HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սեդա Հերգնյան

Ինչի հաշվին են աճում հարկային եկամուտները. կառավարության չափազանցված ոգևորությունը

Այս տարվա առաջին կիսամյակում (2021թ. հունվար-հունիս) Հայաստանի պետական բյուջե հաշվեգրված հարկային եկամուտներն ու պետական տուրքը կազմել են 750.2 մլրդ դրամ, որը նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի համեմատ 10.3%-ով աճել է: Այս մասին տեղեկանում ենք Պետական եկամուտների կոմիտեից:

Այս տարի հարկերի հավաքագրման ցուցանիշների վերաբերյալ կառավարության անդամները պարբերաբար գոհունակություն են հայտնում: Նիստերին և այլ առիթներով վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանն ու Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Էդվարդ Հովհաննիսյանը հաճախ են հայտարարում հարկերի աճի ու գերակատարման մասին: Տարվա առաջին ամիսներին, երբ հավաքագրվում էր պլանավորվածից շատ հարկ, բայց ավելի քիչ, քան 2020 թվականին էր, ՊԵԿ նախագահը շեշտադրում էր միայն գերակատարումը՝ առանց նշելու, որ նախորդ տարվա համեմատ նվազում կա: 

Սակայն, երկրորդ եռամսյակից հարկերը 2020 թվականի համեմատ սկսեցին աճել, որի գլխավոր պատճառներից մեկն այն էր, որ 2020 թվականի երկրորդ եռամսյակից համավարակի ազդեցությունն առավել ակնհայտ էր տնտեսության վրա: Այսինքն՝ համեմատության բազան է թույլ: Սակայն, քանի որ արդեն աճ կար, սկսեցին կենտրոնանալ նաև աճի վրա:  

Հավաքագրված հարկերի աճը հիմնականում ներկայացվում է այն համատեքստում, որ տնտեսությունը վերականգնվել ու լրացուցիչ հարկեր է գեներացրել: Այս մասին էլ էկոնոմիկայի նախարարի պաշտոնակատար Վահան Քերոբյանն է հաճախ հիշատակում: 

Մինչդեռ տվյալների վերլուծությունը վկայում է, որ  ամեն ինչ այդքան միանշանակ չէ, և որ հարկերի աճի վրա ազդել են նաև բազմաթիվ ոչ ներքին տնտեսական գործոններ, այդ թվում՝  արտաքին գործոններ ու օրենսդրական փոփոխություններ:

Հասկանալու համար, թե ինչի հաշվին են աճել հարկերը, նախ դիտարկենք ցուցանիշներն ըստ հարկատեսակների:

Հավաքագրված գումարի ամենամեծ մասը՝ շուրջ մեկ երրորդը, ապահովում է ավելացված արժեքի հարկը (ԱԱՀ): Վեց ամսում հավաքագրվել է 424.3 մլրդ դրամ՝ 13.6%-ով  կամ 29 մլրդ դրամով ավելի, քան նախորդ տարվա առաջին վեց ամսում: Քանի որ ԱԱՀ-ն ընդհանուր հարկերի կազմում տեսանելի կշիռ ունի, հետևաբար դրա աճը էական ազդեցություն է թողել հարկերի ընդհանուր աճի վրա: Հարկային ցուցանիշների բացվածքը ցույց է  տալիս, որ աճին նպաստել է ներմուծվող ապրանքների համար մաքսային մարմինների կողմից հավաքագրվող ԱԱՀ-ի ավելացումը: Դա նաև միջազգային շուկաներում ապրանքների թանկացման հետևանքն է: Մաքսային մարմինների կողմից հավաքագրվել է շուրջ 85 մլրդ դրամ ԱԱՀ, մնացածը տնտեսական ներքին գործունեության արդյունքն է: 

Հարկային հաջորդ ամենախոշոր ուղղությունը եկամտային հարկն է: Հավաքագրվել է 210.6 մլրդ դրամ, աճը՝ 1.9%: Ըստ էության՝  եկամտային հարկի աճին նպաստել է գրանցված աշխատողների թվաքանակի աճը: Միևնույն ժամանակ, աճը զսպող գործոն է հանդիսացել եկամտային հարկի դրույքաչափի նվազումը: 2021-ի հունվարի 1-ից բոլոր գրանցված  աշխատողները հարկվում են 22% եկամտային հարկով՝ նախկին 23%-ի փոխարեն: Եկամտային հարկն աճել է ընդամենը 3.5 մլրդ դրամով, հետևաբար էական ազդեցություն չի ունեցել հակերի ընդհանուր աճի վրա: 

Հաջորդում է շահութահարկը՝ 108.8 մլրդ դրամ, աճը՝ 11.5 մլրդ դրամ կամ 11.8%: Շահութահարկի աճի վրա ազդել են 2020 թվականին շահութահարկի կանխավճարների հետաձգման որոշումները: Այդ գումարները մեխնիկորեն տեղափոխվել են 2021 թվական և հաշվարկվել 2021-ի ապրիլին: Շահութահարկի գծով աճը էապես ազդել է հարկերի ընդհանուր ցուցանիշի վրա: 

Ընդհանուր առմամբ, 7 հարկատեսակների, պետական վճարների ու պետական տուրքի գծով աճ է գրանցվել, 2 հարկատեսակի գծով՝ անկում: 

Ինչպես երևում  է, Էական աճ կա սոցիալական վճարի գծով (90.5% կամ 9.8 մլրդ դրամ): Սրանք պարտադիր կուտակային համակարգով կենսաթոշային ֆոնդեր հոսող գումարներն են: Այս տարի սոցիալական վճարի դրույքաչափերը բարձրացվել են: Պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգի տրամաբանությունը հետևյալն է՝ աշխատողի աշխատավարձի 10%-ի չափով պետք է կուտակվի որպես ապագայի կենսաթոշակ։ Այդ 10%-ի մի մասը աշխատողն է վճարում, մյուս մասը՝ պետությունը։ 2020 թվականին որպես սոցիալական վճար գանձվել է աշխատողի աշխատավարձի 2.5%-ը, պետությունը դրան ավելացրել է աշխատողի աշխատավարձի 7.5%-ի չափով։  2021 թվականից պետության մասնակցությունը նվազել է մեկ տոկոսային կետով՝ դառնալով 6.5%, իսկ աշխատողի մասնակցությունը նույնքանով ավելացել է՝ դառնալով 3.5%:  Ենթադրվում է, որ այս գծով աճը առավելապես պայմանավորված է դրույքաչափի բարձրացմամբ, ինչպես նաև՝ գրանցված աշխատատեղերի քանակի ավելացմամբ: 

Միևնույն ժամանակ, 2.2%-ով նվազել է շրջանառության հարկը և ավելի մեծ չափով` 16.9%-ով նվազել է ակցիզային հարկը: Այս երկու հարկատեսակները զսպող ադեցություն են թողել հարկերի ընդհանուր թվի վրա և հակադրվում են տնտեսության վերականգնման ու դրանց հետևանքով հարկերի աճի մասին հայտարարություններին:

Փոխարենը աճ է գրանցվել մաքսատուրքերի, պետական տուրքի, բնապահպանական հարկի և բնօգտագործման վճարի գծով: 

Տեսանելի աճ կա նաև «Այլ հարկային եկամուտներ» տողով, որտեղ ներառված են  Զինծառայողների ապահովագրության հիմնադրամին ուղղվող դրոշմանիշային վճարները,  ճանապարհային հարկը, հարկային օրենսդրությունը խախտելու համար գանձվող տուգանքները և տույժերը, միասնական մաքսային վճարը և այլն: 

Թե որ հարկատեսակի ու վճարի գծով որքան է հավաքագրված, ՊԵԿ-ի ցանկում մանրամասնված չէ: Սակայն, ակնհայտ է, որ աճի վրա էական ադեցություն է ունեցել դրոշմանիշային վճարների դրույքաչափերի փոփոխությունը: Զինծառայողների ապահովագրության հիմնադրամի հրապարակած վերջին հաշվետվության մեջ կարդում ենք, որ այս տարվա առաջին հինգ ամիսներին աշխատողներից հավաքագրվել է 10.3 մլրդ դրամ: Այս գումարների գծով աճը ոչ մի կերպ պայմանավորված չէ տնտեսության ակտիվացմամբ: 

Եթե նախկինում Զինծառայողների ապահովագրության հիմնադրամին յուրաքանչյուր աշխատող վճարում էր 1000 դրամ, ապա այսօր այն պրոգրեսիվ սանդղակով է և վճարվում է՝ ըստ աշխատավարձի չափի: Ֆիզիկական անձինք ամսական վճարում են 1500-15000 դրամ: 

Տնտեսագետ. «Հարկերով մի փորձեք դատել տնտեսությունը»

Տնտեսագետ Աշոտ Խուրշուդյանը կառավարությանը խորհուրդ է տալիս հարկերով չդատել տնտեսության մասին:  Նախ՝ որովհետև գոյություն ունի ժամանակային լագ. հաճախ տնտեսական այս կամ այն գործընթացի արդյունքում գոյացող հարկերը վճարվում են այդ փոփոխություններից մի քանի ամիս անց: Ապա՝ հարկատեսակների մի մասի փոփոխությունները նաև օրենսդրական փոփոխությունների ուղիղ հետևանք են, ինչպես՝ սոցիալական վճարի ու դրոշմանիշային վճարների դրույքաչափերի փոփոխությունները, շահութահարկի կանխավճարների հետաձգումները և այլն: 

«Գոյություն ունի լագ՝ շատ հարկեր հավաքագրում են հաջորդ տարի։ Կամ այս տարի հավաքագրում ենք նախորդ տարվա հարկերը: Եվ հենց այդ ֆենոմենը ունեցել ենք այս տարի շահութահարկի գծով: Անցյալ տարվա շահութահարկը, որը պետք է որպես կանխավճար գրանցվեր, այս տարի վճարվեց, և դա էականորեն մեծացրեց այս տարվա առաջին կիսամյակի հարկերի ցուցանիշը: 

Բայց ԱԱՀ-ի, եկամտային հարկի և մյուս հարկերի հավաքագրման ցուցանիշները բավականին հաջող են: Դրանք ավելի կայուն հարկեր են և ավելի մոտ են տնտեսական գործունեությանը: Սա նաև Covid-19-ի հետևանք էր. համավարակը մեծացրեց մանրածախ շրջանառությունը: Մարդիկ ծառայություններից օգտվելու փոխարեն խանութներից էին հիմնականում օգտվում, և դա մեխանիկորեն բերեց նաև հարկերի աճի»,- օրեր առաջ տեղի ունեցած քննարկմանը նշեց Աշոտ Խուրշուդյանը: 

Երբ կառավարության նիստերին հայտարարվում է, որ հարկերn ավելացել են, բայց չի նշվում, որ դրա կարևոր մի մաս՝ մի քանի մլրդ դրամ դրոշմանիշային վճարի հաշվին է գոյացել, իրական պատկերը խեղաթյուրվում է: Եվ հարցը ոչ թե այդ գումարների կարևորությունն է, այլ այն, որ դրանք բյուջե չեն ուղղվում:

«Ծուղակը չընկնենք՝ ասենք հարկերը շատանում են, ուրեմն տնտեսությունը ակտիվանում է»,- ասում  է Աշոտ Խուրշուդյանը:  

Տնտեսագետ Տիգրան Ջրբաշյանն էլ շեշտում է, որ հարկերը համեմատելիս հարկավոր է  համադրելի ցուցանիշներ ընտրել: Որքան էլ մեծ լինի գայթակղությունը ամեն ինչ փորձել բացատրել աճող տնտեսությամբ կամ լավ վարչարարությամբ, պետք է խորանալ և հասկանալ իրական աղբյուրները՝ գնաճ, օրենսդրական փոփոխություններ, համեմատական մեծություններ: «Եթե այս ամենը չի վերլուծվում, մենք ստեղծում ենք հերթական խաբկանքը մեզ համար»,- շեշտում է Ջրբաշյանը: 

Գլխավոր լուսանկարում՝ ՊԵԿ նախագահ Էդվարդ Հովհաննիսյանը, ՊԵԿ ֆեյսբուքյան էջից

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter