
Տնտեսական աճ՝ պղնձի ու տրանսֆերտների հաշվին
2021 թվականի հունվար-մայիսին Հայաստանից արտահանվել է մոտ 197 հազար տոննա պղնձի խտանյութ, որի մաքսային արժեքը կազմել է մոտ 338 մլն դոլար: 2020 թվականի նույն ժամանակաշրջանի համեմատ քանակը նվազել է 20 հազար տոննայով կամ 9%-ով, մինչդեռ արժեքն աճել է 109 մլն դոլարով կամ մոտ 48%-ով:
Հայաստանի տնտեսության վրա արտաքին գործոնների դրական ազդեցությունն այս տարվա երկրորդ եռամսյակում ակնհայտ է դարձել: Դրանցից առաջինը տրանսֆերտներն են՝ արտասահմանից Հայաստան դրամական փոխանցումները, որոնք շարունակում են ավելանալ: Եվ մյուս գլխավոր գործոնը համաշխարհային շուկաներում գունավոր մետաղների, մասնավորապես՝ պղնձի գնաճն է:
Պղնձի միջազգային գները 2021 թվականին անհամեմատ ավելի բարձր մակարդակում են, քան նախորդ տարի: Հանքարդյունաբերությամբ զբաղվբող և հանքահումք արտահանող երկրների համար սա բարենպաստ պայմաններ է ստեղծել լրացուցիչ եկամուտներ ապահովելու համար, այդ թվում՝ Հայաստանի: Պղնձի թանկացման արդյունքում աճում են դրա արտահանումից ստացվող մուտքերը:
Լոնդոնի մետաղների բորսայի (The London Metal Exchange) տվյալներով` ներկայում պղնձի մեկ տոննայի գինը 9200 դոլարի սահմաններում է: Պղնձի գների տեսանելի աճ է նկատվում այս տարվա մարտից: Մայիսին այն մոտեցել է 11 000 դոլարի մակարդակին, որից հետո որոշակի տատանումներով նվազել է մինչև 9000-9200 դոլարի մակարդակի:
Համեմատության համար նշենք, որ 2020 թվականին ողջ ընթացքում պղնձի գինը չի հատել 6600 դոլարի շեմը:
Մայիսին գրանցված մոտ 11 000 դոլարի մակարդակը նոր ռեկորդ էր վերջին տասը տարիների ընթացքում: Ինչպես երևում է ինֆոգրաֆիկայում, որը վերցրել ենք Լոնդոնի մետաղների բորսայից, վերջին անգամ պղնձի գինն այդ մակարդակում է եղել 2011 թվականին:
Վերլուծաբանները պղնձի այս տարվա գնաճը պայմանավորել են կորոնավիրուսի համավարակից հետո համաշխարհային տնտեսության վերականգնման ու պղնձի նկատմամբ պահանաջարկի աճով: Թեև մայիսի համեմատ ներկայում գները ավելի ցածր մակարդակում են, սակայն մինևնույն է՝ դրանք գերազանցում են նախորդ տարիների ցուցանիշները:
Պղնձի այս տարվա գնաճից Հայաստանը բավականին շահել է: Այդ մասին են վկայում պղնձի խտանյութի արտահանման տվյալները:
Ինչպես Պետական եկամուտների կոմիտեից տեղեկացրել են «Հետքին», վերջին տվյալներով՝ 2021 թվականի հունվար-մայիսին Հայաստանից արտահանվել է մոտ 197 հազար տոննա պղնձի խտանյութ (հանքաքար և խտահանք), որի մաքային արժեքը կազմել է մոտ 338 մլն դոլար: 2020 թվականի նույն ժամանակաշրջանի համեմատ արտահանվող պղնձի խտանյութի քանակը նվազել է 20 հազար տոննայով կամ 9%-ով, մինչդեռ արժեքն աճել է 109 մլն դոլարով կամ մոտ 48%-ով:
2020 թվականի հունվար-մայիսի արտահանվող մեկ տոննա պղնձի խտանյութի միջին գինը կազմել է 1052 ԱՄՆ դոլար, իսկ 2021 թվականի նույն ժամանակահատվածում՝ 1715 դոլարով:
Բացի պղնձի խտանյութից, Հայաստանն արտահանել է նաև պղնձի թափոն և ջարդոն: Այս տարվա հունվար-մայիսին արտահանվել է 1468 տոննա՝ մոտ 8.5 մլն դոլարով: Նախորդ տարվա նույն ամիսների համեմատ արտահանման քանակը կրկնակի է աճել, իսկ արժեքը՝ եռակի:
Պղնձի գնաճը զարկ է տվել Հայաստանում արդյունաբերության ու արտահանման աճին
Վիճակագրական կոմիտեի վերջին տվայլներով՝ 2021 թվականի հունվար-ապրիլին արդյունաբերական արտադրանքի ծավալը Հայաստանում ընթացիկ գներով կազմել է մոտ 651 մլրդ դրամ, որը նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի համեմատ աճել է 0.9%-ով: Այս աճն ապահովվել է մեծամասամբ հանքարդյունաբերության հաշվին:
Մշակող արդյունաբերության ծավալները կազմել են մոտ 366 մլրդ դրամ՝ նվազելով 3.9%-ով: Իսկ հանքարդյունաբերության ծավալներն այս ընթացքում աճել են 8.8%-ով կազմելով 180 մլրդ դրամ: Արդյունբերության կազմում մնացածը (մոտ 105 մլն դոլար) էլեկտրաէներգիայի արտադրությունն է ու ջրամատակարարումը:
Դատելով հանքարդյունահանվող պղնձի ու մոլիբդենի ֆիզիկական ծավալներից, որոնք էապես չեն աճել, կարելի է ենթադրել, որ հանքարդյունաբերության գումարային ծավալների աճի վրա ազդեցություն է ունեցել պղնձի միջազգային գների աճը: Այսպես, այս տարվա հունվար-ապրիլին Հայաստանում արդյունահանվել է 128 հազար տոննա պղնձի խտանյութ, որը նախորդ տարվա նույն ամիսների համեմատ աճել է 5.5%-ով: Նույն ընթացքում արդյունահանվել է 7 310 տոննա մոլիբդենի խտանյութ՝ 5%-ով ավելի, քան նախորդ տարվա նույն ամիսներին:
Հանքարդյունաբերության աճն էլ իր հերթին նպաստել է ամբողջ արդյունաբերության ու արտահանման աճին:
2021 թվականի հունվար-ապրիլին արտահանումը Հայաստանից կազմել է մոտ 819 մլն դոլար, որը նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի համեմատ ավելացել է 16.7%-ով:
Արտահանման մեջ ամենամեծ տեսակարար կշիռն ունի հանքահումքը՝ 37.5%-ը կամ 307 մլն դոլարը: 2020 թվականի հունվար-ապրիլի համեմատ հանքահումքի արտահանման ծավալները 25.3%-ով աճել են՝ այդպիսով էական ազդեցություն թողնելով ընդհանուր արտահանման աճի վրա:
Հաշվի առնելով հունվար-մայիսին պղնձի խտանյութի արտահանման ծավալները՝ կարելի է ենթադրել, որ արտահանված հանքանյութի կազմում մեծամասամբ պղինձն է: Ինչպես արդեն տեսանք վերևում, դրա աճը պայմանավորված է միջազգային շուկայում պղնձի թանկացմամբ, քանի որ արտահանման ֆիզիկական ծավալները՝ քանակը, նվազել է, բայց արժեքը՝ ավելացել:
Տարիներ շարունակ պղինձը Հայաստանի արտահանման առաջատարն է՝ արտահանման ամենաբարձր մաքսային արժեք ունցող ապրանքն է:
Տարեկան վերջին տվյալներով՝ 2020 թվականին Հայաստանից արտահանվել է մոտ 510 հազար տոննա պղնձի խտանյութ՝ 604 մլն դոլարի: 2019 թվականի համեմատ քանակը նվազել է 52 հազար տոննայով կամ 9%-ով, իսկ արժեքը՝ 22 մլն դոլարով կամ 3.5%-ով:
Հայկական պղինձն արտահանվում է մեծամասամբ Շվեյցարիա, Բուլղարիա ու Չինաստան: Հիմնական արտահանողներն են «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը», «Ագարակի պղբձամոլիբդենային կոմբինատը» և «Թեղուտը»:
Վերջին տասը տարիների առավել մեծ քանակով պղնձի խտանյութ է արտահանվել 2019 թվականին:
Հայաստանի տնտեսությունը բավականին զգայուն է և մեծ կախում ունի արտաքին գործոններից: Այդ կախումը տարիների ընթացքում ոչ մի կերպ չի թուլացել: Երբ արտաքին ազդակները դրական են լինում, կարճ ժամանակ անց այդ ազդեցությունները արտացոլվում են արդեն տնտեսական ցուցանիշներում: Ամենակարևոր և վառ օրինակները հենց տրանսֆերտներն ու պղնձի միջազգային գներն են: Ավելին, Հայաստանի պետական բյուջեն պլանավորելիս իշխանությունները հատուկ ուշադրություն են դարձնում այս գործոնների վերաբերյալ կանխատեսումներին:
Վիճակագրական կոմիտեի վերջին տվյալներով՝ 2021 թվականի հունվար-մայիսին, նախորդ տարվա նույն ժանակաշրջանի համեմատ, Հայաստանի տնտեսական ակտիցվության ցուցանիշն աճել է 4.3 %-ով:
Մեկ ամսից կամփոփվեն առաջին կիսամյակի ՀՆԱ-ի ցուցանիշները և արդեն ավելի հստակ կերևա, թե գրանցվող աճը հատկապես որ ոլորտների հաշվին է ապահովվել: Սակայն արդեն իսկ ակնհայտ է, որ արտաքին գործոններն այս աճի վրա մեծ ազդեցություն ունեն:
Իշխանությունները հակված չեն շեշտելու, որ տնտեսական աճի վրա մեծ ազդեցություն ունեն արտաքին գործոնները, քանի որ դա կստվերի իրենց աշխատանքի արդյունքը: Բայց այս օրերին այդ ազդեցությունները նույնիսկ դրամի արժևորմանը՝ դոլարի էժանացմանը նպաստող գլխավոր գործոններից են:
Ի դեպ, այս առումով ավելի «անկեղծ է» Կենտրոնական բանկը, որը տնտեսական աճի ցուցանիշի վերաբերյալ կանխատեսումների բարելավումը բացատրում է հենց հանքարդյունաբերության աճով, տրանսֆերտների ու զբոսաշրջիկների հոսքի ավելացմամբ:
Գլխավոր լուսանկարում՝ Քաջարանի պղնձամոլիբդենային հանքավայրը
Մեկնաբանություններ (1)
Մեկնաբանել