HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սեդա Հերգնյան

Ինչու է էժանանում դոլարը

Վերջին մեկ օրում հայկական դրամը ԱՄՆ դոլարի նկատմամբ զգալի արժևորվել է։ Ըստ Կենտրոնական բանկի տվյալների՝ այսօր (հունիսի 25) դոլարի միջին փոխարժեքը կազմել է 499.38 դրամ, որը նախորդ օրվա համեմատ նվազել է միանգամից 8.52 դրամով։

2021 թվականի հունվարի կեսերից դրամը աննշան արժևորման միտումներ էր ցույց տալիս։ Սակայն դա երկար չտևեց։ Փետրվարի սկզբից այն ոչ կտրուկ՝ դանդաղ տեմպերով շարունակել է արժեզրկվել մինչ ապրիլի կես։ Դրանից հետո այն համեմատաբար կայուն է եղել։ Դրամի արժևորման միտումներ են նկատվում հունիսի սկզբից։ Եվ, հատկապես, երեկ ու այսօր դոլարը տեսանելիորեն էժանանում է։

Տարբեր աբղյուրների հետ մեր զույցները ցույց են տալիս, որ դոլարի էժանացումն այս անգամ առավելապես տնտեսական հիմքեր ունի և մի փոքր էլ՝ հոգեբանական։ Հայաստանի՝ արտաքին աշխարհի հետ կապված տնտեսական գործընթացները, ինչպես արտահանումը, արտասահմանից Հայաստան դրամական տրանսֆերտները, զբոսաշրջիկների ներհոսքը, պետական պարտքի ներգրավումը և այլն, նպաստել են, որ ավելի մեծ քանակով դոլար մտնի հայկական շուկան, որն էլ հանգեցրել է դրա գնի նվազմանը։ 

Բացի այդ, դրամի արժևորմանը նպաստել է խորհրդարանական ընտրություններից հետո տիրող ոչ լարված իրավիճակը։

Այս ամենը գումարվել է իրար ու նպաստել դրամի արժևորմանը։ Ընդ որում՝ դա տեղի է ունեցել ոչ թե մեկ օրում, այլ՝ վերջին երկու-երեք ամիսների հետևանքն է, որը այս օրերին ավելի ցայտուն է դարձել։


Արտահանում, տրանսֆերտներ, զբոսաշրջիկներ և այլն. դոլարը էժանացնող գործոնները

Սովորաբար, հունիս ամսին Հայաստանից մրգի ու բանջարեղենի արտահանումն ակտիվանում է։ Դա տեղի է ունենում հատկապես ծիրանի հաշվին։ Բացառություն էր 2020 թվականը, երբ համավարակի պատճառով արտահանումը զգալի տուժեց։ Այս տարի ևս տնտեսվարողները ծիրանի արտահանման ակտիվացում են նկատում։ Այս շրջանում արտահանողները լրացուցիչ դոլար են «ներմուծում» Հայաստան, որն էլ նպաստում է, որ արտարժույթի առաջարկն ավելանա, ու դրամն արժևորվի։ 

Բացի հունիսյան այս սեզոնից, արտահանման աճ է նկատվել նաև նախորդող ամիսներին։ Ըստ Վիճակագրական կոմիտեի ամենաթարմ տվյալների՝ 2021 թվականի հունվար-մայիսին Հայաստանի արտահանումը  կազմել է մոտ 1.1 մլրդ դոլար, որը նախորդ տարվա նույն հինգ ամիսների համեմատ աճել է 20.8%-ով։ Արտահանման աճի վրա մեծ ազդեցություն է թողել միջազգային շուկայում պղնձի գների բարձրացումը։ Իսկ ներմուծումը, որի պարագայում հակառակ գործընթացն է՝ արտարժույթը երկրից դուրս է գնում, այս ընթացքում ավելի համեստ տեմպերով է աճել՝ 6.7%-ով։

Դոլարի նվազմանը նպաստել են նաև արտասահմանից Հայաստան դրամական փոխանցումների աճը, որի հետևանքով ևս ավելանում է արտարժույթի քանակը մեր երկրում։ Կենտրոնական բանկի հրապարակած վերջին տվյալներով՝ այս տարվա առաջին չորս ամիսներին (2021 հունվար-ապրիլ) բանկերի միջոցով ֆիզիկական անձինք արտասահմանից Հայաստան են ուղարկել 573.5 մլն դոլարին համարժեք գումար: 2020 թվականի նույն ժամանակաշրջանի համեմատ Հայաստան հոսող գումարներն աճել են 129 մլն դոլարով կամ 29.1%-ով: 

Թեև զբոսաշրջության վերաբերյալ թարմ վիճակագրություն ներկայում հրապարակված չէ և վերջինն այս տարվա առաջին եռամսյակի տվյալներն են, սակայն ոլորտին առնչվող գործակալությունները փաստում են, որ մայիսի կեսերից և այս օրերին օտարերկրյա զբոսաշրջիկների որոշակի հոսք է նկատվում։ Ենթադրվում է, որ դա ևս ազդում է դոլարի վարքագծի վրա։ 

Ըստ տնտեսագետ Բագրատ Ասատրյանի՝ դոլարի նվազման վրա ազդել են նաև Հայաստանի պետական պարտքի ավելացնումն ու դրա հաշվին միջազգային պահուստների բարձրացումը։ Պարտքը ևս արտարժույթի հոսք է ապահովել։

Ֆինանսների նախարարության հրապարակած տվյալներով՝ 2021 թվականի մայիսի 31-ի դրությամբ Հայաստանի պետական պարտքը կազմել է 8 մլրդ 816 մլն դոլար, որը տարեսկզբի համեմատ (2020 թվականի դեկտեմբերի 31-ի) աճել է 847.5 մլն դոլարով կամ 10.6%-ով։

«Այս բոլոր գործոնները ապրիլի կեսերից են ազդում դոլարի փոխարժեքի վրա։ Այս վերջին երկու օրերին այդ ազդեցություններն ավելի կտրուկ են երևում։ Գումարած՝ քաղաքական այս ցիկլն ավարտվեց ու անկայուն իրավիճակ չեղավ։ Բոլոր դեպքերում՝ դոլարի նվազման այս երևույթը առավելապես տնտեսական գործոններով է պայմանավորված, ոչ թե՝ հոգեբանական»,- նշեց  Բագրատ Ասատրյանը։ 

Նրա խոսքով՝ դրամ-դոլար փոխարժեքի հետագա տատանումները կախված կլինեն տնտեսական գործընթացներից։  Հայաստանում ներկայում արձանագրվող տնտեսական աճը Բագրատ Ասատրյանը ոչ թե իրական աճ է համարում, այլ՝ աստիճանաբար վերականգնում. դեռևս պետք է հասնել մինչև 2020 թվականը եղած իրավիճակին և նոր միայն խոսել աճի մասին։ Եթե տնտեսությունն իսկապես աճի, ապա դոլարը կարող է ավելի էժանանալ կամ մնալ այսօրվա մակարդակում։

Կենտրոնական բանկն այս անգամ չի միջամտել

Կենտրոնական բանկը (ՀՀ ԿԲ) ազդեցություն չունի վերջին օրերին դոլարի էժանացման գործընթացի վրա։ Գլխավոր դրամատնից «Հետքին» տեղեկացրին, որ դոլարային ինտերվենցիաներ այս օրերին չեն իրականացրել։

Կենտրոնական բանկը երբեմն ոչ ուղղակիորեն միջամտում է դրամ-դոլար փոխարժեքի տատանումներին՝ դոլարային ինտերվենցիաներ իրականացնելով։ Շուկա է «ներարկվում» որոշակի քանակի դոլար՝ փորձելով զսպել դրա աճն ու դրամի արժեզրկումը։ Նման գործառնություններ իրականացնելիս ԿԲ-ն նախապես հայտարարություն է տարածում։ Վերջին  անգամ նման հաղորդագրություն տարածել է այս տարվա ապրիլին։ 

Հիշեցնենք՝ դոլարի թանկացման վերջին փուլը սկսվել էր 2020 թվականի սեպտեմբերին Արցախում սկսված պատերազմի ժամանակ, որը պայմանավորված էր ստեղծված անկայուն իրավիճակով։ 1 ԱՄՆ դոլարը միջինում 480-485 դրամի միջակայքից աստիճանաբար բարձրացավ՝ նոյեմբերին հատելով 500 դրամի շեմը։ Դրանից հետո ևս՝ մինչև այս տարվա ապրիլի կես, այն որոշակի տատանումներով շարունակեց բարձրանալ՝ ընդհուպ մինչև 537 դրամ։ 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter