HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Անյա Սարկիսովա

Ստեփանակերտի 30%-ում ջուր չկա

Արդեն 7 օր է Ստեփանակերտի մի մասը ջուր չունի։ Ստեփանակերտի քաղաքապետարանը, «Ջրմուղ կոյուղի» ՓԲԸ-ն իրենց ֆեյսբուքյան էջերում պարբերաբար հայտարարություններ են տարածում ու տեղեկացնում ջրամատակարարման դադարեցման ու այլընտրանքային տարբերակներով բնակիչներին ջուր հասցնելու մասին։

Ասկերանի շրջանի Ավետարանոց գյուղի բնակիչ Սմբատ Մադաթյանը, որը պատերազմից հետո բնակվում է Ստեփանակերտում (Ավետարանոցը հոկտեմբերի 27-ին անցել է ադրբեջանական վերահսկողության տակ), մեզ հետ զրույցում նշեց, որ ջրանջատումները լինում են մասնակի, օրվա տարբեր ժամերի, տարբեր թաղամասերում, թաղամասեր կան, որտեղ այս օրերի ընթացքում ընդհանրապես ջուր չի եղել։ Այն թամաղամասում, որտեղ ապրում է Սմբատն ընտանիքի հետ, գիշերը ժամը 2-ից 4-ն է ջուր լինում, արթնանում են, կենցաղային գործերն անում, լողանում և ջուր հավաքում։ Խմելու ջուրը մարդկանց մատակարարվում է հրշեջ ծառայության ու «Ջրմուղ կոյուղի» ՓԲԸ-ի մեքենաներով։

Սմբատի խոսքով` «Ջրմուղ կոյուղին» և Արտակարգ իրավիճակների պետական ծառայությունը (ԱԻՊԾ) բնակիչների պատշաճ սպասարկում են իրականացնում։ Կեսգիշերն անց էլ մեքենաները շրջում են քաղաքի փողոցներով։ 

Արցախի «Ջրմուղ կոյուղի» ՓԲԸ-ի տնօրեն Գագիկ Պողոսյանն ասում է` այս պահի դրությամբ Ստեփանակերտի 30%-ը ջրամատակարարում չունի: «Ջրմուղ կոյուղի» ՓԲ ընկերությունը Արցախի արտակարգ իրավիճակների պետական ծառայության հետ համատեղ, 6 մեքենաներով, որոնցից 3-ը ԱԻՊԾ-ն է տրամադրել, Ստեփանակերտի այն փողոցներում, որտեղ չկա ջրամատակարարում, առավոտյան 8-ից մինչև գիշերվա 3-ն աշխատում են։ Վաղվանից կտեղադրվեն 15 պլաստմասե ցիստեռներ, որոնցից կարող են օգտվել բնակիչները, սակայն մեքենաներով ջրամատակարարումը կշարունակվի։

Պետրոսյանի խոսքով` ջրի սակավության պատճառը 90%-ով կապված է Ստեփանակերտի բնակչության մեծացման հետ։ «Պատերազմից հետո կտրուկ աճեց Ստեփանակերտի բնակչության թիվը, բնականաբար, ինչքան շատ մարդ է բնակվում, այնքան շատ ջուր է օգտագործվում, միայն 10%-ը կարելի է կապել երաշտի հետ, մեկ ամիս է` անձրև չի եկել»,-նշեց նա։

Թե ինչքան կարող է շարունակվել այս վիճակը, տնօրենը դժվարացավ պատասխանել։

Արցախի Ներքին գործերի նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Հունան Թադևոսյանը «Հետքի» հետ զրույցում հայտնեց, որ Արտակարգ իրավիճակների պետական ծառայությունը ձևավորել է աշխատանքային խումբ և «Ջրմուղ կոյուղի» ՓԲԸ-ի հետ ներգրավվել ջրամատակարարման աշխատանքներում։ ԱԻՊԾ աշխատակիցները առավոտից մինչ ուշ գիշեր թաղամաս առ թաղամաս ջուր են մատակարարում Ստեփանակերտի բնակիչներին: 

Նրա խոսքով` տարեց և հաշմանդամություն ունեցող բնակիչները, որոնք ինքնուրույն չեն կարողանում ջուր վերցնել, զանգահարում են 911 հեռախոսահամարով, նշում բնակության հասցեն, ասում, թե քանի լիտր ջուր է անհրաժեշտ, ու փրկարարները ջուրը հասցնում են նրանց բնակարաններ:

ԱԻՊԾ-ն ջրամատակարարման աշխատանքներին կներգրավվի այնքան ժամանակ մինչև Ստեփանակերտում լուծվի խմելու ջրի հարցը։

Ստեփանակերտին օգնության է հասնում նաև Ասկերանը։ 

Ասկերանի քաղաքապետարանը օգոստոսի 12-ին հայտարարություն էր տարածել, որ անհրաժեշտ են 5, 6 լիտր և ավելի մեծ տարողությամբ դատարկ շշեր՝ Ստեփանակերտի անջուր մնացած թաղամասերին խմելու ջուր առաքելու համար։

«Հետքը» կապ հաստատեց Ասկերանի քաղաքապետ Հայկ Շամիրյանի հետ: Մեզ հետ զրույցում նա նշեց, որ արդեն մի քանի օր է` Ասկերանից մեքենաներով ջուր է մատակարարվում Ստեփանակերտ։ Քաղաքապետարանի ուղղորդմամբ` ջուրը տրամադրվում է այն թաղամասերին, որտեղ ամենից շատ կարիք կա։ 

Ստեփանակերտ ուղարկվող ջուրն ասկերանցիները վերցնում են քաղաքի պուրակի ցայտաղբյուրից։ Քաղաքապետ Հայկ Շամիրյանի խոսքով` արդեն մեծ քանակությամբ շշեր են բերել մարդիկ, շուտով առաջին մեքենաները կուղևորվեն Ստեփանակերտ։ Աշխատանքներն իրականացնելու են քաղաքապետարանի աշխատակիցները։

«Հետքը» փորձեց կապ հաստատել նաև Ստեփանակերտի քաղաքապետարանի հետ։ Լրատվության բաժնի պատասխանատու Մարիամ Ծատրյանը մեզ հայտնեց, որ ջրամատակարարման աշխատանքներով զբաղվում է փոխքաղաքապետ Սամվել Ղուլյանը, բայց այս պահին շատ զբաղված է ու չի կարող պատասխանել մեր հարցերին։ 

 Լուսանկարները՝ ԱԻՊԾ-ի ֆեյսբուքյան էջի, Սմբատ Մադաթյանի

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter