Տարածքների փոխանակման հարցով ՀՀ-ն որևէ բանակցություն չի վարում․ ԱԳՆ
Տարածքների փոխանակման հարցով Հայաստանի Հանրապետությունը որևէ երկրի հետ բանակցություններ չի վարում։ Այդ մասին «Հետք»-ի հարցմանն ի պատասխան հայտարարում է ՀՀ արտաքին գործերի նախարարությունը։
Հարցման շարժառիթը Տավուշի մարզում ռուսական ուղեկալների տեղակայման գործընթացն էր։ Արտաքին գործերի նախարարությունը նշում է, որ գործընթացի իրականացման՝ հայկական կողմից իրավասու մարմինը Պաշտպանության նախարարությունն է, սակայն ԱԳՆ-ն ևս իր մասով մասնակցություն ունի դրան։
Արտաքին քաղաքական գերատեսչությունը փաստում է, որ հայ-ադրբեջանական շփման գծի մոտ ռուսական ուղեկալների տեղակայումն իրականացվում է Հայաստանի և Ռուսաստանի միջև 1991 թվականից ի վեր համագործակցության տարբեր ուղղություններով ստորագրված և գործող իրավապայմանագրային լայն բազայի հիման վրա։
Հիշեցնենք, որ օգոստոսի 5-ին «Հետք»-ը գրել էր, որ Տավուշի մարզի սահմանամերձ Ոսկեպար համայնքում ռուս զինվորականներն ուղեկալ են տեղադրել և Հայաստան-Վրաստան միջպետական ճանապարհի Ոսկեպարի հատվածում տնակներ են տեղադրում։ Տավուշի մարզպետ Հայկ Ղալումանը «Հետք»-ի հետ զրույցում հայտնել էր, որ ռուս զինծառայողները սահմանագծի հետ կապված մոնիթորինգ են իրականացնում։ Հարցին, թե Ոսկեպարում ռուս զինծառայողների ներկայությունն ինչով է պայմանավորված՝ Ղալումյանը պատասխանել էր․ «Իրավունք ունեն»։ Ճշտող հարցին, թե ի՞նչ իրավունքով են ռուս զինծառայողներն այնտեղ, ի՞նչ են նրանք որոշում՝ մարզպետը չէր պատասխանել և հեռախոսն անջատել էր։
Ավելի ուշ պարզ դարձավ, որ ռուս սահմանապահները սահմանային Այգեպար, Պառավաքար, Այգեհովիտ, Բերքաբեր, Կոթի, Դովեղ գյուղերում ևս ուղեկալներ կտեղադրեն, իսկ Ազատամուտ գյուղում ռուսները գտնվում են օգոստոսի 5-ից։
Ինչ վերաբերում է ադրբեջանական զինված ուժերի կողմից ՀՀ պետական սահմանի ապօրինի խախտման փաստով ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդ դիմելու հարցին՝ ՀՀ արտաքին քաղաքական գերատեսչությունը նշում է, որ տվյալ պահին դեռևս չի դիտարկվում այդ տարբերակը։ Ըստ ԱԳՆ-ի՝ Հայաստանը պարբերաբար Անվտանգության խորհրդի անդամներին տեղեկացնում է Ադրբեջանի կողմից Հայաստանի ինքնիշխան տարածքի նկատմամբ կատարվող ոտնձգությունների վերաբերյալ։
Լուսանկարը՝ ՀՀ նախագահի մամուլի ծառայության
Մեկնաբանություններ (2)
Մեկնաբանել