HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սեդա Հերգնյան

Ինչպես հպարտանալ, երբ բյուջե մտնող հարկերը նվազում են

2021 թվականի հունվար-մարտ ամիսներին 2020 թվականի նույն ժամանակաշրջանի համեմատ՝ Հայաստանի պետական բյուջե հաշվեգրված հարկային եկամուտները նվազել են 16.1 միլիարդ դրամով կամ 4.6%-ով:

Հայաստանի իշխանությունները մոտ երեք շաբաթ առաջ, ի դեմս վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Պետական եկամուտների կոմիտեի (ՊԵԿ) նախագահ Էդվարդ Հովհաննիսյանի՝ կառավարության նիստին ու դրանից հետո մի քանի առիթով հայտարարեցին, որ բյուջեի հարկային եկամուտները այս տարվա առաջին եռամսյակում (2020թ. հունվար-մարտ) գերակատարվել են ավելի քան 22 մլրդ դրամով։

2021 թվականի պետական բյուջեն պլանավորելիս նախատեսվել էր հավաքագրել 305 մլրդ դրամ, հավաքագրվել է 332.9 մլրդ դրամ։ Այսինքն՝ սահմանված ցուցանիշը գերակատարվել է 27.9 մլրդ դրամով, որից էլ հանվում են Զինծառայողների ապահովագրության հիմնադրամին ուղղվող դրոշմանիշային վճարների գծով մուտքերը (5.6 մլրդ դրամ), և ստացվում է, որ հարկային եկամուտների պլանը գերակատարվել է 22.3 մլրդ դրամով:

Սա ներկայացվեց որպես տնտեսության տեսանելի ձեռքբերում։ 

Այնուհետև, ՊԵԿ նախագահ Էդվարդ Հովհաննիսյանը Հանրային հեռուստաընկերության եթերում փորձեց բացատրել, թե ինչով է պայմանավորված այդ «դրական լուրը»։ Եվ բացատրությունը հարկային մարմինների աշխատանքի արդյունավետության բարձրացումն էր՝ ստվերն են կրճատել։ 

Այդ ժամանակ ՊԵԿ-ը դեռ չէր հրապարակել բյուջեի եկամուտների առաջին եռամսյակի բացվածքը, որը թույլ կտար հասկանալ, թե իրականում ինչ է կատարվել։ Օրեր առաջ հրապարակվեցին այդ ցուցանիշները, և պարզվում է, որ այս տարվա առաջին եռամսյակում նախորդ տարվա նույն եռամսյակի համեմատ՝ բյուջեի հարկային եկամուտները նվազել են։  

Չնայած հարկային պլանն իսկապես առաջին եռամսյակում գերակատրվել է, սակայն ավելի քիչ հարկ է հավաքագրվել, քան նախորդ տարվա նույն եռամսյակում։ Բայց գերակատարման մասին խոսելիս թե՛ վարչապետը, թե՛ ՊԵԿ նախագահը այս մասին «մոռացել են»։

Առաջին եռամսյակում բյուջե հաշվեգրված հարկերը նվազել են 16.1 մլրդ դրամով կամ 4.6%-ով

Այսպես, ըստ Պետական եկամուտների կոմիտեի հրապարակած ցանկի՝ 2021 թվականի առաջին եռամսյակում պետական բյուջե է հաշվեգրվել 332.9 մլրդ դրամի հարկեր և տուրքեր։ 2020 թվականի նույն ժամանակաշրջանում այն կազմել էր 349 մլրդ դրամ։ Այսինքն՝ հարկերի ծավալը նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի համեմատ նվազել է 16.1 մլրդ դրամով կամ 4.6%-ով։

Հարկերի ծավալի անկումը տրամաբանական է։ Ավելի զարմանալի կլիներ, եթե հարկերն աճած լինեին, քանի որ այս տարվա առաջին երկու ամիսը համեմատում ենք նախորդ տարվա նույն երկու ամսվա հետ, երբ տնտեսությունը դեռևս չէր կրել ոչ կորոնավիրուսի, ոչ էլ պատերազմի հետևանքները։

Վիճակագրական կոմիտեն դեռևս չի հրապարակել այս տարվա առաջին եռամսյակի տնտեսական ակտիվության ցուցանիշը: Ամենաթարմը հունվար-փետրվարի տվյալներն են. 2021 թվականի հունվար-փետրվարին, նախորդ տարվա նույն ամիսների համեմատ, տնտեսական ակտիվության ցուցանիշը նվազել է 6.7%-ով։ 

Այս համատեքստում դրական դինամիկա է նկատվում միայն մարտ ամսվա կտրվածքով: Եթե 2020 թվականի մարտին հավաքագրվել է 117 մլրդ դրամ, ապա 2021-ի մարտին՝ 121.1 մլրդ դրամ։ Հիշեցնենք, որ նախորդ տարվա մարտից սկսած արդեն տնտեսությունը անկում էր ապրում։ Համավարակի տարածման պայմաններում տնտեսական մի շարք գործունեության տեսակներ սահմանափակվեցին, ինչը չէր կարող չազդել բիզնեսից ու բնակչությունից ստացվող  հարկերի վրա։ Այդ սահմանափակումները էլ ավելի խստացվեցին ապրիլին։ 

Վերադառնալով այս տարվա եռամսյակային ցուցանիշներին՝ նշենք, որ առավել մեծ ծավալի հարկային եկամուտներ են գոյացել ավելացված արժեքի հարկի (գոյացած հարկերի մոտ 35%-ը) և եկամտային հարկի գծով (33%-ը):

Համեմատաբար տեսանելի են նաև շահութահարկի, մաքսատուրքի և ակցիզային հարկի կշիռները։

ՊԵԿ-ի տվյալները ցույց են տալիս, որ բացի մաքսատուրքից, մյուս չորս հարկատեսակների գծով անկում է գրանցվել։ 

Առավել մտահոգիչ է հատկապես շահութահարկի գծով գրանցված 35.9% անկումը, ինչը վկայում է, որ բիզնեսը դեռևս չի վերականգնվել։ Այդ մասին է վկայում նաև շրջանառության հարկի ծավալի 13.4% նվազումը:

Ակցիզային հարկի գծով ևս էական անկում կա՝ 32%։ Իսկ եկամտային հարկից գոյացած հարկերը կրճատվել են 0.5%-ով։ 

Հարկատեսակներից յուրաքանչյուրի նվազումը պայմանավորված է տնտեսության այս կամ այն ճյուղի անկումով, սակայն ընդհանուր մեկ բացատրությունն այն է, որ տնտեսությունը դեռևս «ոտքի չի կանգնել»։ 

Տվյալներն առավել մանրամասն ներկայացված են այս ինֆոգրաֆիկայում։

13.2 մլրդ դրամ էլ կազմել է միասնական հաշվի մնացորդը:

Ինչպես երևում է, որոշ հարկատեսակների գծով աճ է գրանցվել։ Օրինակ՝ մաքսատուրքի, սոցիալական վճարի (կուտակային կենսաթոշակայի ֆոնդերին փոխանցված գումարներ), բնապահպանական հարկի և բնօգտագործման վճարների և այլն: Հատկապես տեսնալի է սոցվճարների աճը: Դրանք աշխատողների աշխատավարձերից կուտակային կենսաթոշակային համակարգին ուղղվող գումարներն են, որոնց պարտադիր դրույքաչափերն այս տարի բարձրացել են՝ 2.5%-ից դառնալով 3.5%:

Սակայն այս հարկատեսակների տեսակարար կշիռը հարկերի ընդհանուր ծավալում մեծ չէ, հետևաբար՝ ընդհանուր ցուցանիշի վրա այդ աճերը էական ազդեցություն չեն ունեցել։

Թե ինչպես և ինչ տեմպերով կշարունակվի հարկերի հավաքագրումը արդեն երկրորդ եռամսյակում, կախված կլինի տնտեսության ու բիզնեսի վիճակից։ Բոլոր դեպքերում Հայաստանի տնտեսությունը դեռևս չի վերականգնվել և կտրուկ դրական փոփոխություններ սպասելն անիրատեսական է։

Լուսանկարում՝ ՊԵԿ նախագահ Էդվարդ Հովհաննիսյանն ու Նիկոլ Փաշինյանը

Մեկնաբանություններ (2)

Սեդա Հերգնյան
Հարգելի ընթերցող, ձեր «վերլուծությունն» ու դիտարկումները խիստ վիճելի են: Միկրոձեռնարկատիրության համակարգը Հայաստանում գործում է 2020 թվականի հունվարի 1-ից, այսինքն՝ գործել է նաև 2020-ի հունվար-մարտին, որի հետ համեմատում ենք այս տարվա նույն ամիսները: Հետևաբար, այն չէր շրջանառության հարկի գծով ստացվող հարկային եկամուտների նվազման պատճառ լինել: Եկամտային հարկի մասով՝ դրույքաչափի նվազում է գրանցվել 23%-ից 22%, գրանցված աշխատողների թիվը եռամսյակայինը դեռս չկա ...
Yerevan2800
շրջանառության հարկի ծավալի 13.4% նվազումը: Ակցիզային հարկի գծով ևս էական անկում կա՝ 32%։ Իսկ եկամտային հարկից գոյացած հարկերը կրճատվել են 0.5%-ով։ Հարկատեսակներից յուրաքանչյուրի նվազումը պայմանավորված է տնտեսության այս կամ այն ճյուղի անկումով, Այս գրվածների մասով որ չեք կարում նորմալ վերլուծել, գոնե գրեք չենք կարողանում վերլուծել: Շրջանառության հարկի նվազումը պայմանավորվել է միկրոբիզնեսի հարկման համակարգի ներդրումով, ակցիզային հարկինը՝ այդ ապրանքների գծով դրույքաչափերի բարձրացմամբ, որը բերել է ենթաակցիզայինների պահանջարկի նվազման, եկամտային հարկինը գրանցված աշխատողների թվի կրճատմամբ, շահութահարկինը՝ նաև դրույքաչափի նվազմամբ:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter