HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Վահե Սարուխանյան

Հայաստանում միայն 2 սերտիֆիկացված աերոդրոմ կա, երրորդը շարք կմտնի շուտով

Հայաստանը, որի տարածքում խորհրդային տարիներին գործել է շուրջ երկու տասնյակ աերոդրոմ, այսօր ունի ընդամենը 2 սերտիֆիկացված աերոդրոմ: Խոսքը, բնականաբար, մեր երկրի միջազգային օդանավակայանների՝ Երեւանի «Զվարթնոցի» ու Գյումրու «Շիրակի» աերոդրոմների մասին է:

Նախորդ հոդվածում գրել էինք, որ ՀՀ պետական վերահսկողական ծառայությունը քաղավիացիայի կոմիտեում ուսումնասիրություն կատարելուց հետո արձանագրել էր, որ չնայած օրենսդրությամբ միջազգային եւ ներքին օդանավակայանների աերոդրոմները (ուղղաթիռադաշտերը) պարտադիր ենթակա են սերտիֆիկացման, իսկ «Արմենիան Հելիքոփթերս» ավիաընկերությունն էլ, որն ուղղաթիռներ է շահագործում, ՔԱԿ-ի հաստատմանը ներկայացրած օդանավ շահագործողի իր ձեռնարկում նշել է ավելի քան 70 ուղղաթիռադաշտ, վերջիններս դեռեւս սերտիֆիկացված չեն:

ՔԱԿ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնակատար Հայսեր Գասպարյանը «Հետքին» հայտնել էր, որ այդ 70-ից ոչ մեկը չի հանդիսանում միջազգային կամ ներքին օդանավակայանի ուղղաթիռադաշտ, ուստի կոմիտեն գործող օրենսդրությամբ որեւէ հիմք չի ունեցել եւ չունի դրանց սերտիֆիկացման համար: Նույնը վերաբերում է Եղվարդի անավարտ ջրամբարի տարածքում գործարկված թռիչքուղուն, որը թեթեւ ինքնաթիռներ են օգտագործում: Ասվածից հետեւում էր, որ շուրջ 70 ուղղաթիռադաշտերն ու ջրամբարի տարածքում բացված թռիչքուղին չեն համապատասխանում ուղղաթիռադաշտ կամ աերոդրոմ համարվելու պահանջներին, այլ կերպ ասած՝ դրանք պարզապես հարթակներ են, որտեղ իրականացվում է կամ կարող է իրականացվել օդանավերի (ինքնաթիռների եւ ուղղաթիռների) թռիչք-վայրէջք:

Գասպարյանը նշել էր, որ ՔԱԿ-ի կողմից նախատեսվում են օրենսդրական փոփոխություններ, մասնավորապես՝ «Ավիացիայի մասին» օրենքում կատարվելու են փոփոխություններ եւ լրացումներ, ինչից հետո պետք է հաստատվի «Օդանավերի թռիչք-վայրէջքային հարթակներին ներկայացվող պահանջները եւ դրանց շահագործման թույլտվության տրամադրման կարգը»: «Նշված փոփոխությունների ընդունումից հետո կոմիտեն կանդրադառնա ինչպես ուղղաթիռադաշտերի, այնպես էլ թռիչքուղիների շահագործման թույլտվություն տրամադրելու հարցին՝ համաձայն նշված կարգով սահմանված պահանջների»,- ասել էր գլխավոր քարտուղարի պաշտոնակատարը:

Ստացվում է, որ չնայած «Արմենիան Հելիքոփթերսը» փոխադրումներ է կատարում տարբեր հարթակներից, այսօր մեր երկրում դրանց վերաբերյալ օրենսդրական որեւէ կարգավորում չկա, եղած օրենսդրության մեջ էլ դրանք չեն տեղավորվում: Այդ իսկ պատճառով անհրաժեշտություն է ծագել մշակել եւ ընդունել նոր կարգ, որը վերաբերելու է հենց նման հարթակներին:

Հայսեր Գասպարյանը վերջերս մեզ հավելյալ հայտնել է, որ քաղավիացիայի կոմիտեի մասնագետները ՊՎԾ-ի ներկայացուցիչների հետ քննարկումներ են ունեցել «Զվարթնոց», «Շիրակ» եւ «Էրեբունի» օդանավակայանների ուղղաթիռադաշտերի սերտիֆիկացման վերաբերյալ: Նշենք, որ «Արմենիան Հելիքոփթերսը» բազավորվում է «Զվարթնոցում»:

Չնայած «Ավիացիայի մասին» օրենքը սահմանում է, որ միջազգային եւ ներքին ուղղաթիռադաշտերը պարտադիր ենթակա են սերտիֆիկացման, ՔԱԿ-ի մասնագետները քննարկումների ժամանակ կարծիք են հայտնել, որ թռիչքների անվտանգության տեսանկյունից նման գործընթացը պարտադիր չէ, քանի որ «Զվարթնոցի» ու «Շիրակի» աերոդրոմներն արդեն իսկ սերտիֆիկացված են, եւ ուղղաթիռադաշտերը լրացուցիչ սերտիֆիկացնելու անհրաժեշտություն չի եղել (նկատենք, որ ուղղաթիռադաշտերը գտնվում են աերոդրոմների տարածքում, այսինքն՝ վերջիններս սերտիֆիկացվել են իբրեւ մեկ ամբողջություն):

Ինչ վերաբերում է «Էրեբունուն» (լուսանկարում), որն ունի համատեղ բազավորման ռազմական աերոդրոմ (ներառյալ՝ ուղղաթիռադաշտ), այսինքն՝ այստեղ կարող են բազավորվել նաեւ քաղաքացիական ինքնաթիռներ եւ ուղղաթիռներ, ապա Հ. Գասպարյանը հայտնել է, որ դրա աերոդրոմը չի սերտիֆիկացվել՝ հաշվի առնելով «Միջազգային եւ ներքին օդանավակայանների աերոդրոմների սերտիֆիկացման կարգով» սահմանված բացառությունները:

2007 թ. ընդունված այս կարգում նշվում է, որ դրա դրույթները տարածվում են ՀՀ քաղաքացիական աերոդրոմների եւ ուղղաթիռադաշտերի, համատեղ բազավորման քաղաքացիական եւ ռազմական, ինչպես նաեւ համատեղ օգտագործման աերոդրոմների վրա՝ բացառությամբ համատեղ բազավորման ռազմական եւ համատեղ օգտագործման այն աերոդրոմների, որտեղ

1. քաղաքացիական օդանավերով իրականացվում են ոչ առեւտրային թռիչքներ,
2. շահագործվող քաղաքացիական օդանավերի առավելագույն թռիչքային քաշը չի գերազանցում 32 տոննան,
3. քաղաքացիական օդանավերը շահագործվում են ռազմական նպատակների համար:

«Էրեբունիում» այսօր, ինչպես գրել ենք, բազավորվում է միայն մեկ քաղաքացիական օդանավ՝ «Մեյն Ավիէյշըն Տեքնիքս» ՍՊԸ-ի «Diamond DA40» 4-տեղանոց ինքնաթիռը, որը ներկայում ոչ միայն թռիչքներ չի կատարում (նախկինում օգտագործվել է «Զվարթնոցում» թռիչքային ուսուցման նպատակով), այլեւ դրա առավելագույն թռիչքային քաշը 1,5 տոննայի էլ չի հասնում: Նախկինում՝ մինչեւ 2000-ականների սկիզբը, «Էրեբունիում» շահագործվել են շատերին հայտնի «Յակ-40» ինքնաթիռները, որոնք Երեւանն ու մարզերը կապող հիմնական օդային տրանսպորտն էին: Սակայն «Յակ-40»-ի առավելագույն թռիչքային քաշն էլ չի հասնում 18 տոննայի: Վերջին 10 տարիներին «Էրեբունին» օգտագործել են մասնավոր ավիաընկերությունների «Իլ-76», «Ան-12», «Boeing-737» ինքնաթիռները (սրանց առավելագույն թռիչքային քաշը գերազանցում է 32 տոննան), որոնց թռիչքները, փաստորեն, տեղավորվել են վերոնշյալ կարգով սահմանված բացառությունների մեջ:

Չնայած «Էրեբունին» համատեղ բազավորման ռազմական աերոդրոմ է, որից քաղաքացիական օդանավերն այսօր գրեթե չեն օգտվում, «Ավիացիայի մասին» օրենքը սահմանում է, որ համատեղ բազավորման եւ օգտագործման աերոդրոմները պետք է համապատասխանեն քաղաքացիական աերոդրոմներին ներկայացվող պահանջներին եւ այդ նպատակով ենթակա են վերահսկման լիազորված մարմնի կողմից: Այս առումով Հ. Գասպարյանը հայտնել է, որ քաղավիացիայի կոմիտեն տարեկան առնվազն 2 անգամ ուսումնասիրություններ է անցկացնում «Էրեբունիում»: Ինչ վերաբերում է վերջինիս ուղղաթիռադաշտին, ապա ՔԱԿ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնակատարը նշել է, որ այն շահագործվում է ավելի բարձր դասի ռազմական ուղղաթիռների կողմից, ուստի թռիչքների անվտանգության տեսանկյունից որեւէ սպառնալիքներ չկան:

Այդուհանդերձ, կարող ենք ասել, որ առաջիկայում Հայաստանը կունենա նաեւ երրորդ սերտիֆիկացված աերոդրոմը, քանի որ տարվա առաջին կիսամյակում շահագործման է հանձնվելու Կապանի «Սյունիք» օդանավակայանը (լուսանկարում):

Առաջին լուսանկարում՝ «Զվարթնոց» օդանավակայանը (Արմեն Գասպարյան/airliners.net)

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter