HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Տրդատ Մուշեղյան

ՌԴ ՊՆ-ն ևս հաստատել է Ադրբեջանի կողմից հարվածային ԱԹՍ-ներ կիրառելու փաստը

Ռուսաստանի Դաշնության պաշտպանության նախարարությունը (ՌԴ ՊՆ) հաստատել է Ադրբեջանի կողմից Արցախի Պաշտպանության բանակի դիրքերի ուղղությամբ հարվածային անօդաչու թռչող սարքեր կիրառելու փաստը, որի մասին դեռևս օգոստոսի 11-ին հայտնել էր Արցախի Հանրապետության պաշտպանության նախարարությունը։

Հիշեցնենք՝ Արցախի պաշտպանական գերատեսչությունը հայտնել էր, որ օգոստոսի 11-ին՝ ժամը 08:29-ի և 08:58-ի սահմաններում, հակառակորդը հարվածային անօդաչու թռչող սարքեր է կիրառել Պաշտպանության բանակի մարտական դիրքերի ուղղությամբ: Հայկական կողմը կորուստներ չէր ունեցել: Այս միջադեպի մասին համապատասխան տեղեկատվություն և փաստեր էին տրամադրվել ռուսական խաղաղապահ զորակազմի հրամանատարությանը:

Տեղի ունեցած միջադեպին Ռուսաստանի պաշտպանության նախարարությունն անդրադաձել է մեկ օր անց։ Օգոստոսի 12-ին հրապարակված ՌԴ ՊՆ պաշտոնական տեղեկագրում ասվում է հետևյալը․

«Անցած օրերին արձանագրվել է հրադադարի ռեժիմի խախտման մեկ դեպք։ Օգոստոսի 11-ին՝ ժամը 7։29-ին և 7։58-ին, Ադրբեջանի զինված ուժերի կողմից հարվածային քառաթիռների (քվադրոկոպտեր) կիրառմամբ երկու հարված է հասցվել Լեռնային Ղարաբաղի զինված կազմավորումների դիրքերին՝ դիտակետի մոտակայքում՝ Եղցահողից (բնակավայր Արցախում, խմբ․) 2 կմ հյուսիս-արևմուտք։ Տուժածներ չկան։

Ռուսական խաղաղապահ զորախմբի հրամանատարությունը միջոցներ է ձեռնարկել իրավիճակի հետագա սրումը թույլ չտալու համար։ Կատարվում է հետաքննություն»։

Նշենք, որ վերջին օրերին սա Ադրբեջանի զինված ուժերի կողմից Արցախում հրադադարի ռեժիմի խախտման միակ դեպքը չէ։ Պաշտպանության բանակը ավելի վաղ հայտնել էր, որ օգոստոսի 9-ին՝ ժամը 16:00-ից 22:00-ն ընկած ժամանակահատվածում, հակառակորդը խախտել է հրադադարի պահպանման ռեժիմը հարավ-արևմտյան (Շոշ-Մխիթարաշեն) հատվածում: Բացի հրաձգային զինատեսակներից ադրբեջանական զինուժը կիրառել էր նաև ՀՀՆ-9 (հաստոցավոր հակատանկային նռնականետ)՝ հայկական դիրքերի ուղղությամբ արձակելով 3 արկ: Բարեբախտաբար, հայկական կողմը կորուստներ չէր ունեցել:

Այս դեպքին ևս Ռուսաստանի պաշտպանության նախարարությունն արձագանքել էր։ Օգոստոսի 10-ին հրապարակված տեղեկագրում նշված է եղել հետևյալը․

«Օգոստոսի 9-ին՝ ժամը 17։45-ին, Շուշի բնակավայրի մոտակայքում փոխհրաձգություն է տեղի ունեցել Լեռնային Ղարաբաղի զինված կազմավորումների և Ադրբեջանի զինված ուժերի միջև։

Ռուս խաղաղապահների ջանքերով հրաձգությունը դադարել է, տուժածներ չկան։ Այս փաստի առթիվ ռուսական խաղաղապահ զորախմբի հրամանատարությունը հայկական և ադրբեջանական կողմերի հետ համատեղ ճշգրտումներ է կատարում»։

Այս ամենից բացի, Ադրբեջանի զինված ուժերը ևս մեկ սադրանքի են դիմել նաև օգոստոսի 12-ին։ Մասնավորապես, ըստ Պաշտպանության բանակի տարածած հաղորդագրության՝  օգոստոսի 12-ի գիշերը Ադրբեջանի զինված ուժերի ստորաբաժանումները Արցախի արևմտյան հատվածում փորձել են հատել արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գիծը։ Պաշտպանության բանակի հակազդող գործողությունների արդյունքում փորձը կանխվել է, և հակառակորդը հետ է շպրտվել ելման դիրքեր։ Հայկական կողմից կորուստներ չեն եղել։

Այս մասին ևս ռուսական խաղաղապահ զորախմբի հրամանատարությունը տեղեկացվել է, սակայն այս վերջին միջադեպին Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը դեռևս չի արձագանքել։

Գլխավոր լուսանկարը՝ արխիվային / © Նարեկ Ալեքսանյան, «Հետք»

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter