HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սեդա Հերգնյան

Իրական ա՞ճ, թե՞ հետշոկային վերականգնում. տնտեսագետները մեկնաբանում են միտումները

Այն, ինչ ներկայում կատարվում է Հայաստանի տնտեսությունում, հետշոկային վերականգնում է, որը սակայն չի զուգորդվում ՀՆԱ-ի ներուժի ավելացմամբ։ Հուլիսի 2-ին «Հոդված 3» ակումբի նախաձեռնած քննարկմանը տնտեսական ներկա գործընթացները այսպես բնորոշեց տնտեսագետ Աշոտ Խուրշուդյանը։ 

Հայաստանի ֆինանսական և տնտեսական հիմնական ցուցանիշներն այս պահին կայուն են։ Շոկեր չկան։ Կա տնտեսության վերականգնում, բայց, ըստ տնտեսագետի, դեռևս չենք հասել 2019 թվականի մակարդակին։ Այս առումով տնտեսագետները կարևորում են ինչպես տնտեսության կառուցվածքի փոփոխությունները, մասնավոր ներդրումների ներգրավմանն ուղղված քայլերի անհրաժեշտությունը, այնպես էլ՝ կորոնավիրուսի դեմ համընդհանուր պատվաստումը։

«Հետշոկային վերականգման անունը չդնենք տնտեսության վերականգնում, եթե դա չի զուգորդվել ՀՆԱ-ի պոտենցիալի ավելացմամբ։ ՀՆԱ-ի սպառման կառուցվածքում բացասական միտումներ կան։ Վերջին տարում պետությունն ավելի շատ է միջամտել տնտեսությանը, և մասնավորի մասնակցությունը կրճատվել է։ Բնական է՝ դա ՔՈՎԻԴ-19-ի և պատերազմի հետևանքն է։ Ավելի մտահոգիչ են մասնավոր ներդրումները։ Դրանց նվազումը ենթադրում է ՀՆԱ-ի պոտենցիալի կրճատում։ Ներդրումային մեծ ծրագրեր մենք այսօր չենք տեսնում։ Եվ դրա կարիքը տնտեսությունն ունի»,- նշեց Աշոտ Խուրշուդյանը։

Լուսանկարը՝ Մեդիա կենտրոնի

Խուրշուդյանի կարծիքով՝ եթե, նույնիսկ, Հայաստանի կառավարությունը փորձի երկարաժամկետ պահպանել պետական ներդրումները, երկիրը կարող է ծուղակն ընկել։ Դա կարող է շինարարության ծուղակ լինել՝ 2000-ականների այն ծուղակի պես, երբ դրամը սկսեց արժևորվել, պետական ներդրումներ արվեցին, արտարժույթի մեծ հոսք նկատվեց, որն ամբողջությամբ ուղղվում էր մեկ ոլորտ՝ շինարարություն։ 

Մտահոգիչ են արտահանման ներկա միտումները. թեև աճ է գրանցվել, սակայն դրան մեծապես նպաստել է հանքահումքի արտահանումը, որը  չի ստեղծում ՀՆԱ-ի ներուժ՝ հիմքեր հետագա զարգացման համար։  Ըստ Վիճակագրական կոմիտեի տվյալների՝ 2021 թվականի հունվար-ապրիլին արտահանումը Հայաստանից կազմել է մոտ 819 մլն դոլար, որը նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի համեմատ ավելացել է 16.7%-ով: 

Արտահանման մեջ ամենամեծ տեսակարար կշիռն ունի հանքահումքը՝ 37.5%-ը կամ 307 մլն դոլարը: 2020 թվականի հունվար-ապրիլի համեմատ հանքահումքի արտահանման ծավալները 25.3%-ով աճել են՝ այդպիսով էական ազդեցություն թողնելով ընդհանուր արտահանման աճի վրա: 

«Այսինքն՝ կարճաժամկետ ունենք դրական ազդակներ, բայց պետք է կարողանանք այդ ամենը ձևափոխել դեպի ՀՆԱ-ի պոտենցիալ։ Այսօր գնային գործոններով պայմանավորված՝ պետական բյուջեի եկամուտները շատացել են և բյուջեն, հավանաբար, կփակենք ավելի քիչ դեֆիցիտով, քան պլանավորված է։ Պետությունը պետք է այսօրվանից ազդակ տա, որ գնալու է ավելի փոքր դեֆիցիտի, քան հայտարարել էր։ Դա կարևոր ազդակ է, քանի որ պետական պարտատոմսեր են թողարկվում, ներքին պարտք է վերցվում, և տնտեսվարողները, հատկապես՝ ֆինանսական շուկայում ակտիվները, պետք է հասկանան, թե ուր են տանելու այդ միտումները»,- նշում է Աշոտ Խուրշուդյանը։

Տնտեսության կառուցվածքային խնդիրներն, ըստ նրա, մնացել են նույնը՝ չնչին փոփոխությամբ։ Գյուղատնտեսության ոլորտը, որը մի քանի տարի շարունակ անկում է գրանցել, այս տարի էլ խնդրահարույց ոլորտ կարող է լինել ոռոգման հետ կապված, Արցախի հետ կապված, մասնավորապես՝ ցորենի խնդրի։ Անորոշությունն այս ոլորտում շատ է։ Լուրջ ֆերմերային տնտեսություն չունենք։

Տնտեսագետն այս պահին կարևորում է նաև Կենտրոնական բանկի անկախությունը։ Դրական է համարում, որ ԿԲ-ն փորձում է դրամավարկային քաղաքականությամբ հասնել գնաճի թիրախավորված մակարդակին՝ 4%-ին։ Պաշտոնական վերջին տվյալներով՝ Հայաստանի սպառողական շուկայում այս տարվա մայիսին, 2020 թվականի նույն ամսվա նկատմամբ, 5.9 % գնաճ է գրանցվել: 

«Տնտեսական աճը զսպում են խաղային ոլորտն ու մշակող արդյունաբերությունը»

2021 թվականի մայիսին նախորդ տարվա նույն ամսվա համեմատ Հայաստանի տնտեսական ակտիվության ցուցանիշը 10.9%-ով աճել է: Ընդհանուր առմամբ, այս տարվա առաջին հինգ ամիսների կտրվածքով՝ 2021 թվականի հունվար-մայիսին, նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի համեմատ, տնտեսական ակտիվության ցուցանիշն աճել է 4.3 %-ով:

Այս աճի վրա լուրջ ազդեցություն ունի բազայի էֆեկտը, կարծում է տնտեսագետ Տիգրան Ջրբաշյանը։  2020 թվականի երկրորդ եռամսյակում գրանցվել է ՀՆԱ-ի ամենամեծ անկումը տարվա ընթացքում (13.7% անկում)։ Սա հաշվի առնելով՝ տնտեսագետը կանխատեսում է, որ այս տարվա երկրորդ եռամսյակում, նախորդ տարվա նույն  եռամսյակի համեմատ, 10%-ի չափով տնտեսական աճ կգրանցվի (Վիճկոմիտեն դեռևս չի հրապարակել երկրորդ եռամսյակի տվյալները)։  Իսկ ամբողջ տարվա համար կանխատեսում է  4.5-5% տնտեսական աճ։ Ընդ որում՝ սպասվում է, որ քաղաքական անորոշությունների վերացումը լուրջ դրական ազդեցություն կունենա տնտեսական աճի վրա։

Տիգրան Ջրբաշյանն ուշադրություն է դարձնում խաղերի ոլորտի անկման վրա, որտեղ գործունեություն են ծավալում խաղատներն ու բուքմեյքերական ընկերությունները։  

«Մոտ մեկ տարի է՝  ծառայությունների «մշակույթ, զվարճություններ և հանգստ» ենթաոլորտը անկում է ապրում։ Նախկինում այն ծառայությունների կազմում ամենամեծ տեմպերով աճող ենթաոլորտն էր։ Այն ներկայացված էր ոչ միայն խաղերի ոլորտով, այլև՝ այդ ոլորտի ընկերությունները ներկայացնում էին ՏՏ լուծումներ  և արտահանում այդ ծառայությունները։ Անկումը կարելի է բացատրել նաև նրանով, որ նախկինում այդ ոլորտի ընկերությունները հաշվառվում էին որպես  «մշակույթ, զվարճություններ և հանգստ» ենթաոլորտի տնտեսվարողներ, հիմա արդեն ՏՏ ոլորտ են գնացել։ ՏՏ ոլորտն աճել է, խաղային ոլորտը՝ նվազել»,- նկատում է տնտեսագետը։

Մյուս երկու ոլորտները, որտեղ աճ է նկատվում՝ հանրային ծառայությունների ոլորտն է ու էլեկտրաէներգիայի արտադրության։ 

Էլեկտրաէներգիայի արտադրության ոլորտում գրանցվող աճը Ջրբաշյանը հանելուկային է  համարում. 2021թ. հունվար-պարիլին, նախորդ տարվա նույն ամիսների համեմատ, էլեկտրաէներգիայի արտադրության ծավալները (էլեկտրաէներգիայի արտադրություն, հաղորդում և բաշխում) Հայաստանում աճել են  10.6%-ով, այն դեպքում, երբ էլեկտրաէներգիայի սպառման ու արտահանման աճ չկա։ Միակ վարկածը, որին հակված է հավատալու Ջրբաշյանը, այն է, որ նախկինում Արցախը կարողանում էր իր ներքին արտադրանքով բավարարել էլեկտրաէներգիայի պահանջարկը, իսկ հիմա՝ այն բավարարում է Հայաստանում արտադրվող էներգիայի հաշվին, քանի որ կորցրել է էներգետիկ ռեսուրսների մեծ մասը։ Հետևաբար՝ Հայաստանը մեծացրել է արտադրության ծավալները։

Ջրբաշյանի խոսքով ևս՝ Հայաստանի տնտեսության վրա էապես դրական է ազդում միջազգային շուկաներում պղնձի գնաճը։  Հայաստանը, լինելով հանքարդյունահանող և հանքահումք արտահանող երկիր, շահում է այդ գնաճից։

«Աճը զսպում են խաղային ոլորտն ու մշակող արդյունաբերությունը։ Գյուղատնտեսությունը դեռևս զրոյական մակարդակում է։ Այս ոլորտը անցում է կատարում մեկ այլ փուլի, որը ենթադրում է ներդրումների ու տեխնոլոգիաների զարգացում, սակայն այս պահին դեռևս արդյունքները չենք նկատում։ Այս տարի, կարծում եմ, գյուղատնտեսության կտրուկ աճ չենք ունենա»,- ասում է տնտեսագետը։

«Գյուղատնտեսոթյունը փոխվում է որակական առումով. ջրային համակարգի բարեփոխումներ են պետք»

Տնտեսագետը Վահագն Խաչատրյանը ավելի դրական միտումներ է նկատում գյուղատնտեսության ոլորտում։ Նա կարծում է, որ գյուղատնտեսոթյունը փոխվում է որակական առումով։ 

«Եղած փոքր ներդրումերը կատարվում են այդ բնագավառում։ Երբ ներմուծման կառուցվածքն ենք նայում, մեքենա-սարքավորումները իրենց արժեքով երկրորդ տեղում են։ Գրեթե հավասարվում են հանքահումքային ծավալներին։ Դրանք գնում են գյուղատնտեսության և արտադրության ոլորտներ, ինչը շատ կարևոր է։  Ճիշտ է՝ արտահանման մեջ գնային գործոնը կա,  պղնձի գների աճը մեծ դեր ունի, բայց գյուղատնտեսական արտադրանքի կշիռը ևս զգալի տեղ ունի։ Այստեղ պետություն-մասնավոր համագործակցության մոդելը գտել են։ Շատ կարևոր է, որ ֆինանսաբանկային համակարգն է մասնակցում։ Բայց ջրային լրջագույն խնդիրների առաջ ենք կանգնած։ Ջրային համակարգի բարեփոխումներ են պետք»,- նշում է տնտեսագետը։

Խաչատրյանը կարևորում է, որ այս տարվա հունիսի 20-ի խորհրդարանական ընտրություններից հետո տնտեսությունը ցնցումների մեջ չընկավ։ Ընդգծում է, որ այսօր տնտեսությունը ինքն իր տրամաբանությամբ շարունակում է գործել։ Բայց կառավարությունը պարտավոր է հստակեցնել զարգացման ռազմավարությունը։ Տնտեսության կառուցվածքն է պետք փոխել. առանց ներդրումների տնտեսական զարգացում չի կարող լինել։ 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter