HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Վահե Սարուխանյան

Հայաստանում կլինեն ոչ միայն աերոդրոմներ եւ ուղղաթիռադաշտեր, այլեւ թռիչքային հարթակներ

Հայաստանում այս պահին գործող աերոդրոմներին եւ ուղղաթիռադաշտերին առաջիկայում կավելանան նաեւ թռիչքային հարթակները: Այդ հարթակները, մեծ հաշվով, հիմա էլ կան, սակայն օրենսդրորեն դրանց գործունեությունը կարգավորված չէ:

Տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարությունը, որը մեր երկրում մշակում եւ իրականացնում է քաղավիացիայի բնագավառի քաղաքականությունը, «Ավիացիայի մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին օրինագիծ է ներկայացրել, որը ներկա պահին տեղադրված է իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական e-draft.am կայքում:

Ի թիվս այլ փոփոխությունների եւ լրացումների՝ նախարարությունն առաջարկում է կանոնակարգել թռիչք-վայրէջքների հարթակների գործունեությունը: Բանն այն է, որ ներկայում օրենքով սահմանված են միայն «աերոդրոմ» եւ «ուղղաթիռադաշտ» հասկացությունները, իսկ «հարթակ» տերմինը բացակայում է:

Աերոդրոմ է համարվում հողային տարածքը կամ ջրային տարածքը (ներառյալ՝ շենքերը, շինություններն ու սարքավորումները), որն ամբողջովին կամ մասնակիորեն նախատեսված է այդ տարածքում օդանավերի ժամանման, մեկնման եւ երթեւեկության նպատակներով:

Ուղղաթիռադաշտ (հրապարակ) է համարվում հողային (ջրային) տարածքը կամ հատուկ նախապատրաստված հրապարակը (ներառյալ՝ շենքերը, շինություններն ու սարքավորումները), որն ապահովում է ուղղաթիռների ինքնաթիռային կամ ուղղաթիռային թռիչք-վայրէջքը, գետնավարումը, պահպանումը եւ սպասարկումը:

Աերոդրոմներն ու ուղղաթիռադաշտերը միջազգային եւ ներքին օդանավակայանների մաս են կազմում: Օդանավակայան է համարվում շինությունների համալիրը, որը ներառում է աերոդրոմը (ուղղաթիռադաշտը), ուղեւորների, բեռների եւ փոստի սպասարկման համար նախատեսված համալիրը եւ այլ շինություններ, որոնք նախատեսված են օդանավերի ընդունման, ուղարկման, օդային փոխադրումների սպասարկման նպատակներով եւ համալրված են համապատասխան սարքավորումներով ու սպասարկող անձնակազմով:

Միջազգային օդանավակայան է համարվում ՀՀ տարածքում առանձնացված ցանկացած օդանավակայան՝ միջազգային օդային փոխադրումներ իրականացնող օդանավերի ընդունման եւ մեկնման համար, որտեղ իրականացվում են մաքսային, միգրացիոն, սանիտարական, կարանտինային եւ նմանատիպ ընթացակարգեր: Ներքին օդանավակայան է համարվում միայն ներքին օդային փոխադրումների համար օգտագործվող օդանավակայանը:

«Ավիացիայի մասին» օրենքը սահմանում է, որ միջազգային եւ ներքին օդանավակայանների աերոդրոմները (ուղղաթիռադաշտերը) պարտադիր ենթակա են սերտիֆիկացման: Դրանց սերտիֆիկատը տալիս է ՀՀ քաղաքացիական ավիացիայի կոմիտեն (ՔԱԿ), որը նաեւ սահմանում է սերտիֆիկացման կարգն ու աերոդրոմների (ուղղաթիռադաշտերի) շահագործման պայմանները։

Հիմա հարցն այն է, որ Հայաստանում կան թռիչքային հարթակներ, որոնք չեն համապատասխանում աերոդրոմի կամ ուղղաթիռադաշտի համար սահմանված պահանջներին եւ սերտիֆիկացված չեն ՔԱԿ-ի կողմից, սակայն փաստացի շահագործվում են ավիատորների կողմից:

Հիշեցնենք, որ 2019-ին ՀՀ պետական վերահսկողական ծառայությունը պարզել էր, որ ուղղաթիռային օպերատոր «Armenian Helicopters» ավիաընկերությունը ՔԱԿ-ի հաստատմանը ներկայացրած օդանավ շահագործողի իր ձեռնարկում նշել էր ավելի քան 70 ուղղաթիռադաշտ, որոնք, սակայն, սերտիֆիկացված չէին:

«Հետքի» հարցմանն ի պատասխան՝ ՔԱԿ-ը պարզաբանել էր, որ դրանցից ոչ մեկը չի հանդիսանում միջազգային կամ ներքին օդանավակայանի ուղղաթիռադաշտ, ուստի կոմիտեն գործող օրենսդրությամբ որեւէ հիմք չի ունեցել դրանց սերտիֆիկացման համար: Նմանապես չի սերտիֆիկացվել նաեւ Եղվարդի կիսակառույց ջրամբարի տարածքում գործարկված թռիչքուղին:

Կոմիտեն մեզ հայտնել էր, որ ոլորտը կկարգավորվի օրենսդրական փոփոխությունների եւ լրացումների արդյունքում, ինչի առաջին քայլերն էլ այժմ տեսնում ենք:

ՏԿԵ նախարարությունն այժմ առաջարկում է սահմանել, թե ինչ է թռիչքային հարթակը. «Թռիչք-վայրէջքի հարթակ է համարվում հողային կամ ջրային հատվածը, որը նախատեսված է ընդհանուր նշանակության ավիացիայի կամ ներքին ոչ կանոնավոր առեւտրային փոխադրումների օդանավերի (ինքնաթիռ, ուղղաթիռ) թռիչք-վայրէջքների, գետնավարման եւ կայանման համար»:

Ինչպես տեսնում ենք, այս հարթակները կարող են օգտագործվել միայն ընդհանուր նշանակության ավիացիայի (ներառում է ոչ առեւտրային գործարարական ավիացիան, ուսումնական թռիչքները, անձնական թռիչքները, հատուկ ավիացիոն աշխատանքները, ինչպիսիք են գյուղատնտեսական, շինարարական, հետազոտական, նկարահանման, ուսումնասիրության, գովազդային եւ այլ հատուկ բնույթի ծառայությունները) եւ ներքին չարտերային (ոչ կանոնավոր) թռիչքների համար: Այսինքն՝ հարթակները չեն կարող կիրառվել ներքին կանոնավոր թռիչքների համար, առավել եւս՝ միջազգային գործունեության: Վերջիններս պիտի իրականացվեն միայն ներքին ու միջազգային աերոդրոմներից (ուղղաթիռադաշտերից), որոնք ենթակա են սերտիֆիկացման:

Նախարարությունը որպես նոր կարգավորման հիմնավորում նշում է. «Օրենքը սահմանում է միջազգային եւ ներքին օդանավակայանների աերոդրոմների (ուղղաթիռադաշտերի) սերտիֆիկացման պահանջը, ինչը չի կարող տարածվել ընդհանուր նշանակության ավիացիայի համար օգտագործվող հարթակների վրա: Ներկայիս դրությամբ ՀՀ-ում գրանցված ցածր դասի օդանավ շահագործողների կողմից ձեռնարկվում են միջոցներ՝ ուղղված թռիչքային հարթակների կառուցմանը, որոնց հետագա շահագործման հարցը գործող օրենսդրությամբ կանոնակարգված չէ, իսկ նախագծի ընդունման դեպքում կարող են սահմանվել ընդհանուր նշանակության ավիացիայի օդանավերի թռիչք-վայրէջքային հարթակներին ներկայացվող պահանջները եւ դրանց շահագործման թույլտվության տրամադրման կարգը, ինչը թույլ կտա կանոնակարգել դրանց օգտագործումը»:

Եթե աերոդրոմներն ու ուղղաթիռադաշտերը ենթակա են սերտիֆիկացման, ապա թռիչքային հարթակները օրենսդրական փոփոխությունից հետո կարող են օգտագործվել միայն շահագործման թույլտվություն ստանալուց հետո: Թույլտվություն տալու կարգը եւ շահագործման պայմանները, ինչպես աերոդրոմների (ուղղաթիռադաշտերի) սերտիֆիկատների ու շահագործման դեպքում է, սահմանելու է ՔԱԿ-ը:

Ներկայում Հայաստանում կա սերտիֆիկացված միայն 3 աերոդրոմ: Խոսքը Երեւանի «Զվարթնոց» եւ Գյումրու «Շիրակ» միջազգային օդանավակայանների, ինչպես նաեւ Կապանի «Սյունիք» օդանավակայանի աերոդրոմների մասին է:

Չնայած «Ավիացիայի մասին» օրենքը սահմանում է, որ միջազգային եւ ներքին ուղղաթիռադաշտերը պարտադիր ենթակա են սերտիֆիկացման, ՔԱԿ-ի մասնագետները ՊՎԾ-ի ներկայացուցիչների հետ քննարկումների ժամանակ կարծիք էին հայտնել, որ թռիչքների անվտանգության տեսանկյունից նման գործընթացը պարտադիր չէ, քանի որ «Զվարթնոցի» ու «Շիրակի» աերոդրոմներն արդեն իսկ սերտիֆիկացված են, եւ ուղղաթիռադաշտերը լրացուցիչ սերտիֆիկացնելու անհրաժեշտություն չի եղել (ուղղաթիռադաշտերը գտնվում են աերոդրոմների տարածքում, այսինքն՝ վերջիններս սերտիֆիկացվել են իբրեւ մեկ ամբողջություն): Նույն բանը կարող ենք ասել Կապանի «Սյունիք» օդանավակայանի վերաբերյալ:

Այսպիսով՝ օրենսդրական փոփոխություններից հետո Երեւանի, Գյումրու եւ Կապանի սերտիֆիկացված աերոդրոմներին եւ ուղղաթիռադաշտերին կավելանան թռիչքային հարթակները, որոնք, ինչպես նշեցինք, կարող են օգտագործվել միայն ընդհանուր նշանակության ավիացիայի եւ ներքին չարտերային թռիչքների համար:

Հայտնի է, որ մեր երկրում կան նաեւ օդանավակայաններ, որոնք ՊՆ-ին են հանձնված, սակայն դրանց ռազմական աերոդրոմները համատեղ բազավորման են, այսինքն՝ այստեղ կարող են բազավորվել նաեւ քաղաքացիական օդանավեր: Խոսքը «Էրեբունի» եւ «Արզնի» օդանավակայանների մասին է: Թե ինչու ՔԱԿ-ը չի սերտիֆիկացրել դրանց աերոդրոմները (ուղղաթիռադաշտերը), արդեն գրել ենք. դրանց վրա տարածվում են սերտիֆիկացման գործող կարգով սահմանված բացառությունները: Այդուհանդերձ, համաձայն «Ավիացիայի մասին» օրենքի, նշված աերոդրոմները պետք է համապատասխանեն քաղաքացիական աերոդրոմներին ներկայացվող պահանջներին եւ այդ նպատակով ենթակա են վերահսկման կոմիտեի կողմից, ինչն էլ, ըստ ՔԱԿ-ի, արվում է:

ՏԿԵ նախարարության ներկայացրած օրինագիծը կառավարության կողմից հաստատվելուց հետո ուղարկվելու է Ազգային ժողով՝ ընդունման:

Լուսանկարները՝ «Ֆեյսբուք» սոցցանցից

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter