HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սեդա Հերգնյան

Բյուջեն նախատեսվածից շատ է «լցվում», բայց ծախսերը թերակատարվում են

Այս տարվա առաջին կիսամյակում պետական բյուջե հոսող գումարները պլանավորվածից 7.2%‑ով ավելի են: Միևնույն ժամանակ, Կառավարությունը թերանում է ծախսերում. արձանագրվել է ծախսերի 13.4% թերակատարում: Արդյունքում, բյուջեի դեֆիցիտն ավելի փոքր է, քան սպասվում էր: 

Հարկերը պլանավորվածից շատ են հավաքագրվել

Սովորաբար, «Բյուջեի մասին» օրենքն ընդունելիս Կառավարությունն ու Ազգային ժողովը հիմք են ընդունում այդ պահին տիրող սոցիալ-տնտեսական, քաղաքական իրադրությունն ու կանխատեսումները՝ եկամուտների, ծախսերի, դեֆիցիտի գծով: Սակայն, ընդամենը օրեր կամ ամիսներ անց իրադարձությունները կարող են այլ հունով ընթանալ:

Կառավարության որոշումներով բյուջեի ցուցանիշները փոփոխվում են: Այս տարի էլ բացառություն չէ: Սակայն, նույնիսկ, այդ փոփոխությունների ու ճշտված ցուցանիշների համատեսքստում Կառավարությունը թերացել է ինչպես ընթացիկ, այնպես էլ կապիտալ ծախսերում:

Փոխարենն ավելի շատ եկամուտներ են ապահովվել, քան նախատեսված էր:

Ֆինանսների նախարարության տվյալներով՝ «2021 թվականի պետական բյուջեի մասին» օրենքն ընդունելիս առաջին կիսամյակի եկամուտների այլ ցուցանիշ էր նախատեսված, սակայն պայմանավորված տնտեսական իրադրությամբ՝ ցուցանիշները ճշգրտվել են: Ըստ ճշգրտված ծրագրի՝ 2021 թվականի առաջին կիսամյակում Հայաստանի պետական բյուջեի եկամուտները պետք է կազմեին մոտ 738 մլրդ դրամ: Առաջին կիսամյակում ստացվել են 790.9 մլրդ դրամ փաստացի եկամուտներ: Այսինքն՝ բյուջեի ճշտված պլանը գերակատարվել է 7.2%‑ով:

Ընդ որում՝ միայն հարկային եկամուտները կազմել են 750 մլրդ դրամ՝ ճշտված ծրագիրը գերակատարելով 7.7%‑ով: Մնացածը պետական դրամաշնորհներն են և այլ եկամուտները։

Ինչպես ավելի վաղ գրել ենք, հավաքագրված հարկերի աճը հիմնականում ներկայացվում է այն համատեքստում, որ տնտեսությունը վերականգնվել ու լրացուցիչ հարկեր է գեներացրել: Մինչդեռ տվյալների վերլուծությունը վկայում է, որ  ամեն ինչ այդքան միանշանակ չէ, և որ հարկերի աճի վրա ազդել են բազմաթիվ ոչ ներքին տնտեսական գործոններ, այդ թվում՝  արտաքին գործոններ ու օրենսդրական փոփոխություններ:

Ի դեպ, բյուջեի առաջին կիսամյակի կատարողականի վերաբերյալ Ֆինանսների նախարարության ներկայացրած վերլուծությունը ևս վկայում է, որ հարկերի աճի վրա էական ազդեցություն են ունեցել օրենսդրական փոփոխությունները, օրինակ՝ ԱԱՀ-ի, շահութահարկի, դրոշմանիշային վճարների և այլն: 

Ծախսերը թերակատարվել են 13.4%-ով

Առաջին կիսամյակի ճշտված ծրագով պետական բյուջեի ծախսերը նախատեսված էին 999.9 մլրդ դրամի չափով: Սրա դիմաց փաստացի ծախսերը կազմել են 866.4 մլրդ դրամ: Այդպիսով՝ պետական բյուջեի ծախսերի առաջին կիսամյակի ճշտված ծրագիրը կատարվել է 86.6%-ով կամ ավելի պարզ ասած՝ թերակատարվել է 13.4%-ով: 

Տնտեսության համար բյուջեի ծախսերը ժամանակին ու նախատեսված կարգով կատարելը չափազանց կարևոր է։ Երբ հավաքագրված գումարները չեն ծախսվում, այսինքն՝ չեն վերադարձվում տնտեսություն, դա բացասաբար է ազդում տնտեսական աճի վրա։ Ծախսերի թերակատարումը ի վնաս տնտեսության է։

Բյուջեի ծախսերը բաժանվում են երկու խոշոր խմբի՝ ընթացիկ ծախսեր և կապիտալ ծախսեր։

Ընթացիկ ծախսեր են, օրինակ՝ պետական հիմնարկների աշխատավարձերը, գնումները, պետական պարտքի սպասարկումը, սոցիալական նպաստներն ու կենսաթոշակները։

Իսկ կապիտալ ծախսերը պետական բյուջեից տնտեսության մեջ կատարվող ներդրումներ են, որոնք իրականացվում են հիմնականում ենթակառուցվածքներում ու մարդկային կապիտալում (կրթություն, առողջապահություն և այլն), կառուցվում կամ վերանորոգվում նոր դպրոցներ, հիվանդանոցներ, ճանապարհներն են նորոգվում և այլն։ Ծախսերի թերակատարումը նշանակում է, որ ենթակառուցվածքների նախատեսված բարելավումները ժամանակին չեն արվել։

Բյուջեի ընթացիկ ծախսերը այս տարվա առաջին կեսին կազմել են 789.3 մլրդ դրամ` 10.2%-ով ավելի քիչ, քան նախատեսված էր պլանով: Նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ ընթացիկ ծախսերն աճել են 9.6%-ով կամ 69.4 մլրդ դրամով:

Իսկ կապիտալ ծախսերը, որոնք բյուջեի կատարողականում ներկայացվում են որպես ոչ ֆինանսական ակտիվների հետ գործառնություններ, կազմել են 77.7 մլրդ դրամ` նախատեսված 121 մլրդ դրամի դիմաց։ Այդպիսով, կապիտալ ծախսերը առաջին կիսամյակում թերակատարվել են 35.7%-ով։

Ֆինանսների նախարարության մասնագետները մեկնաբանում են, որ կապիտալ ծախսերի թերակատարումը հիմնականում պայմանավորված է տրանսպորտի, հասարակական կարգի, անվտանգության և դատական գործունեության, պաշտպանության ու ջրամատակարարման ոլորտներում իրականացվող ծրագրերի ցածր կատարողականով:

Չնայած թերակատարմանը՝ 2020 թվականի առաջին կիսամյակի համեմատ կապիտալ ծախսերն աճել են 66.8%-ով կամ 31.1 մլրդ դրամով՝ հիմնականում պայմանավորված Պաշտպանության նախարարության շենքային պայմանների բարելավման ծախսերի աճով:

Կապիտալ ծախսերի աղբյուրը, սովորաբար, արտաքին աշխարհից վերցված վարկերն են, որոնք որպես պետական պարտք կուտակվում են Հայաստանի «ուսերին»։

Մասնագետները դեռևս 2019 թվականից բարձրաձայնում են, որ կապիտալ ծախսերի թերակատարումը, որը զգալի է հատկապես 2018 թվականից, տուգանում է տնտեսությունը։ 

Թե ինչու կապիտալ ծախսերը ժամանակին և ամբողջությամբ չեն կատարվում, այդպես էլ որևէ հստակ բացատրություն կամ վերլուծություն Կառավարությունը չի ներկայացրել։ 

75.5 մլրդ դրամ դեֆիցիտ՝ 262 մլրդ դրամի փոխարեն

2021 թվականի առաջին կիսամյակում ՀՀ պետական բյուջեն կատարվել է 75.5 մլրդ դրամ դեֆիցիտով (պակասուրդ)՝ ծրագրված 262 մլրդ դրամի դիմաց։ 2020 թվականի առաջին կիսամյակում բյուջեի դեֆիցիտը կազմել էր 48.9 մլրդ դրամ: Բյուջեի առաջին կիսամյակի համար ծրագրվածից ցածր պակասուրդը հիմնականում պայմանավորված է ծախսերի համեմատ եկամուտների առավել բարձր կատարողականով: 

Գլխավոր լուսանկարը՝ primeminister.am-ի

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter