք ընկերության ֆինանսական գծով տնօրեն Նորայր Մովսիսյանի ու փոխտնօրեն Վլադիմիր Պողոսյանի հետ: Վերջիններս հրաժարվեցին հարցազրույց տալ, չցանկացան, որ ձայնագրենք իրենց, թույլ չտվեցին նաև տեսանկարահանում անել շինհրապարակի տարածքում։ Պատճառաբանեցին, թե դրա լիազորությունը չունեն ու վերադասից պիտի թույլտվություն ստանան, ինչը կարող է երկար տևել, քանի որ մեծ մասն այս պահին արձակուրդում է։ Մեզ առաջարկեցին հետաքրքրող հարցերն ուղարկել գրավոր ու նույն կերպ էլ ստանալ պատասխանը,  չնայած մինչ այդ արդեն պայմանավորվել էինք հարցազրույցի համար։ 

Գրավոր հարցմամբ դիմել ենք «Ջերմուկ գրուպ» ՓԲԸ-ին։

«Հետքը» պարզաբանում է խնդրել նաեւ Երևանի քաղաքապետարանից։ Ի պատասխան՝ Երևանի քաղաքապետարանը հայտնել է, որ «Բյուրեղ» բազմաֆունկցիոնալ բնակելի թաղամասին շինթույլտվությունները տրամադրվել են մաս-մաս: Առաջին շինթույլտվությունը «Ա» հատվածամասի համար տրվել է 2019 թվականի հունիսի 12-ին։ Քաղաքապետ Հայկ Մարությանին հարցրել էինք՝ Բրյուսով փողոցի 9-11 հասցեների տները կամ դրանց որոշ հատվածներ գտնվում են, արդյոք, «Ջերմուկ գրուպ» ՓԲԸ-ին պատկանող «Բյուրեղ» բազմաֆունկցիոնալ բնակելի թաղամասի տարածքում։ Քաղաքապետարանը պատասխանել է, որ ըստ ներկայացված նախագծի և տրված շինթույլտվության՝ տարածքում մասնավոր տներ չկան: 

«Ջերմուկ գրուպ» ՓԲԸ-ի հիմնադիր նախագահը Ազգային ժողովի նախկին պատգամավոր Աշոտ Արսենյանն է, այժմ ընկերությունը ղեկավարում է նրա որդին՝ Վահագն Արսենյանը։ 

Հոդվածը պատրաստ էր հրապարակման, երբ Բրյուսով փողոցի բնակիչ Զառա Սահակյանից տեղեկացանք, որ օգոստոսի 11-ին «Ջերմուկ գրուպ» ՓԲ ընկերության ֆինանսական գծով տնօրեն Նորայր Մովսիսյանն ու փոխտնօրեն Վլադիմիր Պողոսյանն այցելել են բնակիչներին, տեսել տներին հասցված վնասն ու խոստացել երկուշաբթի օրը փորձագետների հետ մոտենալ, գրանցել պատճառված վնասն ու փոխհատուցել։ 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter