HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Փորձագետ. «ՀԱՊԿ-ի համար պարզ դարձավ, որ իր տեղը կարող են զբաղեցնել այլ պետություններ կամ ռազմական ալյանսներ»

«Հետքի» հարցերին պատասխանում է ռազմական փորձագետ Կարեն Հովհաննիսյանը

-ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասի Հայաստան այցելությունն առաջին հերթին պայմանավորում եք ՀԱՊԿ-ում Հայաստանի գալիք նախագահությա՞մբ, թե՞ հայ-ադրբեջանական սահմանին չնվազող լարվածությամբ:

-Զասի Հայաստան գալն ավելի շատ պայմանավորում եմ աշխարհաքաղաքական, այսինքն՝ այն իրավիճակով եւ տրամադրություններով, որոնք այսօր առկա են Հայաստանում եւ ընդհանրապես Հայաստանի՝ ՀԱՊԿ-ից արդեն մի քանի անգամ բացահայտ ակնկալիքով, որը տարբեր պաշտոնյաների շուրթերից է հնչել:

Զասը եկել է Հայաստան՝ պայմանավորված ոչ թե Հայաստանի՝ ՀԱՊԿ-ում նախագահությամբ կամ հայ-ադրբեջանական սահմանային լարվածությամբ, այլ որպեսզի վստահեցնի կամ հստակ ցուցիչներ հաղորդի հասարակությանը, որ, այնուամենայնիվ, ՀԱՊԿ-ն համարվում է Հայաստանի ռազմավարական գործընկեր, կամ այդ ալյանսի շրջանակներում այն կարող է Հայաստանին ռազմական որեւէ օգնություն ցուցաբերել: Կարծում եմ՝ դա էր Զասի այցելության նպատակը, քանի որ նա եղավ թե՛ Եռաբլուրում, թե՛ Արարատի մարզում՝ Երասխում, այսինքն՝ այն հատվածում, որտեղ անընդհատ տեղի են ունենում սահմանային լարվածությունները:

Կարծում եմ՝ հիմնականում այստեղ տարածաշրջանային մրցակցություն է, եւ ԱՄՆ դեսպանի՝ մարզերով շրջագայության ֆոնի վրա փորձ է արվում չեզոքացնել ազդեցության ոլորտներից Հայաստանի հնարավոր դուրս գալը:

-Մեկ ամիս առաջ ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը հայտարարել էր, թե հայ-ադրբեջանական սահմանին տեղի ունեցողը կառույցի կանոնադրության դրույթների մեջ չի տեղավորվում: Իսկ օրերս արձանագրել է, որ տեղի ունեցածը սպառնալիք է Հայաստանի համար: Ինչո՞վ է պայմանավորված ՀԱՊԿ բարձրաստիճան պաշտոնյայի կեցվածքի փոփոխությունը:

-Ինչպես ասացի, դա պայմանավորված է իրականում տարածաշրջանում խաղացողների դերակատարության նվազման կամ աճման հետ, եւ, ընդհանրապես, ՀԱՊԿ դիրքորոշման նմանատիպ փոփոխությունը խոսում է նրա մասին, որ ակնհայտորեն իրենց համար պարզ դարձավ, որ իր տեղը կարող են զբաղեցնել այլ պետություններ կամ ռազմական ալյանսներ, եւ իրենք շտապում են օր առաջ իրենց վրա վերցրած պարտականությունն իրականություն դարձնել եւ արդեն անցել են նմանատիպ հայտարարությունների: Չի բացառվում, որ ավելի կոշտ հայտարարություններ լինեն, եւ չի բացառվում, որ որոշակի իքս ժամանակից ՀԱՊԿ-ն ինչ-որ ձեւաչափով ներկայացված լինի Հայաստանում:

-Ինչո՞վ եք պայմանավորում ադրբեջանցիների սադրիչ գործողությունները սահմանի ամբողջ երկայնքով:

-Ադրբեջանը փորձ է կատարում  սադրիչ գործողություններով Հայաստանի վրա որոշակի ճնշում գործադրել, որպեսզի ստանա իր համար երազանք դարձած միջանցքը, որը պիտի կապի Նախջիեւանին եւ Թուրքիային, ու փորձ է կատարում այս կերպ մեզ պարտադրել պարտվողի տրամադրություն, եւ այդ տրամադրությամբ մենք զիջենք ամեն ինչ: Կարծում եմ՝ Ադրբեջանը միայնակ չի գնում այս ամենին, այլ Թուրքիայի հետ է գնում, եւ սադրանքները դեռ շարունակվելու են, քանի որ մեր ռազմավարական գործընկերների կողմից չկա որեւէ գործուն քայլ:

-Ըստ Ձեզ՝ ի՞նչ գործնական քայլեր կարող ենք սպասել ՀԱՊԿ-ից այս իրավիճակում, եւ արդյոք այն կարող է զսպել Ադրբեջանի ոտնձգությունները:

-Զասն ինքն էլ հայտարարեց, որ դեռ չի սպառվել քաղաքական ճանապարհով հարցերը լուծելու հնարավորությունը, այնպես որ իրենք դեռեւս դիտարկում են բանակցությունների միջոցով հարցերը լուծելու տարբերակը, եւ առաջնային չեն համարում որեւէ ռազմական գործողություն կամ միջամտություն: Կարծում եմ՝ պարզապես կսահմանափակվեն հայտարարություններով, ավելի կոշտ հայտարարություններով եւ ոչ ավելին:

Լուսանկարը՝ Կ․ Հովհաննիսյանի ֆեյսբուքյան էջից

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter