HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սեդա Հերգնյան

Առնվազն 7% տնտեսական աճ, 10%-ից ցածր գործազրկություն. կառավարության ծրագրի տնտեսական թիրախները

Մինչև 2026 թվականը Հայաստանի կառավարությունը թիրախավորել է տարեկան նվազագույնը 7% տնտեսական աճ ապահովել, գործազրկության մակարդակը դարձնել 10%-ից ցածր։  

Այս մասին նշված է Կառավարության 2021-2026թթ. գործունեության ծրագրում։  Գործադիրը երեկ՝ օգոստոսի 19-ին, հաստատել է ծրագիր։ Այն դեռ պետք է քննարկվի նաև Ազգային ժողովում։

Կառավարության ծրագրիը բաղկացած է վեց բաժնից՝ անվտանգությունից, տնտեսությունից մինչև արդարադատություն։

Տնտեսության հատվածը ամենածավալուններից է։ Հատկանշական է, որ ապագայի ծրագրերից առաջ կառավարությունը պնդում  է, որ 2020 թվականի համավարակի ու պատերազմի հարվածներից հետո Հայաստանի տնտեսությունը վերականգնվել է։ Որպես ասվածի «ապացույց» ներկայացնում է, որ աշխուժացել է աշխատաշուկան, հարկերը պլանավորվածից շատ են հավաքագրվում և այլն։ Եվ ոչ մի խոսք, օրինակ, բարձր գնաճի մասին։

Հիշեցնենք, որ 2020 թվականին Հայաստանում 7.4% տնտեսական անկում է գրանցվել։ Իսկ գործազրկության մակարդակը, Վիճակագրական կոմիտեի ամենաթարմ տվյալներով, 2021 թվականի առաջին եռամսյակի դրությամբ 17% է։ Այսինքն՝ կառավարությունը մտադիր է առաջիկա հինգ տարիներին առնվազն  7 տոկոսային կետով նվազեցնել գործազրկության մակարդակը։

Կառավարությունը խոստանում է բարելավել գործարար և ներդրումային միջավայրը։ 

Տնտեսական քաղաքականության թիրախներին հասնելու համար անհրաժեշտ է լինելու ներդրում/ՀՆԱ հարաբերակցությունը հասցնել առնվազն 25%-ի։ Շեշտադրվում են որակյալ, գիտելիքահենք ներդրումային ծրագրերը:

«Կառավարության ներդրումային քաղաքականության նպատակներից են առնվազն ԵԱՏՄ, հարևան և տարածաշրջանի երկրների համեմատ լավագույն, առավել ճկուն ներդրումային դաշտի ձևավորումը՝ ազատ ու հավասար մրցակցության, ինչպես նաև կանխատեսելիության իմաստով և առաջնային դիրքի պահպանման նպատակով դրա շարունակական բարելավումը»,- նշված է ծրագրում։

Գործարար և ներդրումային միջավայրի բարելավման համար կառավարության առաջնահերթ նպատակներն են կապիտալի և ֆինանսական միջոցների հասանելիության բարձրացումը, գործարար և աշխատանքային հարաբերությունների ճկունության բարձրացումը, ենթակառուցվածքների ու ռեսուրսների հասնելիության բարձրացումը, ինչպես նաև ռիսկերի նվազեցումը առաջնահերթ ծրագրերի համար, տնտեսության թվայնացման և  տեղեկատվության հասանելիության մակարդակի բարձրացումը։ 

ՓՄՁ զարգացում

Կառավարությունը խոստանում է ընդլայնել սկսնակ ձեռներեցների աջակցության գործիքակազմը՝ նորարար ձեռներեցների համար զգալիորեն բարձրացնելով ֆինանսների, ձեռնարկատիրական հմտությունների ու կապերի, ինչպես նաև գիտելիքի հասանելիությունը։ «Կառավարությունը ակտիվորեն աջակցելու է ՓՄՁ–ների զարգացմանը՝ 5 տարիների ընթացքում ՓՄՁ–ների մասնաբաժինը ՀՆԱ–ում հասցնելով 55%–ի»,- նշված է ծրագրում։

Գյուղատնտեսություն, զբոսաշրջություն

Գյուղատնտեսության արտադրողականության բարձրացմանը նպաստելու, ջրային ռեսուրսները արդյունավետ կառավարելու և ոլորտը զարգացնելու համար կառավարությունը նպատակադրել է յուրաքանչյուր տարվա ընթացքում ինտենսիվ այգիներն ավելացնել 1000 հեկտարով, առաջիկա 5 տարիներին ներդնել գյուղատնտեսական մշակաբույսերի ամբողջական ապահովագրությունը, շարունակել սուբսիդավորել ապահովագրավճարի 50-60%-ը և այլն։

Ծրագրում ներկայացված են  քայլեր, որոնք ըստ կառավարության, ապահովելու են գյուղատնտեսության զարգացումը։ Գյուղատնտեսության ոլորտի ծավալների, տարեկան աճի վերաբերյալ թվային թիրախներ չկան ծրագրում։ 

Նախատեսվում է 5 տարի ժամկետով ամբողջությամբ փոխհատուցել ոռոգման ջրի վարձավճարը մինչև 3 հեկտար հողատարածքներում կաթիլային և անձրևացման ոռոգման արդի համակարգերի ներդրման դեպքում, շարունակել գյուղատնտեսական տեխնիկայի լիզինգի օժանդակության ծրագիրը։ 

Փոխարենը ցուցանիշներ կան զբոսաշրջությանը վերաբերող հատվածում։ Նպատակ է դրված մինչև 2026 թվականը Հայաստան միջազգային այցելությունների թիվը հասցնել 2.5 միլիոնի։ Թեև ծրագրում չի շեշտվում, սակայն ենթադրում է, որ խոսքը տարեկան այցելությունների մասին է։ Համեմատության համար նշենք, որ օրինակ 2019 թվականին, Հայաստան է ժամանել մոտ 1.9 մլն միջազգային զբոսաշրջին։ Սակայն, 2020-ին տեղի ունեցած իրադարձությունների ֆոնին այդ թիվը կտրուկ նվազել՝ հասնելով մոտ 328 հազարի։

Որոշակի անելիքներ են առանձնացված զբոսաշրջության զարգացման ուղղությամբ։ Նշվում է, որ նոր երկրների զբոսաշրջային շուկաների գրավմանն ուղղված մարքեթինգային միջոցառումների բյուջեն ավելացվելու է, բարեկարգվելու են առնվազն 20 զբոսաշրջային վայրեր, մեծացվելու է դեպի Հայաստան և  Հայաստանից չվերթ իրականացնող ավիաընկերությունների թիվը և այլն։ 

Արտաքին տնտեսական քաղաքականություն և  արտահանման խթանում

Արդյունաբերությունը խթանելու համար կառավարությունը խոստանում է նպաստել տեղական և ԵԱՏՄ անդամ արդյունաբերական ընկերությունների միջև կոոպերացիոն կապերի զարգացմանը, ընդլայնել արտահանման ապահովագրության գործիքակազմը, նպաստել ԵՄ-ի հետ պայմանավորվածությունների արդյունավետ իրականացումը և այլն։

Մշակող արդյունաբերություն, կանաչ տնտեսություն

Կառավարությունը թիրախավորել է առաջիկա հինգ տարիներին մշակող արդյունաբերության դերը Հայաստանի ՀՆԱ-ի մեջ հասցնել առնվազն 15%՝ ներկայիս 12.4%-ի փոխարեն։ Դրան հասնելու համար որոշակի քայլեր են նշված ծրագրում, օրինակ, հիմնվելով մասնավոր հատվածի պահանջարկի վրա, տարեկան պատրաստվելու և վերապատրաստվելու է մշակող արդյունաբերության շուրջ 2000 մասնագետ:

Եռամսյա ժամկետում Կառավարությունը կհրապարակի արդյունաբերական զարգացման գերակա 5 ոլորտների ցանկ։ 

Ծրագրում առանձնացված է նաև կանաչ տնտեսության գաղափարը։ Սա առաջին հերթին ենթադրում է, որ էլեկտրաէներգիայի արտադրության կառուցվածքում բնական գազի դերը պետք է շարունակաբար նվազեցնել՝ փոխարինելով այն վերականգվող և  այլընտրանքային էլեկտրական էներգիայի աղբյուրներով։ 

Բարձր տեխնոլոգիաներ, ռազմարդյունաբերություն, թվայնացում, հեռահաղորդակցություն, փոստային կապ

Առաջիկա հինգ տարիների գործունեության ծրագրում կառավարությունն առանձնացրել է նաև այս ոլորտները։ Հայտարարվում է, որ մշակվելու է բարձր տեխնոլոգիական ոլորտի զարգացման ռազմավարություն։ 

Բարձր տեխնոլոգիաների ոլորտում մինչև  2026 թվականը կառավարությունը նախատեսում է ունենալ շուրջ 35 հազար զբաղվածներ և  ոլորտի շրջանառությունը հասցնել 500 մլրդ դրամի, որը կկազմի ՀՆԱ-ի 6-7%-ը։ 2020 թվականի տվյալներով այս ցուցանիշը 4% է։ Գործադիրի հաշվարկներով՝ Հայաստանում կստեղծվի առնվազն 16 հազար նոր աշխատատեղ բարձր տեխնոլոգիաների ոլորտում։

«Կառավարությունը խթանելու է ռազմարդյունաբերական համալիրի զարգացումը՝ հիմնված հայաստանյան գիտահետազոտական ներուժի և  միջազգային փորձի վրա»,- նշված է ծրագրում։

Կարևորվում են նաև թվայնացումը, փոստային կապի, հեռահաղորդակցության ոլորտների զարգացումը, օրինակ՝  նախատեսվում է հանրապետության քաղաքային և  գյուղական բնակավայրերի առնվազն 80%-ում լայնաշերտ (օպտիկամանրաթելային) կապով և պետական թվային ծառայությունների հասանելիությամբ ապահովում։ 

Քաղաքաշինություն

Առաձին հատվածներով ծրագրում ներկայացված են քաղաքաշինության, ինչպես նաև՝ բնական ռեսուրսների կառավարման ոլորտում նախատեսվող անելիքները։ 

Ծրագրված է մինչև 2024 թվականի տարեվերջ քաղաքաշինական թույլտվությունների գործընթացն ամբողջությամբ իրականացնել քաղաքաշինական բնագավառի պետական կառավարման լիազորված մարմնի առցանց համակարգի միջոցով։ 

Գործադիրը խոստանում է զգալիորեն կրճատել քաղաքաշինական թույլտվությունների տրամադրման փուլերը և խստագույնս պահպանել այդ թույլտվությունների տրամադրման ժամկետները, բովանդակային իմաստով վերանայել թույլտվություն պահանջող գործողության շրջանակը, ներդնել շինարարության նոր տեխնոլոգիաներ և ոլորտը կարգավորող այլ քայլեր անել։

Կարևորվում է շենքերի և  շինությունների հուսալիությունը և  սեյսմակայունությունը բարձրացնելը, էներգաարդյունավետությունն ապահովող միջոցառումների ներառելը։

Բնական ռեսուրսների կառավարում

Ընդերքի ողջամիտ և համալիր օգտագործումն ապահովելու, բնական պաշարների գերշահագործումը բացառելու նպատակով Կառվարությունը խոստանում է հանքարդյունաբերության ոլորտի զարգացման ռազմավարություն մշակել։

Նախատեսվում է համայնքների նկատմամբ սոցիալական պարտավորությունների պահանջը հստացնել, օգտակար հանածոների պաշարների շարժի վերաբերյալ հաշվետվողականության պահանջների  վերանայել և բազմաթիվ այլ քայլեր անել։

Ծրագրում կազմակերպությունների կամ օբյեկտների ուղղված հատվածներ քիչ են հանդիպում։ Այդ առումով հատկանշական է Ամուլսարին առնչվող հատվածը։ Կառավարությունը մտադիր է հանգուցալուծել Ամուլսարի հարցը։

«Ընդերքօգտագործման գործող իրավունքների շրջանակում հանքավայրերի արդյունավետ շահագործման ապահովում, Ամուլսարի հարցի հանգուցալուծման աշխատանքների իրականացում»,- նշված է բնական ռեսուրսների կառավարման քայլերի շարքում, սակայն այլ մանրամաներ չկան։ 

Աշխատանք, սոցիալական ապահովություն

Կառավարությունը խոստանում  քայլեր է ձեռնարկելու մինչև  2026 թվականը՝

  • նվազագույն կենսաթոշակի և  կենսաթոշակի միջին չափերը հավասարեցնել, համապատասխանաբար` պարենային և  սպառողական զամբյուղների արժեքներին,
  • նվազագույն աշխատավարձը սահմանել 85 000 դրամ՝ ներկայիս  68 հազար դրամի փոխարեն,
  • վերացնել ծայրահեղ աղքատությունը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter