HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Տրդատ Մուշեղյան

«Ղարաբաղ Տելեկոմի» վրա հաքերային հարձակումների մասին «Հետքի» հոդվածի հիման վրա քրեական գործ է հարուցվել

44-օրյա պատերազմի ընթացքում ադրբեջանցիների կողմից «Ղարաբաղ Տելեկոմի» սերվերների պահուստաին պատճենները ջնջելու մասին «Հետքի» հրապարակման հիման վրա Արցախի Հանրապետության (ԱՀ) գլխավոր դատախազությունում քրեական գործ է հարուցվել՝ ԱՀ քրեական օրենսգրքի 264-րդ հոդվածի 3-րդ մասով և 265-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետով նախատեսված հանցագործության հատկանիշներով: Այս մասին հայտնում է ԱՀ դատախազության մամուլի ծառայությունը։

Հիշեցնենք՝ 2021թ․ օգոստոսի 7-ին մեր հրապարակած հոդվածում գրել էինք, որ ադրբեջանական կողմի հաքերային հարձակումներից խաթարվել էր Արցախի կապի օպերատոր «Ղարաբաղ Տելեկոմի» սերվերների օպերացիոն համակարգերի բնականոն աշխատանքը, ինչպես նաև ջնջվել նշված սերվերների պահուստային պատճենները, ինչի հետևանքով դադարել էր ընկերության կողմից կապի ծառայությունների մատուցումը։

Այդ հրապարակումից օրեր անց՝ օգոստոսի 10-ին, Արցախի Հանարապետության դատախազությունը Արցախի ազգային անվտանգության ծառայությանը (ԱԱԾ) հանձնարարել է ստուգել հոդվածի մեջ ներկայացված դեպքի հանգամանքները:

Այսօր՝ օգոստոսի 20-ին, Արցախի դատախազությունը ԱԱԾ-ի ձեռնարկած միջոցառումների արդյունքների մասին հաղորդագրություն է տարածել, որում ասվում է հետևյալը․

«2020թ. սեպտեմբերի 27-ին ժամը 00:00-ի սահմաններում, անհայտ անձը (անձինք), չունենալով Արցախի Հանրապետության տարածքում կապի և համացանցի ծառայություն մատուցող «Ղարաբաղ Տելեկոմ» ՓԲ ընկերության համակարգչային համակարգ և ցանց մուտք գործելու թույլտվություն, համակարգչային տեղեկատվությունը կամ ծրագրերը ոչնչացնելու, ուղեփակելու կամ ոչ պիտանի վիճակի բերելու և համակարգչային տեղեկատվությանն ապօրինի տիրանալու նպատակով 27.09.2020թ. ժամը 00:00-ից համակարգչային DDOS հարձակումներ է գործել «Ղարաբաղ Տելեկոմ» ՓԲԸ սերվերային ցանցի վրա և ապօրինի մուտք գործել համակարգչային համակարգ, հարված հասցրել ընկերության վիրտուալ համակարգին, դիտավորությամբ խափանել սերվերների գործունեությունը, ջնջել տեղեկատվական համակարգում պահվող տեղեկությունները, շարքից հանել բջջային կանխավճարային համակարգը` խափանելով կանխավճարային հեռախոսահամարներից կատարվող հեռախոսազանգերի տևողության և վճարի չափի հաշվարկման համակարգչային գործընթացը, ինչպես նաև ապօրինի տիրացել նույն ընկերության համակարգչային համակարգում պահվող տեղեկատվությանը, ինչի հետևանքով առաջացել են ծանր հետևանքներ»։

Արցախի դատախազությունը հայտնել է նաև, որ «Ղարաբաղ տելեկոմ» ՓԲԸ-ի հետ կնքված ծառայությունների մատուցման վերաբերյալ պայմանագրերի շրջանակում ընկերության համակարգչային համակարգ մուտք գործելու թույլտվություն ունեցել էին օտարերկրյա երեք քաղաքացի և միջազգային մեկ կազմակերպություն:

Կատարվածի առթիվ՝ օգոստոսի 19-ին հարուցվել է քրեական գործ ԱՀ քրեական օրենսգրքի 264-րդ հոդվածի 3-րդ մասով և 265-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետով նախատեսված հանցագործության հատկանիշներով: Նշենք, որ ըստ Արցախի Հանրապետության քրեական օրենսգրքի՝ 264-րդ հոդվածը վերաբերում է համակարգչային սաբոտաժին, իսկ 265-րդը՝ համակարգչային տեղեկատվությանն ապօրինի տիրանալուն։

Հիշեցնենք, որ 2020թ․ հոկտեմբերի 2-ին Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանի որոշմամբ՝ «Ղարաբաղ Տելեկոմի» կառավարման լիազորություններն անցան պետությանը։ 

Մինչև կառավարումը պետական դարձնելը «Ղարաբաղ Տելեկոմ» ՓԲԸ-ի գլխավոր տնօրենը Կարեկին Օդաբաջյանն էր։ Նախքան դատախազության հաղորդագրությունը՝ կապվել էինք նաև Կարեկին Օդաբաջյանի հետ՝ նրանից լրացուցիչ տեղեկություններ ճշտելու նպատակով, սակայն նա ասաց, որ ծանոթ է մեր հրապարակմանը և ավելացնելու ոչինչ չունի։

Հավելենք, որ «Հետքը» շարունակում է ուսումնասիրել «Ղարաբաղ Տելեկոմի» վրա ադրբեջանական հաքերային հարձակումների պատմությունը։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter