HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Տրդատ Մուշեղյան

2169 պահեստազորային կմասնակցի վարժական հավաքների․ կառավարությունն ընդունեց որոշումը

Կառավարության օգոստոսի 18-ի հերթական նիստում հավանության արժանացավ 2021թ․ օգոստոսի 25-ից նոյեմբերի 25-ը պահեստազորայինների մասնակցությամբ վարժական հավաքներ անցկացնելու՝ պաշտպանության նախարարության ներկայացրած որոշման նախագիծը։

Որոշման համաձայն՝ օգոստոսի 25-ից նոյեմբերի 25-ը կայանալիք վարժական հավաքներին ներգրավվելու է ընդհանուր մինչև 2169 քաղաքացի, որոնցից 1164-ը՝ շարքային կազմի, 254-ը` ենթասպայական, 751-ը` սպայական կազմի պահեստազորայիններ՝ մոտոհրաձգային, հրթիռահրետանային, կապի, հետախուզական, ինժեներական մասնագիտություններով:

Բացի այդ, պաշտպանության նախարարությունը նախատեսում է վարժական հավաքների ապահովման համար՝ երեք ամիս ժամկետով` օգոստոսի 25-ից մինչև նոյեմբերի 25-ը, ռազմատրանսպորտային պարտակա­նություններ ունեցող մարմիններից ներգրավել ընդհանուր մինչև 110 միավոր տրանսպորտային միջոց։

Վարժական հավաքները հայտարարվում են պահեստազորայինների ռազմական ունակությունների կատարելագործման և վերապատրաստման, նրանց հետ կնքված պայմանագրի համաձայն` ըստ անհրաժեշտության մարտական հերթապահության ներգրավման նպատակով:

Ռազմական գերատեսչությունն ընդգծում է, որ որոշման ընդունումը պայմանավորված է Հայաստանի զինված ուժերի մարտական հերթապահությունն ուժեղացնելու նպատակով ՀՀ զորահավաքային մարդկային ռեսուրսները և տրանսպորտային միջոցները վարժական հավաքների և մարտական հերթապահության ընդգրկելու անհրաժեշտությամբ:

Ըստ պաշտպանության նախարարության՝ այս գործընթացը կրելու է շարունակական բնույթ, և հետագա տարիներին մարտական հերթապահության կընդգրկվեն նոր ստորաբաժանումներ և նոր պահեստազորայիններ: Այս նախաձեռնությունը պետության համար կարժենա մոտ 3 միլիարդ դրամ, ծախսերը կատարվելու են պաշտպանության նախարարությանը հատկացված, ինչպես նաև ՀՀ կառավարության պահուստային ֆոնդի միջոցների հաշվին:

Հիշեցնենք, որ ավելի վաղ պաշտպանության նախարարությունը այս տարվա սեպտեմբերի 15-ից մինչև դեկտեմբերի 15-ը պահեստազորի վարժական հավաքներ անցկացնելու նախաձեռնությամբ էր հանդես եկել։ Ըստ այդ նախագծի՝ վարժական հավաքներին ներգրավելու է 869 պահեստազորային։ Նպատակը, ըստ ՊՆ-ի, քաղաքացիների ռազմական ունակությունները կատարելագործելը, մասնագիտական պատրաստումն ու վերապատրաստումը, ինչպես նաև բարձրագույն կրթություն ունեցող ենթասպայական կազմից պահեստազորի սպաների պատրաստումն է։

Օգոստոսի 5-ին էլ ՊՆ-ն առաջարկել էր զինված ուժերի գլխավոր շտաբում ստեղծել կառուցվածքային նոր ստորաբաժանում՝ տարածքային պաշտպանության և պահեստային ուժերի հրամանատարություն։ 

Վերջին երկու նախագծերը դեռևս կառավարության նիստերի օրակարգ չեն ընդգրկվել։

Լուսանկարը՝ արխիվային / © «Հետք»

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter